05 Հունիս 2013, 17:44
147 |

Թանկարժեք կրթություն

Նոր ուսումնական տարվա գալուստն ազդարարվեց բոլորովին էլ ոչ հուսադրող նորությամբ. սեպտեմբերից պետական 5 բուհերում` Երևանի պետական, Տնտեսագիտական, Ճարտարագիտական, Ճարտարապետաշինարարական համալսարաններում ու Կոնսերվատորիայում, ուսման վարձը կթանկանա, ընդ որում` խոսքն աննշան թանկացման մասին չէ. որոշ բուհերում այն հասնում է մի քանի հարյուր հազար դրամի: Նորությունը, բնականաբար, սրերով ընդունվեց հասարակության կողմից. առանց այն էլ սուղ պայմաններում, երբ մարդկանց զգալի մասը, կենցաղային էական խնդիրները թողած, գումարները հավաքում ու բուհին է տալիս, գներն աննախադեպ աճ են ապրում: Որոշման հեղինակները, սակայն, հավատացնում են, որ այս քայլն իր օբյեկտիվ պատճառներն ունի:

Ուսման վճարի թանկացման առաջին ու հիմնական արդարացումը թերևս այն է, որ բուհերն այսօր գոյության խնդիր ունեն: Կոնսերվատորիայի ռեկտորի խոսքով' իրենց բյուջեի 85 տոկոսը բավարարում է միայն աշխատավարձերին ու հարկերին, այնինչ բարձրագույն ուսումնական հաստատությունը հազար ու մի խնդիր ունի: Այս կարծիքը կիսում է նաև ԿԳ նախարարը. «Բուհերը տնտեսվարող սուբյեկտներ են ու բյուջեի ապահովման խնդիր ունեն»:

Բացի այդ, կոնսերվատորիայի ռեկտորի խոսքով, պետությունն անվճար սովորող ուսանողի վրա շատ ավելի մեծ գումար է ծախսում' մեկ միլիոնից ավելի, մինչդեռ վարձավճարով սովորող ուսանողներն այս մեծ գումարի փոքր մասն են վճարում: Ստացվում է, որ գալիք սեպտեմբերից ուսանողներին մնում է միայն ինքնամխիթարվել.գիտելիքն իր գինն ունի: Այլ հարց է' արդյոք մեր բուհերը, գների բարձրացմանը զուգահեռ, մտածում են նաև կրթության որակով Եվրոպային մոտենալու մասին:

Կոնսերվատորիայի ռեկտորը համոզված է' մեր բուհերը, և հատկապես կոնսերվատորիան, եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն են ապահովում, ու թեև մարդիկ իրենց փորձից են ասում, որ Եվրոպայում աշխատանք գտնելու համար հայաստանյան դիպլոմը բավարար չէ, կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը սա միայն կարծրատիպ է համարում. «Ո՞վ է ասում, թե մեր դիպլոմը Եվրոպայում հաշվի չեն առնում: Նախ, ինչ վերաբերում է երաժիշտներին, ապա այս դեպքում կարևոր է ոչ այնքան դիպլոմը, որքան հմտությունները, և ի վերջո, մենք ունենք օրինակներ, երբ մեր լավագույն ուսանողները եվրոպական առաջնակարգ երկրներում կարողացել են աշխատանք գտնել հենց հայաստանյան դիպլոմով»:

Ռեկտորը չի կիսում նաև կարծիքը, թե ուսանողները կնախընտրեն մեկնել արտասահման ու մեծ գումարներ ծախսել ուսման վրա' արտասահմանյան դիպլոմի համար. «Մենք ունենք շատ անվճար տեղեր, հետևաբար, եթե ուսանողն ունի հմտություններ, կարող է չմտածել ուսման վճարի մասին, որովհետև կսովորի պետպատվերով, էլ չեմ խոսում տաղանդավորների մասին»:

Վարձավճարի բարձրացման երկրորդ արդարացումը. այս ճանապարհով հնարավոր կլինի բարելավել դասախոսների ֆինանսական վիճակը, այսինքն, ուսանողից ավելի շատ գումար վերցնելով, բուհը ի վիճակի կլինի ավելի բարձր աշխատավարձ վճարել դասախոսին: Այս դեպքում տարօրինակ է, որ դեռևս հայտնի չէ' կոնկրետ որքան կբարձրանա դասախոսների աշխատավարձը: Ենթատեքստը'ուսման վարձը թանկացնելուց հետո որոշման հեղինակները կմոռանան դասախոսների աշխատավարձի մասին, ու խոստումն այդպես էլ խոստում կմնա:

Կոնսերվատորիայի ռեկտորը հավատացնում է' վարձավճարի բարձրացումն անարդյունք չի լինի, սեպտեմբերին արդեն պարզ կդառնա' որքանով այդ արդյունքը շահեկան կլինի դասախոսների համար. «Որքանով կբարձրանան աշխատավարձերը հայտնի կդառնա, երբ հասկանանք' որքան ուսանող է ընդունվել»:

Հաշվի առնելով վարձավճարի բարձրացման օբյեկտիվ կողմերը' գուցե և հնարավոր է սրերը վայր դնել ու փորձել համակերպվել, բայց որոշման բացասական հետևանքներ չափազանց ակնհայտ են: Ուսման վարձը թանկացնել ու բարելավել դասախոսների ֆինանսական դրությունը բանաձևի մեջ որոշ մասնագետների կարծիքով չի տեղավորվում ուսանողի ծնողի վճարունակ լինել-չլինելը, այսինքն ուսման վարձը բարձրացնելուն զուգահեռ պետք է համապատասխանաբար բարձրացնել նաև ապագա ուսանողի ծնողի միջին աշխատավարձը:

Ինչևէ, նոր ուսումնական տարում բարձրագույն կրթությունը կթանկանա, այնպես որ մնում է կամ ամեն գնով հայտնվել անվճար համակարգում, կամ ընդունել այն, ինչ ունենք, կամ մեծ գումարներ վճարել, բայց՝ արդեն Եվրոպայում, որովհետև այս դեպքում մի բան հաստատ է' մեծ գումար վճարելով կստանաս կրթություն, որը պիտանի կլինի ցանկացած երկրում, մինչդեռ հայաստանյան դիպլոմով հեռու չես գնա:

Այս թեմայով