22 Հուլիս 2013, 15:03
1515 |

Առաջնորդների փոխանակում

Գրենական պիտույքների ակցիան հեղինակած AISEC կազմակերպությունն այսօր ամբողջ աշխարհի 113 երկրներում ունի ավելի քան 86 000 կամավոր անդամներ, որոնք աշխարհի տարբեր անկյուններում աջակցում են սոցիալական ու հասարակական խոցելի խմբերին:

Հուլիսի 21-ին Երևանի Անգլիական այգում բարեգործական հավաք էր: Գրենական պիտույքները հատկացվելու են Երևանի և մարզերի մանկատներին: Հենց այնտեղ արտասահմանցի 4 երիտասարդ մասնագետներ փորձելու են ստեղծել նոր ուսումնական միջավայր՝ մանկատան երեխաների առջև բացելով նոր հեռանկարներ:

Երիտասարդները հասարակության շարժիչ ուժն են: Անվիճելի է նրանց դերը հասարակական ցանկացած շարժման մեջ: Համախմբվելով մեկ գաղափարի շուրջ՝ նրանք հաղթանակ են տանում հասարակական տարբեր խնդիրների լուծման ճանապարհին:

Սակայն սովորաբար երիտասարդներին առաջնորդում են: Լիդերության կարևոր նախապայմանները՝ սառնասրտությունն ու փորձառությունը, այդքան էլ հատկանշական չեն երիտասարդներին: Այդ պատճառով էլ, աշխարհի տարբեր անկյուններում ստեղծվում են զանազան կազմակերպություններ, որոնք տաքարյուն երիտասարդներին ոչ միայն սովորեցնում են սառնասիրտ առաջնորդ լինելու հմտությունները, այլև պարարտ հող են ստեղծում, որպեսզի ապագա առաջնորդները փորձ ձեռք բերեն հասարակական տարբեր ոլորտներում:

Գրենական պիտույքների ակցիան հեղինակած AISEC կազմակերպությունն այսօր ամբողջ աշխարհի 113 երկրներում ունի ավելի քան 86 000 կամավոր անդամներ, որոնք աշխարհի տարբեր անկյուններում աջակցում են սոցիալական ու հասարակական խոցելի խմբերին: Այս ինքնակառավարվող խոշորագույն կազմակերպության առաջնային նպատակն է երիտասարդների համար ստեղծել հարթակներ, որտեղ սկսնակ առաջնորդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները:

Այս կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը գործում է շուրջ 23 տարի: Այս տարիների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն են ունեցել փորձի փոխանակման նպատակով աշխարհի տարբեր անկյուններից հյուրընկալել բազմաթիվ երիտասարդների: Այս տարի Չինաստանից, Մոլդովայից ու Ինդոնեզիայից փոխանակման ծրագրով Հայաստան այցելած երիտասարդները հատուկ առաքելություն ունեին: Նրանց այցի հիմնական նպատակն էր կիսել փորձը հաղորդակցության, աշխատանքի տեղավորման հմտությունների ասպարեզում Հայաստանի մանկատների երեխաների հետ:

Արտասահմանից ժամանած ուսանողները մոտ ապագայում հանդիպումներ կունենան հայ մանուկների ու պատանիների հետ ու ընկերական, ոչ ֆորմալ միջավայրում անցկացվող զրույցների շնորհիվ կփորձեն ուղղորդել նրանց ապագայում ճիշտ մասնագիտություն ընտրելու ու գործատուի առջև սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցում:

Այս թեմայով