25 Ապրիլ 2013, 16:45
2527 |

DreamTeam

1963-ին Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբն անցավ «Հաղթանակ» միության ենթակայության տակ և վերանվանվեց: Զանազան տարբերակներ էին առաջ քաշվում, այդ թվում նաև «Հաղթանակ»: Բայց, հուրախություն հայ երկրպագուների բոլոր հաջորդ սերունդների, մեկ այլ անուն հաստատվեց` «Արարատ»: Թիմի անվանումն արդեն պարտադրում էր բարձունքներ գրավել: Եվ 10 տարի անց այդ բարձունքը գրավվեց: 1973-ի խաղաշրջանում Երևանի «Արարատը» լիովին արդարացրեց իր անվանումը` գրավելով սովետական ֆուտբոլի երկու գագաթներն էլ:

Ֆուտբոլը ԽՍՀՄ-ում հատուկ տեղ էր գրավում բոլոր սպորտաձևերի մեջ: Ֆուտբոլի ժամանակ սովետական մարդը կարող էր իրեն կարճ ժամանակով ազատ զգալ' լինելով լիովին օրինական մուտքի տոմսերով բազմահազարանոց «չարտոնված ցույցի» մասնիկը:Եվ կարող էր լիովին ազատ քննարկել ամեն ինչ' սկսած հենց ֆուտբոլից, մինչև մսի գներն ու ԽՍՀՄ վարած արտաքին քաղաքականությունը: Ֆուտբոլն ազատություն էր տրիբունաներում ու դաշտում, որտեղ չկար ԽՄԿԿ ղեկավար դերն ու ամեն ինչ որոշում էին ճշգրիտ փոխանցումներն ու խփված գոլերը: Բացի այդ ֆուտբոլային թիմը հիմնականում քաղաք կամ հանրապետություն էր ներկայացնում: «Հայ ֆուտբոլիստներ», «վրացական թիմ», «կիևցիներ» արտահայտությունները ԽՍՀՄ առաջնության անքակտելի մասն էին կազմում, քանի որ խաղում էին ոչ թե «Շախտյորն» ու «Սպարտակը», այլ Դոնեցկն ու Մոսկվան: Այդ իսկ պատճառով ֆուտբոլային հաղթանակների նշանակությունը անսահման մեծ էր: Դա և՛ սպորտսմենների, և՛ երկրպագուների, և՛ համապատասխան աստիճանի պաշտոնյաների համար նվիրական երազանք էր: Այդ ձգտումների մարմնավորումն ու երազանքների կատարողը նա էր' թիմը: Հայաստանում դա «Արարատն» էր: Այս անվանումով շրջանն ամբողջանում էր. այն պարտավորեցնում էր թիմին գնալ դեպի ֆուտբոլային բարձունքներ, քանի որ ԽՍՀՄ սպորտային հեռարձակումների ժամանակ հնչող «Արարատ» բառը շատ հարցերի պատասխան էր տալիս, և դա բնավ միայն սպորտային հարցեր չէին:

70-ականների սկզբին ֆուտբոլը Հայաստանում կոլիզեյան զվարճալիքների նման մի բան էր: Այն ծիսակարգ էր: Եվ, իհարկե, սկսվում էր երկրպագուների ծիսակարգային երթով: Խաղերի օրերին ոստիկանությունը փակում էր դեպի մարզադաշտ տանող բոլոր ճանապարհները: Երթևեկելի հատվածը լցվում էր մարդկանց անդադար հոսքով, որոնք շտապում էին դեպի առաջիկա մարտի դաշտ: Ուշացողները դեպի մարզադաշտ էին գնում ոչ թե ճանապարհներով, այլ Հրազդանի կիրճով' հսկայական ժայռաբեկորների վրայով. դա բացառիկ ճարպկություն էր պահանջում: «Հաղթանակ» կամուրջի մոտ կանգնած ՊԱԶ ավտոբուսը' շրջիկ տոմսարկղը, շրջապատված էր խաղը դիտել ցանկացողների խմբերով: Մարզադաշտի տոմսարկղերի մոտ էլ էր նույն տեսարանը' հերթեր, հրմշտոց, լավ տեղերի տոմսեր ձեռք բերելու փորձեր, «լրացուցիչ տոմսակ» վաճառելու խնդրանքներ... Բայց տոմսեր հիմնականում գնում էին «պատահական կարգավիճակով» երկրպագուները, այսինքն' պատահական մարդիկ: Իսկ մոլի երկրպագուները բաժանորդագրված էին բոլոր խաղերին և իրենց մշտական տեղն ունեին Արևմտյան տրիբունայում: Դրանք ազնվականներն էին: Բոլորն արդեն դեմքով ճանաչում էին միմյանց: Իհարկե, կճանաչեին. ամբողջ մրցաշրջանի ընթացքում նստում էին իրար կողք' 17 խաղ' գումարած գավաթայինները: Շատերն իրենց հետ տանում էին երեխաներին, բնականաբար, անվճար: Նստարանին մի քիչ խտանալու խնդրանքը սովորական երևույթ էր ու միանգամայն ընդունելի' «երեխաները սա պե՛տք է տեսնեն»:

