30 Հունիս 2013, 15:42
11497 |

Սոցիալական աշխատանքի տեղն ու դերը

Գրեթե մեկ դար հեռավոր պատկերացում անգամ չունենալով նույնիսկ հոգեբանի մասին, էլ ուր մնաց՝ սոցիալական աշխատողի, սովետական հասարակության համար կարծրատիպերը կոտրելն ավելի անընդունելի էր, քան Լենինի բյուրեղյա կերպարը մերկացնելը։

Սոցիալական աշխատանքը Հայաստանում նոր ձևավորվող ոլորտներից է։ 20 տարի առաջ այս մասնագիտության մասին պատկերացում անգամ չկար։ 1988-ի երկրաշարժը բազմաթիվ ճակատագրեր խաթարեց, հազարավոր մարդկանց հաշանդամության պատճառ դարձավ։ Մեր նորանկախ երկրում ծլարձակած աղքատությունը ևս պարարտ հող նախապատրաստեց խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական խաթարումների համար։ Հենց այդ ժամանակ Հայաստանում մարդասիրական առաքելությամբ իրենց գործունեությունը սկսեցին միջազգային կազմակերպությունները, որոնք էլ ծանոթացրեցին սոցիալական աշխատող մասնագիտությանը՝ որպես յուրաքանչյուր ու հատկապես անցումային շրջան ապրող հասարակությանն անհրաժեշտ փրկօղակ։

World Vision-ը Հայաստանում գործում է արդեն 25 տարի, բազմաթիվ գործառույթների շարքում իրականացրել է նաև սոցիալական աշխատանքի նպատակային ծրագրեր՝ ուսումնասիրություններ, հարցումներ՝աջակցության նպատակով։ Օգնության կարիք ունեցող մարդիկ, սակայն, սոցիալական աշխատողին ընկալել են որպես նյութական օգնություն բաժանողի, նույնացրել «Ընտանեկան նպաստ» համակարգի աշխատողի հետ։ Նրան դիմել են կարճ ու կոնկրետ հարցադրմամբ՝ ֆինանսական աջակցության ակնկալիքով։ 20 տարի անց էլ միտումները պահպանվել են, բայց որոշ չափով քաղաքակրթվել։ Մոտեցումը փոքր-ինչ փոխվել է. մարդիկ դիմում են սոցաշխատողին՝ իրազեկվելու իրենց իրավունքների, կյանքի որակը բարձրացնելու, հասարակությանն ինտեգրվելու, բարդույթներից, հոգեբանական դժվարություններից ազատվելու համար։ Գիտակցական փոփոխությունը սկսել է ձևավորվել միջազգային կառույցների տարածած տեղեկատվության, անխոնջ աշխատանքի շնորհիվ։

Գրեթե մեկ դար հեռավոր պատկերացում անգամ չունենալով նույնիսկ հոգեբանի մասին, էլ ուր մնաց՝ սոցիալական աշխատողի, սովետական հասարակության համար կարծրատիպերը կոտրելն ավելի անընդունելի էր, քան Լենինի բյուրեղյա կերպարը մերկացնելը։ Տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվել է, որ սովետական հասարակությունը բարոյապես, հոգեպես ու ֆիզիկապես կատարյալ առողջ է, ու հատուկ օրինաչափությամբ՝ մեր անծայր երկրի սահմաններից ներս ծնվում են բացառապես անթերի մանուկներ։ Իրականում ներքին հրահանգով պարտադրված էր, որ ֆիզիկական ու հոգեկան արատ ունեցող, խեղված ճակատագրերով մարդկանց «առանց դատի դատապարտեն» տնային կալանքի։ Բազմաթիվ էին օրինակները. նույն թաղամասում, անգամ շենքում մարդիկ տարիներով ապրում, բայց չէին իմանում, որ այսինչ հարևանի երեխան հաշմանդամ է։ Պատճառը մեկն էր՝ ամոթը։ Ծնողներն ամաչում էրն, որ իրենց երեխան, այսպես կոչված, ոչ լիարժեք է, այդ պատճառով էլ նրան փակի տակ էին պահում՝ երբեմն թույլ տալով միայն պատուհանից նայել դուրս։ Անառողջ ու ծայրահեղ բարդույթը երկկողմանի էր. հասարակությունն էլ «չէր ներում» նման ծնունդներին։ Իսկ այս շղթայական անհանդուրժողականությունը պետական անբեկանելի մոտեցման հետևանք էր։ Խաթարված ճակատագրերի տերերը մեն-մենակ էին ընդունում կյանքի մարտահրավերը՝ ապավինելով սեփական ուժերին կամ առավելագույնը՝ ամենամոտ հարազատների աջակցությանը։ Սովետական հասարակության կուռ շարքերում պետք է լինեին միայն հաջողակ, երջանիկ ու առողջ մարդիկ։ Ավելի ճիշտ՝ այդպես էր պետք ներկայացնել մեզ ու մեր երևակայական թշնամիներին։ Տկարները, հոգեկան, սոցիալական խնդիրներ ունեցողները, տարաբախտները մարդամիջում չպետք է երևային։ Հասարակության գիտակցության մեջ ամրագրված այս սկզբունքները ջնջելու փորձերը, պարզ է, որ միանգամից չէին պսակվելու հաջողությամբ։ Քայլերը մանր, բայց փոփոխություն նախատեսող էին։

