22 Հունիս 2013, 20:13
1687 |

Համալիրին համալիր մոտեցում է պետք

Այսօր Սանահինին անհրաժեշտ են վերականգնողական աշխատանքներ. սալածածկը շարժվում է, քիմիական նյութեր են պետք` համալիրում աճող բուսական ծածկույթը ոչնչացնելու և նոր ծլարձակումները կանխելու համար։

Վերջին տարիներին ահազանգերն ավելի հաճախակի դարձան. Սանահինը բնության բնական աճի զոհն է դառնում, պատվում փարթամ բուսականությամբ։ Մոտակա աղբյուրներից համալիր ներթափանցող ջրերը, բուսականության կենսական զարգացումներն ուղղակի խարխլում են համալիրը։ Քարեր են թափվում, կառույցի ամրությունը հարցականի տակ է։ 2011-ին կառավարությունը 6 մլն դրամ էր հատկացրել խնդիրը գոնե մասամբ վերացնելու համար, հաջորդ տարի ֆինանսական հատկացումը եռապատկվեց, 2013-ին կազմեց 22 մլն։

Մասնագետների կարծիքով'Սանահինը բուսականությունից ու ջրերից վերջնականապես ազատելու, նորոգելու համար կպահանջվի 300 մլն դրամ։ Պետությունն ի վիճակի չէ խնդիրն արմատախիլ անելու համար միանգամից այդքան մեծ գումար տրամադրել, ամենամյա միլիոններն էլ նշանակալի արդյունք չեն տալիս։ Ստացվում է' փողը ջուրն է լցվում։ Ստեղծվել է «Փրկենք Սանահինը կործանումից» նախաձեռնող խումբ, որի կարծիքով' նման խնդիրները պետք է բոլորիս մտահոգեն։ Խումբը մտադիր է հիմնադրամ ստեղծել, օգնել Սանահինին էլ, պետությանն էլ։

Բանն այն է, որ Սանահինի վանական համալիրը 1998-ից Հայ առաքելական եկեղեցուն է պատկանում. տրամաբանական հարց է'այդ դեպքում ո՞ւմ պարտականությունն է եղել տեր կանգնել Սանահինին։ Միջնադարյան համալիրը սովետական տարիներին վերահսկվել ու պետական հետևողական ուշադրությամբ է շրջապատվել։ Կուլտուրայի մինիստրությանը կից հուշարձանների պահպանության վարչությունն այդ տարիներին ունեցել է այսօրվա գումարով տարեկան 25 մլն դոլարի չափով բյուջե, ինչը բավականացրել է հուշարձանների վերականգնմանը։ Այսօր Սանահինին անհրաժեշտ են վերականգնողական աշխատանքներ. սալածածկը շարժվում է, քիմիական նյութեր են պետք' համալիրում աճող բուսական ծածկույթը ոչնչացնելու և նոր ծլարձակումները կանխելու համար։ Համալիրին համալիր մոտեցում է անհրաժեշտ։

2016-ին լրանալու է Սանահին պատմամշակութային հուշարձանի 1050-ամյակը։ Կոթողը ներառում է և՛ իշխանական դամբարանը, և՛ համալսարանը, և՛ գրչատունը։ Ի՞նչ տեսքով է դիմավորելու համալիրն իր հոբելյանը. անհերքելի է' կատարվելիք աշխատանքը հսկայական է ու ժամանակատար։ Սանահինը դժվար է համարել զբոսաշրջության գայթակղիչ ու գործող անկյուն։ Ի՞նչը ցույց տանք օտար հյուրին' եկեղեցու հարուստ բուսականությո՞ւնը, մամուռնե՞րը, խարխլված սալածա՞ծկը։ Այդ տարածքը չունի նաև իջևանելու պայմաններ։
Հայաստանում պատմամշակութային 20 000 կոթող կա, բոլորն էլ մշտական ուշադրության կարիք ունեն, ասել է թե'հսկայական ներդրումների։ Սանահինի նման խղճալի վիճակում են Քոբայրավանքը, Մակարավանքը. չշարունակենք. մենք փոքր բյուջե ունենք։

Այս թեմայով