02 Հունիս 2013, 16:37
213 |

Հայկ նահապետի հետքերով

Հայաստանում չես գտնի մեկին, ով չիմանա ազգի նախահայր Հայկի և Ասորեստանի Բելի պատմությունը: Բոլորին է հայտնի, որ Հայկն իր ոխերիմ թշնամուն սպանեց թունավոր նետով: Մ.թ.ա. 2492 թվականին հայ զորավարների ամենակիրառելի զենքը նետն ու աղեղն էին: Առհասարակ, այս զինատեսակին պատմության մեջ բավականին մեծ դեր է հատկացված: Եվ պատահական չէ, որ դարեր անց նետի ու աղեղի մարտիկներն անցան «խաղաղապահ առաքելության» սպորտում:

Նետաձգությունն ամբողջ աշխարհում հայտնի և սիրված սպորտաձև է: 1900 թվից սկսած նետաձգությունն ընդգրկված է օլիմպիական սպորտաձևերի ցանկում: Իսկ այս տարի Հայաստանը դարձավ աշխարհի նետաձիգների յուրօրինակ հավաքատեղի:

Հունիսի 1-ին, Էջմիածնից փոքր-ինչ հեռու գտնվող Արշալույս գյուղի ձիարշավարանի տարածքում տեղի ունեցավ նետաձգության Եվրոպայի Գրան-Պրիի երկրորդ փուլի եզրափակիչը: Սա լուրջ մրցաշար է, որտեղ մեծ է մրցակցությունը, քանի որ մարզիկներն առաջին հերթին միավորներ են կուտակում իրենց ազգային հավաքականների համար, որոնք էլ իրենց հերթին այդ միավորների հիման վրա առավելություն են ստանում այլ միջազգային մրցաշարերում: Այս տարի իրենց ուժերը փորձեցին մոտ 70 նետաձիգներ՝ 11 երկրներից՝ Իտալիա, Վրաստան, Չինաստան, Ռուսաստան, Բելգիա: Հայաստանը ներկայացավ բավականին մեծ կազմով՝ 9 աղջիկ և 8 տղա:

Մրցաշարն անց էր կացվում Նետաձգության միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ: Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Մարիո Սկորզելլան նշեց, որ արդեն երրորդ անգամ որպես մրցաշարի անցկացման վայր է ընտրվում Հայաստանը: Ավելին, Նետաձգության Եվրոպայի Ֆեդերացիան այս օրերին կայացրել է որոշում, համաձայն որի հաջորդ տարի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը նույնպես կանցկացվի Հայաստանում: Ով գիտի, միգուցե այս հանգամանքի շնորհիվ հայ նետաձիգներին մի օր տեսնենք օլիմպիական խաղերում:

Նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի և գլխավոր քարտուղարի մասնակցությունն այս մրցաշարին խոսում է միջոցառման բարձր վարկանիշի մասին: Ի դեպ, իտալացի մարզիկներին ոգևորելու էր եկել նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին: Դեսպանն ասաց, որ իր պարտքն էր համարում մասնակցելու այս մրցաշարին, առավել ևս, որ իտալացիներն ընդգրկվեցին ոսկե մեդալակիրների շարքերում: 

Թեև այս մրցաշարն այնքան էլ հաջող չէր Հայաստանը ներկայացնող մարզիկների համար (մերոնք ընդամենը մեկ միավորով պարտվեցին Լեհաստանի թիմին), միևնույն է, ձեռքբերումներ արձանագրվեցին: Բանն այն է, որ մինչև օրս Հայսատանն ուներ նետաձգության ասպարեզում միայն մեկ միջազգային սպորտի վարպետ՝ Անդրանիկ Շահնազարյանը: Նրա ունեցած հաջողությունը շարունակեց որդին՝ Վասիլ Շահնազարյանը: Մայիսի 28-ին 20-ամյա Վասիլը, հավաքելով անհրաժեշտ միավորները, ճանաչվեց միջազգային սպորտի վարպետ: Ի դեպ, երիտասարդ մարզիկըմոտ օրերս զորակոչվելու է բանակ:

Գրան Պրիի փակման արարողության ժամանակ Մարիո Սկորզելլան խորհրդանշական նպատակակետ-հուշանվերներ հանձնեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և Նետաձգության Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանին:

Այս թեմայով