Նրանք տարբեր երկրներում են ապրում, ուրիշ մշակույթներ են նրանց դաստիարակում: Ոմանք Հայաստանում եղել են ընդամենը մեկ անգամ, մյուսները՝ ավելի հաճախ: Բայց բոլոր այս հայորդիները գիտեն, որ հայրենիքը ոչ թե ոտքերի տակ, այլ հեռուներում գտնվող հողն է: Մենք հենց դրա համար էլ խնդրեցինք նրանց կիսել Հայաստանի մասին իրենց տպավորությունը ու պատկերացումները:
Նկարներ՝ Մերի Վարդանյան (11 տարեկան), Ալեքսանդր Մանուկյան (11 տարեկան)
Դավիթ Դավթյան, 6 տարեկան, Հանթինգթոն Բիչ, ԱՄՆ
Ծնվել եմ Հայաստանում, բայց հիմա ապրում եմ Ամերիկայում: Հայրիկս ու մայրիկս ինձ անցած տարի տարան Հայաստան, ու այնտեղ երեք ամիս ապրեցի: Մեր գյուղն է Հայաստանում: Այնտեղ են մեր տունը, լեռներն ու շատ կենդանիներ՝ ցլեր, կովեր, ձու ածող հավեր: Այնտեղ են նաև մեծ սիրուն դարպասները ու Գագո պապիկի ալրաղացը: Ամերիկայում մեր գյուղը շատ եմ կարոտում, քանի որ չկա այստեղ Գագո պապիկն իր ալրաղացով: Բայց ամենաշատը հայկական տառերն եմ սիրում: Մանավանդ «դ» տառը, քանի որ անունս է դրանով սկսվում, ինչպես նաև «դելֆինն» ու «դերձակը»: Հավանում եմ նաև «վ»-ն ու «ֆ»-ն, որովհետև վոլեյբոլ ու ֆուտբոլ եմ սիրում: Դրա համար էլ մեր տառերը հաճախ ուղղակի նկարում եմ: Հետո պատմում եմ ամերիկացի ընկերներիս դրանց մասին՝ ասելով, որ հայկական տառերն ավելի շատ են, քանի ամերիկյանները՝ 36: Եվ որ նրանք բոլորը շատ գեղեցիկ են ու փոքրիկ մարդուկների են նման:
Նարե Գրիգորյան՝ 6 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան
Հայաստանում մեր հարազատները շատ երեխաներ ունեն: Այնտեղ գնալիս հաճախ ենք այցելում նրանց: Խաղում եմ նրանց հետ: Իսկ Մոսկվայում միայն երկու ընկերուհի ունեմ… Մոսկվայում դեռ քիչ հետաքրքիր բան եմ տեսել: Հայրիկս ամբողջ ժամանակ աշխատելում է, ու այդ պատճառով քիչ ենք դուրս գալիս քաղաք զբոսնելու: Երկու անգամ ներկայացման գնացինք տիկնիկային թատրոն: Հայաստանում մեր հարազատներից շատերն ունեն բակերով տներ, որտեղ խաղում, վազում, ցատկոտում ենք: Այդ բակերում կախարդական ծառեր կան, որոնցից կարելի է տեղում քաղել խնձոր, տանձ ու սալոր ու միանգամից ուտել: Ծնունդս նշելու համար ամեն ամառ գնում ենք Հայաստան: Երբ երեխաներ ունենամ, նրանց սկզբում հայերեն, հետո նոր ռուսերեն կսովորեցնեմ:
Իրինա Վարդապետյան՝ 6 տարեկան, Սան Խոսե, ԱՄՆ
Երբ փոքր էի, գնում էի Լոս Անջելեսի Little Armenia: Շատ էի ուրախանում, այնտեղ մարդիկ խոսում էին հայերեն, կային շատ հայկական խանութներ ու ռեստորաններ: Իսկ երկու տարի առաջ արդեն իսկական Հայաստան՝ Երևան, գնացի: Շատ գեղեցիկ երկիր է: Այնտեղ են ծնվել ծնողներս ու բոլոր հարազատներս: Այնտեղ շատ թանգարաններ ու եկեղեցիներ կան, որոնցից մեկում էլ ինձ կնքեցին: Երևանում շատ լավ տեղեր կան, ամեն օր պաղպաղակ էինք ուտում: Բայց ամենահետաքրքիրը իմ քույրերն ու եղբայրներն են ու ընդհանրապես՝ բոլոր հարազատներս:
Հայերի մոտ ուրախությունն ու տխրությունը բուռն են արտահայտվում: Նրանք նաև բարձր են խոսում: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա հզոր ու հարուստ: Իսկ երբ ինքս մեծանամ ու հարուստ լինեմ, կսկսեմ օգնել երկրին:
Լևոն Գևորկով՝ 7 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան
Հայաստանը բոլոր հայերի, այդ թվում նաև իմ հայրենիքն է: Մեկ անգամ եմ Հայաստանում եղել՝ Երևանում, բայց ուզում էլի հազա՛ր անգամ այնտեղ գնալ: Հայաստանում շատերն են ինձ նման: Երազում եմ լավ սովորել հայերեն, որ աշխարհի բոլոր հայերին հասկանամ: Ծնվել եմ Ռուսաստանում ու երկու երկիրն էլ հավասարապես սիրում եմ, բայց Հայաստանը մեկ-մեկ ավելի շատ, երբ Ռուսաստանն ու Հայաստանը ֆուտբոլ են խաղում, կամ էլ Եվրատեսիլի ժամանակ: Ամառը Հայաստանում շոգ է, ու դա լավ է: Երևանում շատ շատրվաններ ու ցայտաղբյուրներ կան: Մի անգամ շատրվանի մեջ ծիածան տեսա: Ցայտաղբյուրներից էլ ջուր խմել եմ սիրում: Կուզենայի մեկը մեր տանն ունենալ, որ միշտ կարողանայի Հայաստանի ջուրը խմել: Հաճախ եմ Հայաստանը հիշում, ափսո՜ս, որ այդքան հեռու է: Երբ մեծանամ, հաստատ տարվա մեջ հարյուր անգամ կգնամ Երևան: Կարող է գնամ ապրեմ այնտեղ:
Ալիսա Հարությունյան՝ 6 տարեկան, Մոսկվա, Ռուսաստան
Մաման ասում է, որ ես հայ եմ, բայց ծնվել եմ Մոսկվայում ու վատ եմ հայերեն խոսում: Կարծում եմ, որ իսկական հայերը նրանք են, ովքեր ապրում են Հայաստանում ու լավ են հայերեն խոսում: Շատ ուրախ եմ, որ հայ եմ, քանի որ միշտ Երևան եմ գնում: Երևանում մաման թույլ է տալիս բակում խաղալ: Շա՜տ հավես է: Բակում շատ ընկերներ ունեմ ու բոլորովին չեմ վախենում նրանց հետ փողոցում քայլել: Կարող եմ նույնիսկ մենակ գնալ հարևան բակ: Մոսկվայում այդպես չի կարելի: Ընկերուհուս՝ Շագայի հետ միասին սիրում ենք գնալ կողքի բակն ու պարել՝ այնտեղ ռեստորանում մի կին է երգում: Սիրում եմ պուլպուլակից ջուր խմել ու փողոցում ջրվել: Մեկ էլ սիրում եմ գնալ գույները փոխող ու երգող շատրվաններին նայել: Սկսում ենք տխրել, երբ հետո Մոսկվա վերադառնալու ժամանակն է գալիս: Մեկ-մեկ ընկերուհուս հետ սքայփով խոսում ենք, բայց դա այդքան հետաքրքիր չէ: Լավ է, որ երբ ամռանը նորից վերադառնում եմ, բոլորը կանչում են՝ «Ալիսան եկա՜վ», ու ես մնում եմ դրսում: Արդեն նորից կարոտել եմ բոլորին՝ Էլինային, Լիկային ու Շագային: Կուզենայի Երևանում ապրեինք: Շա՜տ եմ սիրում Հայաստանը:
Վերոնիկա Բոյաջյան՝ 9 տարեկան, Սենտ Ջուլիանս, Մալթա
Ընկերներս ինձ հաճախ են Հայաստանի մասին հարցնում: Արարատն առաջինն է, ինչ գալիս է մտքիս: Սկզբում փոքրը, հետո՝ մեծը: Մոխրագույն է, գագաթին՝ սպիտակ գլխարկ: Կարծում եմ՝ ձյուն է: Վերջերս եղբայրս ծնվեց՝ Ալեքսը (փա՜ռք Աստծո, թե չէ մաման ստիպված կլիներ երրորդ երեխա՝ տղա ունենալ): Ինձ հետաքրքիր էր, թե ինչու էր հայրս Ալեքսին «֊Մեծ» անվանում: Ալեքսանդր Մակեդոնացու մասին մի հաստ անգլերեն գիրք կարդացի: Այնտեղ քարտեզ կար: Ալեքսանդրի գրաված երկրները ներկված էին մուգ կանաչ, իսկ նրանք, որոնք գրավել չէր կարողացել՝ բաց կանաչ: Ինչպես, օրինակ, Հայաստանը, որը ես գտա այդ քարտեզում: Ուղղակի այն ժամանակ Հայաստանը մեծ էր՝ ծովից ծով, իսկ հիմա այնքան նուրբ է՝ ուրվագծերը աղջիկ են հիշեցնում: Դպրոցումս հայ զույգ կա՝ քույր ու եղբայր: Երբ երեքով վազքի էստաֆետայում հաղթեցինք, մտածեցինք, որ եթե ծովը չլիներ, մինչև Հայաստան էլ կարելի կլիներ վազել: Գիտե՞ք, Մալթայում էլ են խորոված անում. համով է, բայց միևնույնն է, հայկականի պես չէ: