11 Հուլիս 2013, 09:51
1650 |

«Ոսկե ծիրան». օր չորրորդ

Թվում էր՝ արդեն փակման արարողությանն ենք ներկա, բայց դրանք մրցանակներ էին կինոարվեստի մեջ ներդրած ավանդի, կինոփառատոնին աջակցելու և շատ այլ արժանիքների համար:

«Ոսկե ծիրանի» չորրորդ օրն իսկապես կարելի է ֆիլմերի դիտման օր անվանել: Առավոտյան սկսվեցին կարճամետրաժները: Առաջինը Հարութ Շատյանի «Մարաթոնն» էր՝ նրա երկրորդ ֆիլմը «Բեռնելով կյանքս»-ից հետո, որը, ի դեպ, 3 մրցանակ շահեց 2011-ի «Ոսկե ծիրանում»: Մեկ պլանով նկարահանված կինոնկարի դիտումը նախատեսված էր ժյուրիի անդամների համար, այնպես որ չէի կարող ընթացքում աչքի պոչով չհետևել նաև նրանց արձագանքին՝ հասկանալու համար՝ այս տարի էլ Շատյանը «ծիրան» կտանի, թե ոչ: «Մարաթոնին» հաջորդեց «Ալխաս և Ջուլիետ» աբխազական կատակերգությունը, որի մասին ասելու ոչինչ չունեմ, ճիշտ այնպես, ինչպես հանգուցյալի մասին՝ կամ միայն լավը, կամ ոչինչ: Իսկ ահա երրորդ կարճամետրաժ ֆիլմը Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկությունն» էր: Արցախյան պատերազմի ժամանակ ծավալվող դեպքերի մասին պատմող ֆիլմը փառատոնի ընթացքում առաջինն էր, որ ստիպեց արտասվել, ավելին՝ հեկեկալ: Գուցե թեման էր ինքնին դրամատիկ, բայց ավելի շատ հակված եմ մտածել, որ ինձ գերեց գլխավոր դերասանուհու՝ փոքրիկ աղջնակի խաղը: Գերեցին նաև գրագետ կազմակերպված տեսարանները, կտավի պես կատարյալ հորինվածքով կադրերն ու մատուցման էսթետիկան: Շատերի համոզմամբ՝ վստահաբար մրցանակ է տանելու, թեև սցենարն այնքան տպավորիչ չէր, որքան կարող էր լինել:

15:00-ին «Նաիրի» կինոթատրոնում ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի վարպետության դասն էր: Ճանապարհին մի պահ կանգ առա՝ որքան հնարավոր է հարգալից ժպիտով ողջունելու Աբովյան փողոցով զբոսնող մաեստրո Փելեշյանին: Օ, երջանկություն, նա ի պատասխան նույնպես թեթևակի ժպտաց: Երջանիկ-երջանիկ շտապեցի հարևան կինոթատրոն: Վարպետության դասի առաջին 5 րոպեներից հետո արդեն պարզ էր, որ ճանապարհին Փելեշյանին հենց այնպես չեմ հանդիպել, պարզապես ի տարբերություն նրա, Ռեջիոն սիրում է խոսել, շփվել հանդիսատեսի հետ: Երբ նա որոշեց ներկայացնել մի դրվագ իր նոր ֆիլմից, որի պրեմիերան տեղի է ունենալու Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում, հիացմունքից ծնոտս կախվեց: «Այցելուները» խորագրով սև-սպիտակ կինոնկարը ուղեկցվում էր մինիմալիստական կոմպոզիտոր Ֆիլիպ Գլասի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտությամբ և ամբողջովին կլանում էր իր պատկերի պարզությամբ ու ինքդ քեզ յուրաքանչյուր «այցելուի» մեջ տեսնելու ձգտումով: 73-ը բոլորած Ռեջիոն 30-ամյայի աշխուժությամբ էր խոսում մարդու, բնության և տեխնոլոգիաների փոխկապակցության վերաբերյալ իր տեսության մասին, իսկ համեմատելով 6 տարի առաջ և այսօր տեսած Երևանը՝ կատակեց, թե Երևանն աստիճանաբար դառնում է լոսանջելոսացման ստրուկը: Դահլիճի ծափահարություններն ի նշան համաձայնության չուշացան:

17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում մեկնարկեց «Քույր փառատոններ» ծրագիրը՝ հարավկորեական «Բուսան» միջազգային կինոփառատոնի հետ համատեղ: Ծրագիրը բացվեց երիտասարդ ռեժիսոր Միրա Ֆորնայի «Իմ մարդասպան շունը» ֆիլմի ցուցադրությամբ, որն ընդհատվեց և վերսկսվեց 8-րդ րոպեին՝ ենթագրերը սխալ դնելու պատճառով. սովորական երևույթ փառատոնների ժամանակ: Ֆիլմը պատմում էր մի երիտասարդի մասին, որն ապրում է հոր և խուլիգան ընկերների հետ, բայց նրա լավագույն ընկերը շունն է: Մինչև իրադարձությունները կզարգանային, որոշեցի 18-ամյա երիտասարդի դրաման կիսատ թողնել և դիտել երկու կարճամետրաժ ֆիլմ:

18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Փոքր դահլիճ 1-ում ցուցադրվեց Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը»: Ավանդաբար մոտ 10 րոպե տևած խոտանները շտկելուց հետո վերջապես կարողացանք դիտել հանրահայտ դերասանների մասնակցությամբ ֆիլմը: Ուղերձը բարոյական էր. մի՛ մորթեք գառներին, բայց թողեց տպավորություն չափազանց կոկիկ, «ռետուշված» ու լավագույններին մի տեղ հավաքած ֆիլմի, որի գերնպատակը մրցութային ծրագրին մասնակցելն էր: Այն անգամ ոչ կոմերցիոն անվանելն էր դժվար: Իսկ ահա դրանից հետո ցուցադրված ռեժիսոր Ադրինե Գրիգորյանի երկրորդ աշխատանք «Բավական» վավերագրական ֆիլմը շատ ավելի լուրջ սոցիալական խնդիր էր բարձրացնում՝ արհեստական վիժում սեռային հայտանիշով: Ֆիլմի վերնագիրը արձագանքում էր մի քանի տասնամյակ առաջ տարածված երևույթի. երբ ընտանիքում երկու և ավելի աղջիկ էր ծնվում, վերջինի անունը Բավական էին դնում, որպեսզի այլևս աղջիկ չծնվի:

Տեխնիկական խոտանները շտկելն այնքան ժամանակատար էր, որ մարեց վերջին հույսս՝ գոնե կեսից մուտք գործելու Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմի վերջին ցուցադրությանը: 15 րոպե մլոլ տալուց հետո որոշեցի դիտել Չալդրանյանի ֆիլմի հետ Խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացված մեկ այլ կինոնկար՝ իրանցի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարի «Փարվիզը»: Գլխավոր դերում հանդես է եկել հայազգի դերասան Լևոն Հաֆթվանը, որը հանդիսատեսին ողջունեց հայերեն, պարսկերեն, անգլերեն և անգամ ռուսերեն՝ մոլորության մեջ նետելով նրա կողքին կանգնած պարսկերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանող օրիորդներին: 10 րոպե անց կյանքի անիվը փոխվեց՝ մոլորության մեջ հայտնվեցին հենց դերասանն ու ռեժիսորը. ֆիլմի կորչող պատկերն ու ընդհատումները մի պահ այն աստիճան զզվեցրին, որ ֆիլմի անձնակազմը դուրս եկավ՝ կամ պարզելու պատճառները, կամ էլ իրենց դժգոհությունը հայտնելու: Երբ խոտաններն դադարեցին, և հնարավոր եղավ դիտել ֆիլմը, տեսանք պատմություն Փարվիզ անունով 50-ամյա մի տղամարդու մասին: Նա դեռևս ապրում է հոր հետ, բայց ոչ այնքան հաշտ: Իրավիճակը սրվում է, երբ հայրը որդուն հայտնում է, որ մտադիր է նորից ամուսնանալ և դուրս է վռնդում որդուն՝ հայրական ջերմ օջախը նրա համար փոխարինելով իր միջոցներով վարձակալած մի խղճուկ բնակարանով: Փարվիզի համար դժվար է ապրել այդ նոր, միայնակ կյանքով՝ գտնվելով հարևաններից և իր ճանաչած մարդկանցից հեռու: Այդ իսկ պատճառով նա յուրօրինակ ու դաժան ուղի է գտնում՝ իր հանդեպ գործված անարդարության դեմ պայքարելու: Ի դեպ՝ Իրանում այս ֆիլմը արգելված է, և շատերն են համաձայնում, որ այն արժանի է մրցանակ շահելու առնվազն ռեժիսորի համարձակության և արգելված թեմաներ բավականին վարպետորեն շոշափելու, և 50-ամյա միայնակ տղամարդու անձնական դրաման հանդիսատեսին մատուցելու հմտության համար:

Հուլիսի 10-ն ավարտվեց հոբելյանական երեկոյով, որի ժամանակ մրցանակների, պատվո շքանշանների ու ոսկե մեդալների տարափ էր: Թվում էր՝ արդեն փակման արարողությանն ենք ներկա, բայց դրանք մրցանակներ էին կինոարվեստի մեջ ներդրած ավանդի, կինոփառատոնին աջակցելու և շատ այլ արժանիքների համար: Կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը արժանացավ ՀՀ Ժողովրդական արտիստի կոչման, իսկ փառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը՝ Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի:

Հուլիսի 11-ը լի է անկանխատեսելի հանդիպումներով: Ժամը 14:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի շրջանակում կբացվի «Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսը, որը կներկայացնի 20-21-րդ դարի հայ արվեստը: Այստեղ ամեն ինչ պարզ է: 15:00-ին «Նաիրի» կինոթատրոնում վարպետության դաս անցկացնելու հերթը Թուե Սթին Մյուլլերինն է, իսկ կես ժամ անց շտապեք դիտելու Ուլրիխ Զայդլի եռապատման «Դրախտ. հավատ» երկրորդ ֆիլմը: 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում սպասվում է երևանյան պրեմիերա՝ Յոս Ստելինգի «Աղջիկը և մահը»: Բոլոր նրանք, ովքեր հուլիսի 10-ին չհասցրեցին մասնակցել Գոդֆրի Ռեջիոյի վարպետության դասին, ժամը 18:00-ին կարող են ներկա գտնվել նրա հետ հանդիպմանը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 19:30-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր սրահում կմեկնարկեն Արտավազդ Փելեշյանի հետահայաց ցուցադրությունները. ռեժիսորի ստեղծագործությանը ծանոթանալու հիանալի առիթ է, քանի որ հաջորդականությամբ ցուցադրվելու են նրա ստեղծագործություններից վեցը: 22:00-ին կցուցադրվի Զայդլի եռապատման վերջին մասը՝ «Դրախտ. հույս», իսկ ազգայնականները, ռասիստները, մոլի կինոսերները և պարզապես հետաքրքրված մարդիկ կարող են «Հեմինգուեյ» փաբում ներկա գտնվել դեռևս միայն մեկ անգամ ցուցադրված և հատկապես համացանցում հակասական կարծիքների տեղիք տված գերմանական արտադրության «Դագաղագործի ճոճանակը» ադրբեջանական ֆիլմի ցուցադրությանը: Ամեն դեպքում, ԱԻՆ-ում տեղյակ են և կազմ-պատրաստ:

Այս թեմայով