13 Հունիս 2013, 13:04
1917 |

Հացը բլուրում

Էրեբունի թագավորությունում` Կարմիր բլուրի լանջերին, կերակուրների բույրերն իրար էին խառնվել ու օդում տարածվել: Արքայական խոհանոցում չէինք, բայց խոհարարները «սուփրա-սեղան» էին բացել։

Ազգային խոհանոցի գլուխգործոցները՝ ղափամա, հարիսա, կոլոլակով կաթնապուր, փոխիձ, կլոնդակ, լավաշով բրդուճներ, տապակած կանաչեղեն, թթվապուր, աղամաղ, սուտ բուտ, պատրաստ էին համտեսման համար։ Սրանց կողքին կային նաև այնպիսինները, որոնք անծանոթ անուններ ունեին։ Խոհարարները ներկայացրեցին բաղադրությունները, որոնք պարզապես հայտնություն են մեր ամենօրյա պիցցաների, համբուրգերների ու հոթ-դոգերի կողքին։

«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն 5-րդ անգամ էր նախաձեռնել։ Կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը տարեկան մի քանի անգամ համախմբում է խոհարարներին ու բորբոքում նրանց խանդավառությունը։ Տասնյակ տաղավարներից «Էստի համեցեք» էին կանչում նորաթուխ խոհարարները. հաճախորդին գրավելու պատեհ առիթ էր, նաև շեֆ-խոհարարին էին ցույց տալիս՝ ինչի են ընդունակ։

Արգիշտիաշեն Կարմիր բլրի լանջերին թնդաց զուռնա-դհոլը, տարազավոր պարախմբերն ազգային թունդ շուրջպար բռնեցին, հետաքրքրասերներն առաջացան դեպի ծանրաբեռնված սեղանները։ Բայց շատերն անկանկալի եկան՝ ուտեստների վրա գներ են փակցված. 10 հատ դոլման՝ 500 դրամ, գաթա՝ 300 դրամ, քուֆթա՝ 350 դրամ, ու այսպես շարունակ։ Տապակած հավով ու նարնջով կերտված թռչնակի վրա էլ գրել են «Մադամ Ֆուֆու՝ 5000 դրամ»։

«Բա ասում էիք՝ համեցեք փառատոնի, կերեք-խմեք, ուրախացեք, փաստորեն, ձրի՞ չի, խաբե՞լ եք»,- գոռգռաց Սուրեն պապը։ Բարեբախտաբար, միջադեպը խաղաղ վերջացավ։ Տոնախմբության մյուս մասնակիցները հանդուրժողաբար՝ ըստ գրպանի պարունակության էին մոտենում տաղավարներին։ «Հացը լեռներումը» կլորիկ գումար աշխատելու ենթատեքստով չի անցկացվում, բայց կազմակերպիչները լավ են հիշում, թե ինչպես մի քանի տարի առաջ՝անդրանիկ փառատոնին, անվճար լինելու պատճառով ուտեստներն ամբոխի հարձակումներին ենթարկվեցին, ինչից հետո պարզ դարձավ՝ վճարելով մարդիկ քաղաքակիրթ են դառնում։

Չանցած մեկ ժամ' հանդիսությունը թեժացավ, երգն ու պարն աշխուժացան, ախորժակները գրգռվեցին, սեղանները դատարկվեցին։ 5000-դրամանոց խառնածին Մադամ Ֆուֆուն դեռ տիրաբար բազմած էր սեղանին՝ արդեն հոգնած ու թոշնած քիթ-մռութով, հավային ճմռթված մաշկով։ Իսկ հայկական ուտեստներով սեղանները գրեթե մաքրվել էին։ Իրենց երևակայության ու ձեռքի շնորհքն էին ներկայացրել նաև մասնագիտական ուսումնարանների սաները՝ խորտիկներ, ասեղնագործ իրեր, կերամիկական աշխատանքներ։

Հանկարծ հրաշք տեսածի պես բոլորի հայացքները գամվեցին մի կետի. տաղավարներից մեկի սեղանին դրվեց հսկայական առյուծը, քանդակ՝ քաղցր խմորից։ Հեղինակը Մոսկվայում մասնագիտական կրթություն ստացած նկարիչ-հրուշակագործ Վերա Հովհաննիսյանն էր։ Նա ֆիգուրներ է պատրաստել նաև շոկոլադից։ Հիմա նրա երազանքն է համով ձի կերտել՝ կենսաբանական ճշգրիտ չափսերով։

18 տաղավարներից մեկում էլ ազգային ուտեստների տեսականիով ներկայացել էին եզդիները։ Հալվան, փոխինձը հայկականին նման էին, կլոճը մեր կլոր գաթան էր հիշեցնում, որ նաև նրանց Ամանորի սեղանի մշտական զարդն է։ Եզդիներն էլ են այն կտրատում ընտանիքի անդամների թվով ու բաժանում՝ սպասելով, թե ում ատամի տակ կկռճտա խմորի մեջ թաքցրած հաջողության մետաղադրամը։ Այցելուներին հատկապես հետաքրքրեց նրանց թանը՝ երևանյան շոգին։

Փառատոնային տրամադրության զարգացումները հասան գագաթնակետին։ Կուշտ կերած ու խմած, թե թեթև համտեսով բավարարված՝ կարևոր չէ, մարդիկ ձեռք ձեռքի տվեցին ու Կարնո, Սասունի, Խոյի երգ-երաժշտության ներքո պարեցին՝ ով ինչպես կարող էր. կարևորը՝ սրտանց և անմիջական։

Այս թեմայով