30 Հուլիս 2013, 10:53
2334 |

Խոտաշատ եկեղեցին

Ինչ-որ հայեցակարգ են մշակել, աշխատանքային խումբ ստեղծել, տարածաշրջանային՝ նախադեպը չունեցող բացառիկ մասնագետներ են հրավիրել, բայց խոտը տեղից չի շարժվել:

Ներկայումս Սանահինն ավելի շատ անտառ է հիշեցնում, քան վանական համալիր: Այդ առիթով ՀՀ Բնապահպանության նախարարությունը արդեն որերորդ անգամ զգուշացնում է ՀՀ մշակույթի նախարարությանը, որ եթե չձեռնարկվեն շտապ միջոցառումներ Սանահինի վանական համալիրը անտառածածկույթից մաքրելու կապակցությամբ, ապա այն կանցնի իրենց վերահսկողության տակ: Սա կատակ էր, բայց եթե մի օր տեսնեմ նման տողերով պաշտոնական հայտարարություն, բնավ չեմ զարմանա:

Շինության տանիքին աճած կանաչն իր հետ բերում է խոնավություն, ձմեռն էդ խոնավությունն ընդարձակվում է, ջուրը դառնում է սառույց: Վերջինս իրարից հեռացնում ու թուլացնում է պատի քարերը կամ տանիքի ծածկասալերը: Ու տարեցտարի վանքը փլվում է:

Վերջերս մշակույթի փոխնախարարը մի տեսանյութում ասաց բառացիորեն հետևյալը «Սանահինի վանական համալիրը, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ կանգուն է... » /մեջբերման ավարտը/: Իհարկե կանգուն է, եթե չխառնվեք, մի հինգ տարի էլ կանգուն կմնա, հետո կսկսի քանդվել, հատկապես, որ տանիքի քարերն արդեն թափվում են:

Չնայած մյուս կողմից էլ մտածում եմ՝ դե լավ է, քանդվում ա, թող քանդվի, ավելի լավ ա կամաց-կամաց քանդվի, քան թե դնեն Հաղարծինի նման վերանորոգեն:
Հիմա Սանահինի գլխին ոչ թե խոտ է աճում, այլ մի փոքրիկ անտառ՝ ծառերով, թփերով, ծիտիկներով, փոքր գազաններով: Եթե մի օր որոշեն էդ ծառերը քոքահան անել, կարող է նույնիսկ բնապահպանները բողոքեն:

Ըստ պաշտոնական լրատվության, վերջին տարիներին 40 միլիոն դրամ ծախսվեց Սանահինի վերականգնման համար. համարյա 100.000 դոլար: Նշեմ, որ այդ գումարով թեկուզ մեկ հատ բիոզուգարան չառան հատուկ Սանահինի համար:

Արդեն որերոդ անգամ տուրիստների խմբի մոտ կարմրում եմ, փորձում շեղել ուրիշ բաների վրա, որ հանկարծ տանիքին չնայեն, երգում եմ Յունեսկոյի մասին մի ապուշ երգ, թե բա գիտեք՝ էս վանքը, Հաղպատի հետ մեկտեղ, մտած է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Ինչ-որ հայեցակարգ են մշակել, աշխատանքային խումբ ստեղծել, տարածաշրջանային՝ նախադեպը չունեցող բացառիկ մասնագետներ են հրավիրել, բայց խոտը տեղից չի շարժվել: Ինչպես ասել էր ամենայն հայոցը՝ ես էդ սարերում գտնվող եկեղեցիների հետ գործ չունեմ....

Այս թեմայով