Շատ ծնողներ հիմա էլ խուսափում են հատուկ կարիք ունեցող իրենց երեխային տնից հանել, մասնագիտական օգնության դիմել։ Նշանակում է՝ նրանք ինչ-որ առիթով հասարակության կողմից ոչ ճիշտ և ոչ ադեկվատ արձագանքի են արժանացել։ Word Visioan-ի երեխաների իրավունքների պաշտպանության և կրթության մասնագետ Անահիտ Գրիգորյանի տեսությունը փորձառության վրա է հիմնված. «Սոցիալական աշխատողը հասարակության սոցիալական բժիշկն է, որ հայտնաբերում է սոցիալական հիվանդություններն ու բուժում նշանակում։ Նման մասնագետների պահանջարկը շատ է, իսկ ծառայությունների անհրաժեշտությունը՝ մեծ։ Հանրապետության 6 մարզում պետական կառույցները 3 տարում հայտնաբերել են կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող 1000 մարդու, իսկ World Vision-ը միայն մեկ տարում նույն տարածքում հայտնաբերել է նման խնդիրներով ևս 1200-ի»։

Մանկական զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատող և Worid Vision-ի պետական աշխատանքի փորձագետ Ռոզա Սոլոմոնյանը բազմաթիվ այլ մասնագետների հետ տարեկան 50 հատուկ կարիքով երեխաների հետ է աշխատում. «Մի երիտասարդ կնոջ հետ պահեցինք ինքնասպան լինելու մտքից. սա եմ համարում իմ ամենահաջող փորձը»,- հիշում է նա։

World Vision-ը 6 մարզի 160 համայնքում ունի սոցիալական աշխատողներ, որոնք խորհրդատվություն, ակտիվ ուսումնասիրություն ու աջակցություն են իրականացնում։ Մասնագիտական աշխատանքի արդյունքում182 երեխա 3 տարվա ընթացքում վերադարձվել է կենսաբանական ընտանիք։ Ծրագրի ղեկավար Անուշ Դավթյանը, կարևորելով սոցիալական աշխատողի դերը համայնքում, դպրոցում ու ընդհանրապես հասարակության մեջ, նշում է այն 3 թիրախները, որոնց հետ աշխատանք է տանում մասնագետը՝ համայնքը, ընտանիքը և աջակցության կարիք ունեցողը։ Եռակողմ աշխատանքի, ճիշտ ուղղորդումների շնորհիվ միայն կարելի է շոշոփելի արդյունքի հասնել։
«Ես սոցիալական աշխատող եմ, կոչված եմ աջակցելու» կարգախոսով World Vision Armenia կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության աջակցությամբ Ազատության հրապարակում կազմակերպել էր տեղեկատվական ցուցահանդես ու բացօթյա համերգ։ «Յուրաքանչյուր համայնքում մեկ վճարվող սոցիալական աշխատող». սա է World Vision-ի փորձարկված մոդելը, որի արդյունավետությունը հաստատվել է տարիների ընթացքում։

Նինա Մամաջանյանը Ալավերդու Մղարթ գյուղում աշխատում է արդեն 4 տարի։ Սկզբում մտավախություն է ունեցել, որ հասարակությունը չի ընդունի ու չի ընկալի սոցիալական աշխատողի դերը։ Եվ չի սխալվել։ Հետզհետե պատնեշը վերացել է. մարդիկ հասկացել են, որ սոցիալական աշխատողը ոչ թե փող բաժանող է, այլ լուրջ խնդիրներից ելքեր առաջարկող, որի ուղղորդումներով հնարավոր է փող ոչ թե ակնկալել, այլ աշխատել, հոգեբանական, ընտանեկան խնդիրները ոչ թե կոծկել, այլ դրանցից ազատվել։ Աննան սեփական փորձից մեկ-երկու օրինակ է բերում. «Նկատեցի, որ 4 տարեկան մի երեխա հենց երաժշտություն է հնչում, ականջները փակում է։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձրել նրա այդ վարքագծին։ Պարզեցի, որ երեխայի մայրը մահացել էր. այդ օրից այլևս չի ուզել երաժշտություն լսել, այդ պատճառով էր ականջները պինդ փակում։ Նրան հատուկ ընդգրկեցի միջոցառումներում, որոնց ընթացքում երաժշտություն էր հնչում։ Ուշադիր հետևելով վարքագծին՝ նկատեցի, որ հանդիսության կեսից ականջներն արդեն բացում է։ Փաստորեն, սթրեսի հետևանք էր, որը ոչ ոք չէր նկատել, ու պարզ չէ՝ ինչ հետևանք կունենար։ Մեկ այլ դեպք. մի խնդրառու ընտանիքի հետ աշխատելիս նկատեցի, որ երեխան տետրերից ջնջում է հոր անունը։ Երեխան, փաստորեն, հոգեբանական բարդույթ ուներ, մերժում էր իր ծնողին։ Դասղեկի հետ խորհրդակցելով՝ հասկացա խնդիրը և օգնեցի»։

Սոցիալական աշխատողները մասնագիտական ոլորաններում նաև հասկացել են, որ խնդիր ունեցող մարդն իրենց չի դիմելու, առաջինն իրենք են քայլն անում ու, այսպես ասած, նրա դուռը գնում։ Իսկ երբ շփումը ստացվում է, նախաձեռնությունն անցնում է խնդրառուի կողմը։ Դրանից է, որ սոցիալական աշխատողներին սկզբում թվում է, թե իրենց կողմից սպասարկվող համյանքում ոչ մի խնդիր էլ չկա։ Անդորրը հարաբերական է լինում, մարդկային խաղաղ կյանքը՝ խաբուսիկ, ու փոքրիկ հարցումներից սկսվում են հսկայական խնդիրները։

Միջազգային կառույցները եղել և մնում են նույն կարծիքին՝ սոցիալական աշխատանքի ոլորտը պետական հոգածության, համալիր մոտեցման կարիք ունի, ու հարկ է, որ ձևավորվեն սոցիալական աշխատողի պետական հաստիքներ՝ վարձատրվելով պետական գրպանից։ Միջազգային կառույցները, ինչպես պատերազմում, թիկունքում օգնելու գործառույթ պետք է ունենան, ոչ թե ստանձնեն ծանր հրետանու դերը։ Սովետին շատ ենք քննադատում, բայց նույն Սովետը, սահմանափակ և ոչ սահմանափակ հնարավորություններով իր քաղաքացիների միջև հավասարության նշան չդնելով անգամ, կույր ու խուլ մարդկանց հնարավորություն էր տալիս սեփական անձի պիտանիությունը հաստատել. հազարավոր հաշմանդամների ապահովել էր աշխատանքով։ Սովետը չդրեց, փոխարենը՝ գործազրկությունը դրեց հավասարության նշանը սահմանափակ ու ոչ սահմանափակ քաղաքացիների միջև։

Այս թեմայով