Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում ժամանակը երկու օրով կանգ էր առել: Իսկ հեռվում գյուղի կիսավեր դպրոցի պատերն արձագանքում էին երաժշտությանը, որովհետև շուտով, շնորհիվ River Fest 2013-ի, դպրոցը կբարեկարգվի:
1966-ի օգոստոսի 15-18-ը ԱՄՆ Նյու Յորք նահանգի ֆերմաներից մեկը մարդաշատ էր: 500 000 երիտասարդ երաժշտասեր, թողնելով առօրյա հոգսերն ու կտրվելով աշխարհից, հավաքվել էր Բեթել գյուղաքաղաքում: Ռոքի սերունդն այդ երեք օրերի ընթացքում ապացուցեց, որ հնարավոր է մոռանալ առօրյա գաղջն ու վայելել գաղափարակիցների ներկայությունը, պարզապես ուրախ ժամանակ անցկացնել` հիմք դնելով աշխարհի ամենաըմբոստ միջոցառումներից մեկին՝ Վուդսթոքյան փառատոնին:
Էլեկտրական ու բաս կիթառների ձայնով արդար ու հավասար հասարակարգի կողմնակիցները բոլորին հասանելի` նոտաների լեզվով հաղորդագրություններ էին տարածում: «Մեսիջները», հաղթահարելով ժամանակի ու տարածության սահմանները, մինչև օրս էլ հոսում են մարդկային հասարակության արյունատար համակարգով՝ անհրաժեշտ թթվածին մատակարարելով մարդկության օրգանիզմի ամենահյուծված հատվածներին: Ռոքահաբը միշտ հասնում է դրա կարիքն ունեցողներին: Այս անգամ այդ հաբի կարիքն ուներ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոցը:
Հայրենադարձ երաժիշտ Սարո Հասասյանն այդ դպրոցի շրջանավարտներից է: Ոգեշնչվելով Վուդսթոքից՝ Սարոն իր երաժիշտ ընկերների հետ օգոստոսի 2-ից 3-ը Գետամեջի իրենց այգում կազմակերպեց River Fest-ը կամ Գետի փառատոնը: Երկօրյա փառատոնն իր տեսակի մեջ առաջին անգամ էր Հայաստանում կազմակերպվում: Մասնակիցներին Երևանից միկրոավտոբուսներով տեղափոխեցին Գետամեջ, որտեղ նրանց վրաններ ու քնապարկեր բաժանեցին: Երեկոյան սկսվեց բուն համերգը, որը տևեց մինչև կեսգիշեր: Կեսգիշերն անց փառատոնի մասնակիցները խարույկներ վառեցին, ու շարունակեցին երգել ու նվագել մինչև ուշ գիշեր: Երկրորդ օրը նշանավորվեց ևս մեկ համերգով:
River Fest 2013-ին մասնակցում էին տասից ավելի ռոք խմբեր: «Բամբիռը», «Որդան Կարմիրը», «Լեյլոն և ընկ.-ը» և մյուսները կատարեցին ինչպես արդեն սիրված, այնպես էլ նոր երգեր:
Գետամեջի քամին ռոք էր լսում: Կարծես վարակվելով մասնակիցների խելառությամբ, իրեն զարկում էր պատեպատ: Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում ժամանակը երկու օրով կանգ էր առել: Իսկ հեռվում գյուղի կիսավեր դպրոցի պատերն արձագանքում էին երաժշտությանը, որովհետև շուտով, շնորհիվ River Fest 2013-ի, դպրոցը կբարեկարգվի: