01 Օգոստոս 2013, 12:15
1201 |

Հակաբզեզային միջոց

Շուրջ մեկ տարի համացանցում գործող CityBugs.am կայքը երևանցիներին հնարավորություն է տալիս իրենց թաղամասի խնդիրները բարձրաձայնել, դրանց շուրջ քննարկումներ կազմակերպել և լուծումներ ակնկալել: Կայքի գաղափարի մասին ավելի մանրամասն պատմում է ծրագրի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը:

Կայքի գաղափարը ծագեց նախանցած տարի դեկտեմբերին Hackathon YAN ծրագրավորման մրցույթի նախապատրաստման ընթացքում: Այս մրցույթն իրականացնում էր «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը»՝ Հանրային լրագրության ակումբի ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Մրցույթի նպատակն էր ստեղծել վեբ կայքեր և մոբայլ հավելվածներ, որոնք կհեշտացնեին երևանցիների կյանքը և ինովացիոն լուծումներ կառաջարկեին: 24 ժամ տևող մրցույթի ընթացքում քաղաքապետարանում հավաքված թիմերն աշխատում էին մի շարք հետաքրքիր ու նորարար կայքերի ու ծրագրերի ստեղծման վրա: XTech ընկերության թիմը մասնակցում էր մրցույթին երկու գաղափարով. առաջինը CityBugsի միտքն էր, որը 24 ժամվա ընթացքում արդեն աշխատում էր դեմո տարբերակով, մյուսը՝ Kinect հավելվածներն էին, որոնք նախատեսված էին մանկապարտեզ հաճախող երեխաների համար: Ցավոք, այդ գաղափարը կիսատ մնաց, բայց CityBugsը մի քանի այլ նախագծերի հետ արժանացավ ժյուրիի հավանությանը: Ժյուրիի անդամների մեջ էր «Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչը, ով առաջարկեց կայքի գաղափարը կյանքի կոչել: Հունվարին ներկայացրինք նախագիծն ավելի մանրամասն, իսկ մարտին արդեն իմացանք, որ ֆինանսավորում ենք ստացել: Վերջնականապես կայքը կյանքի կոչվեց «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում, USAIDի, Internewsի և Eurasia Partnership Foundationի ֆինանսական աջակցությամբ: Նախագծի հիմնադիրը Արման Աթոյանն է:

Ամառվա սկզբից սկսեցինք ծրագրավորել, իսկ սեպտեմբերին արդեն կայքը պատրաստ էր: Մոտ մեկ ամիս այն թեստավորեցինք, փոփոխություններ արեցինք, փորձեցինք մարդկանց ավելի հասանելի դարձնել: Ի դեպ, պատահական չէ կայքի անունը՝ CityBugs: «Բագ» բառը նշանակում է ծրագրային սխալ, որը, սակայն, լուծելի սխալ է: Ծրագրավորողը ծրագիր գրելուց չի կարող այն ամբողջովին անթերի գրել, ընթացքում առաջանում են խնդիրներ՝ բագեր, որոնք շտկվում են հետագայում: Այս տերմինը փորձեցինք կիրառելի դարձնել քաղաքի համար՝ տեսնում ենք սխալը, շտկում ու շարժվում առաջ:

Կայքի ստեղծման համար ոչինչ չէինք խնայել՝ օգտագործել էինք ամենավերջին տեխնոլոգիաները, որպեսզի կարողանայինք միջազգային շուկա դուրս գալ: «Այբ» ավագ դպրոցում կայքի շնորհանդեսին զուգահեռ կազմակերպվեց հանրային քննարկում, որպեսզի մայրաքաղաքի կյանքով մտահոգված ու այն ավելի լավը դարձնել ձգտող քաղաքացիները կարողանային ներկայանալ առաջարկներով: Քննարկումից հասկացանք, որ շատ մարդիկ են ցանկանում լավ ու գեղեցիկ քաղաքում ապրել: Կայքի կարգախոսն էլ հենց այդպիսին է՝ «դարձնել մեր քաղաքն ավելի լավ տեղ ապրելու համար»: Կայքի ստեղծման առանցքային նպատակը քաղաքային խնդիրներին հասարակական հնչեղություն տալն ու հասարակությանն այդ խնդիրների լուծման մեջ ներգրավելն է: Քաղաքային խնդիրների բարձրաձայնման վիրտուալ տիրույթը նպատակ ունի նաև համագործակցել այն կառույցների հետ, որոնք պատասխանատու են քաղաքի տարբեր ոլորտների համար:

Բացումից հետո կայքը մոտ 10001500 այցելու ունեցավ: Կայքը բաժանել ենք տասը ոլորտների՝ առողջապահություն, աղբահանություն, բնապահպանություն, մշակույթ, կոմունալ տնտեսություն, կրթություն, շինարարություն և բարեկարգում, սոցիալական ապահովություն, տրանսպորտ, քաղաքաշինություն և այլն: Մենք բագերը ֆիլտրացիայի ենք ենթարկում, որովհետև մեծ է սպամի վտանգը: Առաջին մեկերկու ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից գրանցվեց ավելի քան հարյուր բագ, ամենաշատը շինարարություն և բարեկարգում բաժնում՝ երեք տասնյակից ավելի:

Բացի խնդիրներից՝ կայքում հնարավոր է ավելացնել նաև առաջարկություններ: Բոլոր խնդիրները երևում են քարտեզի վրա, որոնց կողքին երևում են նաև առաջարկությունները: Բացի խնդիրը գրելուց, կայքում հնարավոր է նկար և վիդեո տեղադրել: Մենք ունենք մի քանի կամավորներ, ովքեր հետևում են բագերի ճշգրտությանն ու հավաստիությանը:

Քաղաքապետարանը տեղյակ է կայքի մասին, գոհ է աշխատանքներից և ուրախ է, որ նման նախաձեռնություն կա: Մենք քաղաքապետարանին առաջարկել էինք համագործակցել ու արդեն նոյեմբերից Երևանի քաղաքապետարանն ու CityBugsը համագործակցում են: Քաղաքացիների գրած բագերը կփոխանցվեն քաղաքապետարան և կստանան «հանձնված է քաղաքապետարան» կարգավիճակը, իսկ լուծումից հետ կստանան «լուծված է» կարգավիճակը:

Ի դեպ, կայքի պատրաստումից հետո՝ բոլոր ֆինանսական հարցերը մեր ուժերով ենք լուծում: Կայքը շահույթ չի հետապնդում, գովազդ կտրականապես չենք տեղադրում՝ չենք ցանկանում այն բիզնեսի վերածել: Կայքը հասանելի է սմարթֆոններով և պլանշետներով: Աշխատում ենք կայքի մոբայլ հավելվածների վրա՝ դիզայնն արդեն պատրաստ է: CityBugsը դեռևս աշխատում է միայն Երևանի համար, բայց համակարգն այնպիսին է, որ կարող ենք այլ քաղաքներ էլ ավելացնել: Չէ՞ որ բագեր կան ոչ միայն մեր մայրաքաղաքում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով