01 Մայիս 2013, 14:33
2469 |

Գիրք վաճառելու արվեստը

Վաճառք կա, բայց եկամուտ չկա: Եթե գրավաճառները ճիշտ աշխատեն, գուցե շահույթ էլ ունենան:

2012-ին Երևանը հռչակվեց համաշխարհային գրքի մայրաքաղաք: Երբ Մշակույթի նախարարությունը հպարտությամբ հայտարարեց այս լուրը, շատերը զարմացան՝ հասարակությունը գրքից հեռացել է, հրատարակչությունները քիչ են գիրք տպագրում, իսկ գրախանութների թիվը գնալով պակասում է: Ինչպե՞ս կարող է Երևանը դառնալ գրքի մայրաքաղաք: Այնուամենայնիվ, Երևանըմեկ տարի կրեց այդ հնչեղ կոչումն ու հիմա էլ այն հանձնում է մեկ ուրիշ երկրի մեկ այլ քաղաքի:

Վերջին օրերին գրքի մասին նորից հիշեցին՝ տեղադրվեց գրքի ինտերակտիվ արձանը, Հյուսիսային պողոտայում հայտնվեց Գրքի Բանկը, որի միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող է նվիրաբերել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրականություն: Բայց միևնույն ժամանակ բավական է մի քանի րոպե զրուցել յուրաքանչյուր գրավաճառի, հրատարակչի կամ էլ գրողի հետ, ու կհասկանաս` այսօր գրքի միջոցով ապրուստվաստակելն ուղղակի ահնար է:

«Բյուրոկրատ» գրախանութի տնօրեն Շուշան Արզաքանյանը խոստովանում է, որ եթե չլինեին գործին նվիրված մարդիկ, միգուցե Երևանում գրախանութներն ընդհանրապես պատմության գիրկն անցնեին: Ու հարցը բնավ էլ անընթերցասեր հասարակությունը չէ: «Վաճառք կա, բայց եկամուտ չկա: Եթե գրավաճառները ճիշտ աշխատեն, գուցե շահույթ էլ ունենան: Լավ աշխատել` նշանակում է ճիշտ գովազդ կազմակերպել: Օրինակ, մենք աշխատակից ընտրելիս առաջին հերթին փնտրում ենք գրքի ֆանատներ, ում հետ շփվելիս մեր հաճախորդների մոտ գիրք գնելու ցանկություն կառաջանա: Գրքի վաճառքով էլ պետք է բիզնեսմենը զբաղվի, մինչդեռ մեզ մոտ այս գործով զբաղվում են պարզապես գրքին հավատարիմ մարդիկ», - կարծում է գրախանութի տնօրենը:

Գաղտնիք չէ, որ երևանցիների համար գիրքն էժան հաճույք չէ: Գրախանութի ցուցափեղկում հայտնվելուց առաջգիրքը երկար ճանապարհ է անցնում՝ ռուսալեզու գրականությունը «շփվում է» մաքսային ու հարկային դաշտի հետ, իսկ տեղական հրատարակչություններից դուրս եկած գրքերը` հեղինակի ու հրատարակչի : Շուշան Արզաքանյանը նշում է, որ գրքի բարձր գինն առաջին հերթին գրողի ու հրատակչի մեղքն է: Նրանք պետք է սովորեն համագործակցել: «Գրքի գնի մասին պետք է մտահոգվեն հեղինակն ու հրատարկիչը: Կարելի է նույն գրքի թանկ ու էժան տարբերակները տպագրել: Գրավաճառն այստեղ կապ չունի, ինչ բերում են, դա էլ վաճառում ենք: Ուղղակի հաճախ է լինում, երբ ինքը՝ գրողը, լավ տեղեկացված չէ հրատարակչային գործի նրբություններից ու կուրորեն անում է այն, ինչ առաջարկում են», - բացատրում է գրախանութի տնօրենը:

Երիտասարդ գրող Լիլիթ Հակոբյանն այլ կարծիք ունի: Նա կարծում է, որ յուրաքանչյուր գիրք կգտնի իր գնորդին, եթե պահանջարկ ունենա: Մեր թույլ կողմը, ըստ գրողի, գրքից հեռացած ու գիրք չսիրող հասարակությունն է: «Իմ կարծիքով` Հայաստանում հնարավոր չէ լուրջ գումար վաստակել գրքի միջոցով, անկախ նրանից՝ դու գրող ես, թե գիրք ներմուծող, ու պատճառը միայն ընթերցողի բացակայությունը չէ, չկա նաև այնպիսի գրականություն, որը կունենա ընթերցողների մեծ բանակ: Գուցե ես անուղղելի լավատես եմ այդ հարցում, բայց համոզված եմ, որ լավ գիրքը հաստատ գտնում է իր ընթերցողին ու գնորդին», - համոզված է Լիլիթը:

Գրքի վաճառքի թեման հատկապես արդիական դարձավ, երբ սկսվեց Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող գետնացումի վերանորոգումը: Մի շարք գրավաճառներ, որոնց մոտ կարելի է ձեռք բերել համեմատաբար ավելի էժան գրքեր, հայտնվեցին անորոշության մեջ: Քաղաքապետարանն արդեն լուծել է այս հարցը՝ գրավաճառներին առաջարկելով երկու այլընտրանքային տարածք՝ Ձկան խանութի կամ Մոր և մանկան հիվանդանոցի հարևանությամբ գնտվող գետնանցումները: Այսօր գրավաճառները նորից զբաղվում են իրենց գործով, պարզապես կենտրոնացած չենմեկ տեղում: Ժամանակին Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող գետնանցումում գրավաճառությամբ զբաղվող Կորյուն Շահնազարյանն էլ նրանցից մեկն է, ով այսօր սիրելի գործից չի հրաժարվել՝ նորից գիրք է վաճառում, պարզապես մեկ այլ վայրում: Խոստովանում է, որ հաճախորդներ, այնուամենայնիվ, կորցրել է:Գործընկերների հետ դիմել են անվճար գովազդի մեթոդին՝ հայտարարություն են պատրաստել ու բոլորին տեղեկացրել, թե որտեղ կարող են գտնել իրենց սիրելի գրավաճառին: Չի մոռացել նաև հեռախոսահամարը նշել, միգուցե որևէ մեկին պետք գա: «Իմ հաճախորդը, իհարկե, գիտի որտեղ ինձ գտնել, ուղղակի լինում են մարդիկ, ովքեր այնքան էլ հաճախ չեն գալիս գիրք գնելու ու չեն իմանա, թե որտեղ եմ: Հենց այդ պատճառով էլ ում կարողացա՝ հեռախոսահամար տվեցի, իսկ ում էլ չեմ հասցրել տեսնել, հայտարարությունս կտեղեկացնի», - պատմում է Կորյունը:

Երևանի քաղաքապետարանն արդեն հայտարարելէ, որ Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող գետնանցումի վերանորոգումից հետո այնտեղ նորից գրքի վաճառք կկազմակերպվի: Գրավաճառներին այս լուրն արդեն հասել է, մնում է, որ առաջարկվող պայմանները հարմար լինեն: «Ես ինքս ամեն ինչ կանեմ նորից երիտասարդականի գետնանցում վերադառնալու ու այնտեղ գրավաճառությամբ զբաղվելու համար: Բայց իմ գործընկերներից շատերն էլ վախենում են, որ առաջարկվող պայմանները կարող են մեզ հարմար չլինել», - մտահոգվում է գրավաճառը:

Գրքի վաճառքի հաջողությունը միայն հեղինակից, հրատարակչից կամ էլ գրավաճառից չէ կախված: Առաջին հերթին հենց հասարակությունը պետք է հասկանա գրքի ու գրականության արժեքը: Իսկ դրա համար անհրաժեշտ է որոշակի մշակութային քաղաքականություն, և միգուցե մի օր գիրք գնելն ու ընթերցանությունը կդառնան նույնքան նորաձև, որքան, ասենք, լավ բջջային հեռախոս ունենալը:

Այս թեմայով