26 Հունիս 2013, 15:29
1764 |

Տրամադրահավաք

Քաղաքի նստարաններին նստելն ու անցորդներին հետևելն ամենադիտարժան ֆիլմից էլ հետաքրքիր է: Յուրաքանչյուր մարդ եզակի է ` իր մտքերով, տրամադրությամբ: Երևանցիներին հետևելը նման է դեռևս չգրված գիրքը կարդալուն. կարդում ես Երևանի հոգեվերլուծությունը: Մեկի քողարկված ժպիտը գուցե խոսում է աշխատանքում հենց նոր հասած հաջողության մասին, մյուսի սեղմված շուրթերը՝ զայրացած լինելու, երեխայի փայլուն ու խոշոր աչքերը կարծես սպասումի ու ինչ-որ նոր բանի ակնկալիք են: Հայերը սեփական էմոցիաներն ավելորդ տեղն ի ցույց չեն դնում: Տրամադրությունը տանը թողնելով` փորձում ենք հեռու պահել հասարակությանը մեզ անհանգստացնող կամ հուզող մտքերից: Սա ազգային առանձնահատկություն է, որ «եկել է դարերից ու գնում է դարերով»:

21-րդ դարում, երբ սահմանադրական բաղադրատոմսով յուրաքանչյուրս ստանում ենք խղճի, մտքի ու խոսքի ազատության մեր չափաբաժինը, յուրաքանչուրիս մոտ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում խախտել ազատ արտահայտվելու «դիետան» ու գոռալ այն, ինչ իսկապես մտածում ենք: Բայց այստեղ բախվում ենք սեփական մտքերդ ու տրամադրությունդ քեզ պահելու ազգային առանձնահակությանը:

Այս «շրջանաձև» չազատության մեջ, որպես փրկության հույս հայտնվեց ցուկենբերգածին ֆեյսբուքը: Այն Հայաստանում ու ամբողջ աշխարհում բարեհաջող ծառայում է' որպես բղավելու հարթակ: Ու ամեն օր, համակարգչին ու համաշխարհային սարդոստայնին հասանելություն ունեցող յուրաքանչյուր ոք «ստատուսներ» է գոռում ու ագահաբար մտքեր գրում հնարավոր բոլոր պատերին: Աշխարհը տեսնում է, թե ինչ է մտածում Հայաստանը, ինչ տրամադրություն ունի երևանցին: Մարդիկ սկսել են տրամադրություն տարածել ու, որ ամենակարևորն է, վարակվել այլոց տրամադրությամբ:

Արտահայտվելու անզուսպ ցանկությունն աննկատ չմնաց: One Armenia դիզայն ստուդիան որոշեց Երևանում տեղադրել հասարակական տրամադրության գրատախտակ: Գաղափարը պարզ էր: Սիրահարների այգում մեկ շաբաթով տեղադրվեց գրատախտակ, որն ամեն օր քաղաքացիներին խնդրում էր պատասխանել ինչ-որ հարցի կամ լրացնել նախադասության բաց թողնված մասը: «Եթե կարողանայի մի բան փոխել, ի՞նչ կփոխեի» , «Նախքան իմ մահը…», «Երևանը … է» բովանդակությամբ գրառումներն ամեն օր, հաջորդաբար լրացվելով, կամաց-կամաց դարձան քաղաքի տրամադրության յուրօրինակ արձանագրությունները:

Այս գրատախտակը եզակի չէ, աշխարհում նման գրատախտակներ շատ կան: Պարզապես Հայաստանում այս նախաձեռնությունն առաջին անգամ է իրականացվում: Այն, One Armenia հիմնադրամի աշխատակիցների կարծիքով, հիանալի տարբերակ է համախմբելու երևանցիների մտքերն ու գաղափարները: Հիմնադրամի ներկայացուցիչ Անահիտ Յաղջյանն ասաց, որ իրենց նպատակը անծանոթ մարդկանց ինտերակտիվ շփման մեջ մտնելու հնարավորություն ընձեռնելն էր. «Մեր առջև խնդիր էինք դրել ապացուցելու, որ գերակշռում են դրական մտքերը, որ թվացյալ մռայլ տրամադրությունն իրականում երևանցիներինը չէ»: «Երևանը սեր է», «Հայաստանն իմ տունն է», «Այսօր ուրախ եմ, որովհետև անձրև չի գալիս», «Հոգիս երգում է», «Ուզում եմ' սերն իշխի». սա է Երևանը, այսպիսին են երևանցիները' ուրախ ու լավատես: Գրատախտակի հանդեպ հետաքրքրությունից ոգևորված' One Armenia նախաձեռնության անդամները որոշեցին այն ուղղարկել ճամփորդության Հայաստանի քաղաքներով՝ Գյումրի, Վանաձոր և այլն: Փաստորեն, Հայաստանի տրամադրության ախտորոշումը արդեն սկսված է:

Այս թեմայով