Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3 500: Սակայն այդ թիվը կաճի, եթե հետազոտությունների քանակն ավելանա:
Հունիսի 28-ին, Հյուսիսային պողոտայում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն նախաձեռնել էր «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» հանրային միջոցառումը, որի նպատակն էր ամրապնդել այն դիրքորոշումը, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնելը ոչ թե ամոթի նշան է, այլ նախևառաջ սեփական առողջության մասին հոգալու:
Միջոցառման ընթացքում երևանցիները հնարավորութուն ունեցան Հյուսիային պողոտայում բացված վրանային կենտրոնում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից ստանալ նախա- և ենթաթեսթային խորհրդատվություն, ինչպես նաև ցանկության դեպքում անցնել նաև հետազոտություն հատուկ այդ նպատակով կայանված շտապ օգնության մեքենայում: Այս տարբերակով կազմակերպիչներն ապահովել էին հետազոտվողների գաղտնիությունը: Հետազոտությունն անանուն էր, անվճար և գաղտնի: Քաղաքի կենտրոնում հետազոտվելու առավելությունը, ըստ կազմակերպիչների, այն էր, որ կլինիկայում հետազոտվելիս արդյունքներին ստիպված ես լինում սպասել մի քանի օր, իսկ այստեղ ՁԻԱՀ կենտրոնի մասնագետները արյունը հանձնելուց 20 րոպե հետո տալիս էին պատասխանը: Միջոցառման ընթացքում, 150 անցորդներ հնարավորություն ունեցան հետազոտվել և իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը:
Վորլդ Վիժն Հայաստանի «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագրի համակարգող Անուշ Սահակյանի համոզմամբ՝ ՄԻԱՎ-ը հիմնականում փոխանցվում է այն մարդկանց միջոցով, որոնք չեն հետազոտվել և չգիտեն իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին: «ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, ինչը չափազանց կարևոր է՝ անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, զուգընկերներին և ապագա երեխաներին չվարակելու համար»,- ընդգծեց Անուշ Սահակյանը:
ՄԻԱՎ-ը քրոնիկ հիվանդություն է, որը ժամանակին հայտնաբերելու դեպքում հիվանդը կարող է ապրել 35-40 տարի, ընդ որում այդ ընթացքում չկորցնելով առողջ երեխաներ ունենալու հնարավորությունը: