29 Մայիս 2013, 11:27
2060 |

Մենք մերոնցով

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հայաստանն ու Ուկրաինան իրար հետ կապողը միայն սովետական անցյալն է: Իրականում Կիևի հիմնադրման մասին պատմությունը հայկական միջնադարյան գրականության մեջ հայտնվել է շատ ավելի շուտ, քան «Սկզբնական ժամանակագրություն»-ում: Սակայն հայերին ռուսական քաղաքների Մոր հետ կապում է ոչ միայն պատմությունը, այլև հարուստ ներկան: Հենց այդ ներկան փնտրելով էլ մեկնեցինք Կիև:

Կտուրներով գուշակություն
Շաբաթ օրերին Կրեշատիկը մեքենաների համար փակ է՝ ստեղծվում է մեծ հետիոտնային տարածք ժողովրդական զբոսանքների համար: Կիևն այնքան գեղեցիկ ու կոկիկ է, որ երբեմն ճարտարապետության թանգարան է հիշեցնում: Ամեն հին շենքը կարծես մի դերասան լինի, ով ամեն կերպ ձգտում է ցույց տալ իր լավագույն հատկանիշները: Դա հատկապես զգացվում է Կրեշատիկում: Իսկ քիչ ավելի հեռու նաև կան ապստամբ, հիպպի շենքեր: Թվում է՝ դրանցից մեկի վրա նկարած ծուռմռտիկ կիթառը գիշերները կենդանանում է և նվագում' կամ բոլոր ժամանակների և ազգությունների ռոք-բալլադները, կամ էլ՝ «Ты ж мене пидманула»-ի նման ուկրաինական երգեր: Ընդհանրապես, կիևցիները զվարճանալ շատ են սիրում: Կրեշատիկում մի քանի ժամ անցկացնելուց հետո այնպիսի տպավորություն ունեի՝ ասես այստեղ բոլորն են լավ երգում: Հերիք է ինչ-որ նստարանին կիթառով մարդ տեղավորվի՝ իսկույն հերթ է գոյանում, ընդ որում բաղկացած ոչ միայն լսել, այլև երգել ցանկացողներից: Ես այդ երեկոն հատկապես ծանր տարա. միայն հայ ազգի պատիվը չգցելու պատասխանատվությունն էր, որ ինձ հետ պահեց կիթառահարին վրա տալուց ու ասելուց՝ «Նվագակցի՛ր, հեսա էնպիսի՜ բան կերգեմ»: Ախր խայտառակ կանեի:

Երևանցին չի հասկանա Կիևի կենտրոնի հատակագիծը: Այն ուղղակի զուգահեռ ու շրջանաձև փողոցների ցանց չէ: Կիևի կենտրոնը բաղկացած է տեսքով շատ տարբեր մեծաթիվ թաղամասերից: Դրանցից մեկը նույնպես յուրահատուկ ճարտարապետությամբ աղյուսե բարձր նորակառույցների հավաքածու է:

Այստեղ տեսածս շենքերից հենց առաջինը չէր կարող ուշադրություն չգրավել իր ինքնատիպ կտուրով՝ այն գմբեթ էր՝ հայկական եկեղեցիների նման: Իհարկե, կարելի է գուշակել՝ արդյո՞ք այդպիսի նմանությունը պատահական է, բայց նաև կարելի է ուղղակի ցանկացած կիևցու հարցնել կառուցապատողի ազգանունը՝ Մխիթարյան: Երևանցի Նվեր Մխիթարյանը շատ կոչումներ ու գերարտոնություններ ունի, ինչպես օրինակ՝ Ուկրաինայում Կոլումբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի կոչումը: Իսկ 2005-ի ամառից առաջ Մխիթարյանը գլխավորում էր Ուկրաինայի Հայերի միությունը: Հայկական գմբեթով շենքում, ինչպես մեզ պատմեցին, գտնվում է իր ընկերության գրասենյակը՝ Մխիթարյանը ամբողջովին իրենն է դարձրել այն վայրը, որտեղ հաճախում է ամեն օր: Իսկ ահա բնակելի շենքերը շատ տարբեր են՝ կան և՛ բարսելոնյան ալիքաձև տանիքներ, և՛ ասիմետրիկ, միևնույն ժամանակ շատ հարմոնիկ կառույցներ, և՛ շրջանաձև, աշտարակների նման բարձրահարկեր՝ մխրճվող գարնանային երկնքի մեջ: Ամեն ինչ կարմիր աղյուսից է՝ սիրուն ու կոկիկ, կարծես հենց նոր է հանվել ճարտարապետի մակետից: Կարճ ասած՝ ժամանակակից ոճն իր լավագույն դրսևորմամբ: Սա քաղաքի ամենաթանկ թաղամասերից է, բնակարանների համար յոթանիշ թվեր են վճարում: Այստեղ Կիևը կարծես հիշեցնում է, որ այն ոչ միայն պատմության իրական հուշարձան է' մի վայր, որտեղից սկիզբ է առել Ռուսիան, այլ նաև ժամանակակից, մոդայիկ քաղաք:

Մխիթարյանի շենքի գմբեթը այնպես անսպասելի վերադարձրեց հայկական իրականություն, որ որոշեցինք առանց ձգձգելու գնալ Կրասնոզվյոզդնիյ պողոտա՝ Անձնակազմի կառավարման միջռեգիոնալ ակադեմիա, որը, շնորհիվ իր ընդունելության շատ լոյալ պայմանների, հայ երիտասարդության շրջանում ամենատարածված բուհերից է: Դրա տարածքում կա մի փոքրիկ, հաճելի ժամատուն, որը թեև կառուցված է ժամանակակից ոճով, բայց համապատասխանում է հայկական եկեղեցական ճարտարապետության կանոններին: Ժամատունը հիշեցնում է երիտասարդ աղջկա, ով պատվավոր օտարերկրյա հյուրի պես շրջապատված է փոքր մետաղական արձաններով: Նրանց շարքում կան և՛ մարտական դիրքում սառած Բոգդան Խմելնիցկին, և՛ Ռուսիան մկրտող իշխան Վլադիմիրը, և՛ իշխանուհի Օլգան, և՛ ինձ անծանոթ, բայց ուկրաինացուն հարազատ շատ այլ կերպարներ: Բոգդան Խմելնիցկին, ի դեպ, մի ոտքրի վրա է ճոճվում՝ երևի նրա հետ բազմաթիվ լուսանկարվողները առանձնապես հարգալից չեն գտնվել: Փոխարենը Տարաս Շևչենկոն ավելի իմաստուն դուրս եկավ՝ նրա կողքին կարելի է նստել մեծ նստարանի, որի վրայից նա դիտում է իր առջև փռված Ուկրաինայի պատմությունը:

— Ես նրան պաշտում եմ, — շունչ քաշելով, վիրավոր Խմելնիցկուն սիրահարված հայացքով ասում է մեր կամավոր գիդը՝ կիևցի Դավիթ Մկրտչյանը, ում հետ մենք վերջերս ենք ծանոթացել ինտերնետով: Մենք շտապ Դավիթին հեռու ենք տանում, քանի դեռ նա չի որոշել խախտել ութերորդ պատվիրանը՝ զորավարի համար իր բնակարանում մտովի հարմար տեղ գտնելով:

Պոդոլային վայրեր
Առավոտ: Ձախ թևին՝ գեղեցիկ Դնեպրն է, աջին՝ Կիևի ամենահայտնի թաղամասերից մեկը՝ Պոդոլը: Այստեղ զբոսնելը հեշտ չէ՝ վերելքներն ու վայրէջքները կարող են հունից հանել անգամ ֆիզիկապես ամենապատրաստվածներին, իսկ այրող արևը վերջնականորեն կտապալի: Լավ է՝ Կիևը շատ կանաչ քաղաք է՝ միշտ կարող ես հանգստանալ ծառի ստվերի տակ:

Քայլում ենք Անդրեևսկի փողոցով, անցնում հուշանվերներով, ազգային հագուստով, նկարներով լեցուն սեղանների կողքով. այսպես ասած՝ Երևանի Վերնիսաժի կիևյան տարբերակը: Աչքս էլ չհասցրի թարթել, երբ ինձ արդեն կարմիր ծաղիկներով ասեղնագործված ուկրաինական շապիկ էին հագցրել: Քանի դեռ փորձում էի փոշոտ հայելու մեջ տեսնել սեփական արտացոլանքը՝ ականջիս լսվեց ուժեղ ակցենտով անսպասելի «Բարև ձեզ»-ը:

— Հայերեն խոսել գիտե՞ք:
— Մի քանի բառ գիտեմ, — պատասխանում է բարձահասակ թուխ վաճառողը: — Ժամանակին Տաշկենտում էի ապրում:
— ՞՞՞
— Այնտեղ շատ հայ ընկերներ ունեի: Նրանք են սովորեցրել:
—Վաղու՞ց էիք այնտեղ ապրում:
— Վաղուց: Ընկերներս էլ Հայաստանից իրենց հարսնացուներ էին բերում: Ա՜յ թե աղջիկներ էին: Ընդհանրապես, ամենասիրուն աղջիկները հայուհիներն են:

Հետաքրքիր է, իսկ Երևանում արդեն վաղուց ու բնավ էլ ոչ անհիմն արմատացել է կիևցի գեղեցկուհիների կարծրատիպը: Դավիթն ընդհատեց իմ բարձր գիտական մտածմունքները ձգող հակապատկերների մասին՝ տանելով փոքր-ինչ ավելի վերևում գտնվող ուղղափառ եկեղեցի: Հրդեհի ժամանակ այն հիմնովին վառվել էր: Կա մի վարկած, ըստ որի հրդեհը պատահական չէր և իրականում այն բոլշևիկներն էին կազմակերպել: Սակայն ապացույցներ չկան: Հետագայում այստեղ քար տեղադրեցին՝ հիշեցնող, որ այս վայրում հայկական եկեղեցի է եղել: Ավելի լավ տեղ չունենալու պատճառով հենց այս քարի մոտ են հայ կիևցիները տարիներ շարունակ ապրիլի 24-ին հավաքվել' պատվելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը:

Փողոցի մյուս կողմում է քաղաքի երբեմնի միակ հայկական կիրակնօրյա դպրոցը: Դրա պատերում է հայ կիևցիների մի քանի սերունդ սովորել հայրենի խոսքն ու գիրը: Հիմա կիրակնօրյա դպրոցները մի քանիսն են: Մեր ընկեր Դավիթի համարյա բոլոր հասակակիցները հենց այստեղ են սովորել: Գուցե դա՞ է պատճառը, որ նրանք բոլորն իրար գիտեն:

Հետզհետե հասկանում եմ, որ տարիներ շարունակ Պոդոլն ու Անդրեևսկու զառիվայրը Կիևի հայերի համար հայրենիքի հետ կապված ամեն բանի կիզակետերն էին: Եվ որ հենց այդ պատճառով են տեղի բոլոր հայերը քաղաքի ամենասիրելի վայրի մասին հարցին նույն պատասխանը տալիս: Միաձայն՝ Պոդոլ: Ժամանակին հայ առևտրականները սերտ կապեր ունեին Կիևյան Ռուսիայի և հատկապես Ղրիմի հետ: Անգամ կարծիք կա, որ Եվպաթորիան և Ֆեոդոսիան հիմնել են հույներն ու հայերը: Մետաքսե ճանապարհն անցնում էր այս վայրերով, իսկ Խերսոնի միջով՝ Սև ծովից Դնեպրով կարելի էր հասնել Կիև՝ Պոդոլ: Դա քաղաքի ջրային դարպասն էր: Այստեղ մինչև հիմա էլ պահպանվել են հայ և հրեա առևտրականների կառուցած երկհարկանի տները: Նույն վայրում կար հսկայական շուկա՝ Կիևի ամենաաշխույժ վայրը: Հետո ամեն ինչ փոխվել է: Սովետի տարիներին Անդրեևսկու զառիվայրում ապրում էին իշխանությունների համար ոչ պետքական նկարիչները, ովքեր որևէ տեղ ցուցադրվելու հնարավորություն չունեին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նկուղներում թաքցրած ամբողջ արգելված նկարչությունը հայտնվեց փողոցում՝ հուշանվերների, մանր-մունր զարդերի և թափոնների արվեստի օրինակների հետ:

Հարսնացուն հյուսիսից
Անդեևսկիով զբոսնելուց հետո մենք հայտնի նկարիչ Բորիս Եղիազարյանին հյուր գնացինք: Նրան, ինչպես արվեստակիցներից շատերին, ովքեր Ուկրաինայի անկախացումից առաջ արվեստանոցներ չունեին, հատկացրել էին Պոդոլի հանրակացարանի մի մասը՝ «Լուկյանովսկայա» մետրոյի կայարանից ոչ հեռու: Հիմա նրանք հարևանություն են անում ռեժիսուրայի, դերասանական վարպետության և այլ ստեղծագործական մասնագիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ: Բորիսը պատմում է, որ տարիներ առաջ նա էլ էր աշխատում Անդրեևսկու զառիվայրում, որտեղ գտնվում էր իր արվեստանոցը: Վերջին տասնամյակներին զառիվայրը հայտնի է դարձել աշխարհի տարբեր ծայրերից եկող զբոսաշրջիկների և կերպարվեստի սիրահարների շրջանում, այնպես որ, թվում է՝ ավելի լավ տեղ գտնելն անհնար է: Այստեղ միշտ հայեր էին գալիս: Եվ նրանց բոլորին ուղարկում էին «նկարիչ Բորիսի մոտ, ով ձեր պես հայ է»: Օր ու գիշեր Բորիսը նկարելու փոխարեն բոլորի համար սուրճ էր եփում: Հետո որոշեց ավելի հանգիստ վայր տեղափոխվել, իսկ Անդրեևսկի միայն զբոսնելու է գալիս:

Բորիսը սուրճ դեռ եփում է, բայց ոչ այդպիսի քանակությամբ: Արվեստանոցով մեկ նկարներ, էսքիզներ, ներկեր են... Կան շատ քանդակներ՝ ընկերների նվերներն են: Բորիսը ուրախ, հետաքրքրությամբ պատմում է իր կյանքի պատմությունը: Ծնվելով Ապարանում՝ տաղանդավոր երիտասարդ նկարիչը Երևանում ինստիտուտ է ընդունվել ու մի քանի օրով եկել Կիև, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ: Ասում է՝ երբ նրան տեսա, մտածեցի, որ եթե այս հիանալի աղջկա հետ չամուսնանամ, մեկ ուրիշը դա անպայման կանի: Իսկ դա չէր կարելի թույլ տալ: Մի խոսքով՝ երեք օր հետո Բորիսը պիտի տուն գնար, բայց արդեն հասկացրել էր աղջկան, որ իր մտադրությունները շատ լուրջ են: «Երբ իրար հրաժեշտ էինք տալիս, նա լաց եղավ, այդտեղ հասկացա՝ սիրտը շահել եմ»,- պարծենում է նկարիչը: Իրենց խնամախոսությունն ու հարսանիքը հիշեցնում էին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Երկար ժամանակ Բորիսը պատրաստվում էր ընտանիքով Երևան տեղափոխվել, անգամ բնակարանն էր վերանորոգում: Բայց եկան 1990-ականները, նա գնաց ռազմաճակատ, իսկ հետո ընտանիքի մոտ՝ Կիև, ու այնտեղ էլ մնաց:

— Ես հաճախ եմ Երևան ու Ապարան գնում, այնտեղ են ապրում իմ բոլոր ազգականները: Ամեն անգամ ինքս ինձ խոստանում եմ Հայաստանում ավելի երկար' գոնե կես տարի մնալ՝ դիմանկարներ նկարելու համար: Այստեղ շատ եմ կարոտում հայկական կոլորիտային դեմքերը: Բայց անընդհատ ինչ-որ բան խանգարում է, չի ստացվում:

Մենք դուրս եկանք, նկարիչը եկավ մեզ ճանապարհելու: Եղանակը արևոտ, գարնանային էր, բայց Բորիսը գլխարկ հանեց:
— Կիևում ամեն ինչ հավանում եմ, միայն ցրտոտ է: Հիվանդանում եմ: Վերջերս բժիշկներն ասացին, որ պիտի քիթս վիրահատեմ, բայց ես դեռ դիմադրում եմ: Այստեղ մենք առանց այն էլ ուկրաինական շատ ավանդույթներ ենք ընդունել, մնում էր զրկվել հայկական քթից ու վերջ:

Սեր, սեքս, Երևան
Այսօր Ուկրաինայի հայկական սփյուռքը 400 000 մարդ է ընդգրկում: Երկրով մեկ կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, դպրոցներ, արձաններ, մեզ համար սովորական անվանումներով փողոցներ: Միայն Կիևում՝ Դնեպրի ձախ ափին կան Հայկական և Թումանյան փողոցներ, իսկ աջ ափին՝ Երևանյան, Իսահակյան և Մարտիրոսյան: Շատ էի ուզում այստեղ հայերի հանդիպել, բայց հայրենիքի մասին միայն հիշեցումը եղավ փողոցով անհավանական արագությամբ սլացող մեքենայից բարձր հայկական երաժշտությունը:

«Вулиця Ереванска»-ն, ի դեպ, սկսվում է երկու շատ հետաքրքիր վայրով՝ Love Story սրճարանով ու սեքս-շոփով: Մեկն առանց մյուսի չի՛ կարող գոյություն ունենալ: Մեծ զամբյուղը ձեռքին մի պեպենոտ տղա է անցնում: Մեր հարցուփորձին անհավես պատասխանում է, որ փողոցում ոչ մի հետաքրքիր բան էլ չկա: Դե, միգուցե այն բակի աղավնատունը:

— Իսկ գիտե՞ս՝ փողոցն ինչպես է կոչվում:
— Երևանյան:
— Իսկ Երևանը որտե՞ղ է:
— Այստեղ:

Հետաքրքիր է՝ արդյոք իր ամբողջ կյանքը Կիևյան փողոցում ապրած իմ գործընկերը փոքր ժամանակ մտածել է, որ ռուսական քաղաքների Մայրը «հենց այստեղ» էլ գտնվում է: Ուղիղ նեղլիկ փողոց, հանգիստ, կարծես խորը քնի մեջ ընկղմված՝ միանման, աղյուսե հինգհարկանի շենքերի շրջանակի մեջ: Նույնպիսին դուրս եկավ նաև Կիևը ազատագրողներից մեկի՝ գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Սարգիս Մարտիրոսյանի անվան փողոցը: Այստեղ էլ էինք երեխաներին հարցնում, թե ո՞վ է այդ խորհրդավոր Մարտիրոսյանը, ում անունը կրում է իրենց փողոցը:

— Աստղ է, — ասաց մի տղա:
— «Comedy Club»-ից, — ավելացրեց մյուսը:

Օրհնյալ է Հարությունը
Երբ ես շատ փոքր էի, մենք ընտանիքով որոշ ժամանակ Կիևում էինք ապրում, որտեղ հայրս սովորում էր ասպիրանտուրայում: Եվ ահա հնարավորություն եղավ գնալ և տեսնել համարյա թե հարազատ դարձած վայրերը: «Մենք ապրում էինք Վիրլիցայում,— ասաց հայրս»: Վերջին օրը՝ հենց թռիչքից առաջ, մենք հավաքվեցինք Դնեպրի ձախ ափին կառուցվող նոր հայկական եկեղեցու հիմքի օծման վայրում: «Մետրոյի ո՞ր կայարանն է», — հարցրի: «Վիրլիցա»… Այնտեղ էին հավաքվե լհամարյա բոլոր հայերը, ում հետ հնարավորություն ունեցանք ծանոթանալ Կիևում: Մոտ մի դար է անցել այն ժամանակից, երբ Պոդոլի հայկական եկեղեցին այրվեց: Նորը կառուցելու ցանկությունը վաղուց կար, բայց մեծամասշտաբ շինարարական աշխատանքները նոր են սկսվել: Եկեղեցին կդառնա Եվրոպայի ամենամեծ ուղղափառ տաճարներից մեկը և շատ կարևոր ու պետքական վայր մեր հայրենակիցների համար:

Արդեն ինքնաթիռի մոտ հանկարծ հասկացա, որ Կիևում ինձ մշտապես մոտենում էին փողոցում ու հարցնում՝ ինչպես հասնել այս կամ այն վայրը: Յուրայինի տեղ էին դնում: Եվ դա պատահական չէ, Կիևը իսկապես գրկաբաց ու հյուրընկալ է: Թեկուզ այստեղ յուրայիններ էլ կան, բայց, ընդհանուր առմամբ՝բոլորն էլ մերոնքական են: Դա հատկապես նկատվում է տոն օրերին: Օրինակ՝ հայկական համայնքը Զատիկը նշում է Հայ Առաքելական եկեղեցու բոլոր կանոններով, բայց մեկ շաբաթ ուշ: «Չէ՞ որ ուկրաինացիները դեռ պահք են պահում»:

«Ереван» ամսագիր, N5(75), 2012

Այս թեմայով