1973 թիվ, «Հրազդան» մարզադաշտ. այստեղ սիրում էին և կարողանում պաշտել իրենց թիմը, ֆուտբոլը
1973 թիվ, «Հրազդան» մարզադաշտ. այստեղ սիրում էին և կարողանում պաշտել իրենց թիմը, ֆուտբոլը

Հանդիպակած Արևելյան տրիբունան առանց չարամտության անվանում էին «խուլիգանական», այնտեղ չկար կառավարական օթյակ, ավելի քիչ հսկիչներ կային, եղածներն էլ ավելի ազատական էին, այնպես որ երկրպագուները կարող էին իրենց շատ ավելին թույլ տալ, թեև ողջամտության սահմաններում: Խաղից 10 րոպե շուտ գալն անդաստիարակություն էր համարվում, քանի որ ուշացողը խցկվում էր դեպի իր տեղը' մյուսներին քիչ նեղություն չպատճառելով: Սովորաբար գալիս էին խաղից 30-40 րոպե առաջ, որ գիտակների շրջանում շփվեին, քննարկեին թիմերի կազմերը, դիտեին թիմերի նախավարժանքը, կանխատեսումներ անեին ու ծաղրեին այն տարօրինակ մարդուն, որը կենթադրեր, թե հնարավոր է ոչ ոքի լինի: Հատկապես սուր էր քննարկվում դատավորի հարցը' կողմնապահություն կանի, թե' ոչ: Եվ միայն երբ թիմերը ֆուտբոլային օրհներգի ուղեկցությամբ թունելից խաղադաշտ էին դուրս գալիս, ձայները դադարում էին, քանի որ' «սկսվո՛ւմ է»: Եվ սկսվում էր... Տպավորիչ ներկայացում, որի սցենարն ամեն անգամ նորովի էր գրվում, դրամատուրգիա, որտեղ նույնիսկ Շեքսպիրն անելիք չուներ. դա ֆուտբոլն էր՝ «Արարատի» կատարմամբ: Խաղի ընդմիջմանը երկրպագուները թեժ բանավիճում էին. «ասում էի, չէ՞», «դատավորը վատը չէ», «պետք է ինչ-որ մեկին փոխարինել ինչ-որ մեկով», «բայց 11-մետրանոցը այնուամենայինվ կար»...

Տոննաներով բոված արևածաղիկ, որոնք ավտոմատ կեղևազրկվում էին, ծխախոտի ծխի քուլաներ մարզադաշտի վրա, և տասնյակ հազարավոր մարդկանց ներդաշնակ շնչառություն: «Հրազդանը» հսկայական կենդանի օրգանիզմ էր հիշեցնում, իսկ երեկոյան լուսարձակների լույսի ներքո կողքից դիտելիս ֆանտաստիկ տեսարան էր ներկայացնում: 73 թվականի մրցաշրջանի ընթացքում «Հրազդան» է այցելել 853 000 հանդիսատես. թիվն ամեն ինչ ասում է: Ե՛վ տեսարանը կար, և՛ դիտողը:

Հայհոյանք չկար. հանդիսատեսը հարգում էր ժանրի օրենքները: Չկային հարբածներ: Բոլորը գլուխ էին հանում ֆուտբոլից ու գնահատում էին գեղեցիկ խաղը, հարգում էին մրցակցին' լինի դա Թբիլիսիի «Դինամոն», թե «Կարպատները»: Բայց, իհարկե, «Արարատը» մրցակցությունից դուրս էր' բոլորն այն պաշտում էին: Ընդհանրապես դա ինչ-որ առումով հատուկ հանդիստատես էր' հախուռն, անկեղծ զգացմունքներով միավորված տասնյակ հազարավոր հայ տղամարդիկ: Այդ ժամանակ Սովետական Միության ֆուտբոլային մարզադաշտերում բավական խիստ օրենքներ էին գործում. տրիբունաներում գոռոցները չէին խրախուսվում, գոլ խփեցին' թեթևակի ծափահարեք և վերջ: Նույնն էր նաև խաղադաշտում. ֆուտբոլիստներին խորհուրդ էր տրվում գոլ խփելուց հետո սեղմել խաղընկերների ձեռքը, բայց ոչ երբեք թռչկոտել ու գրկախառնվել: Բայց երևանյան երկրպագուները հարավի տաքարյուն մարդիկ են. ինչպե՞ս չթռչկոտեն ուրախությունից ու ինչպե՞ս չբղավեն, երբ տեսնում են թիմի ֆանտաստիկ գոլը, երբ մրցաշարի նվիրական ոսկին այդքան մոտ է: Եվ բղավում էին: Մինչև ձայնը կտրվում էր: Եթե ինչ-որ մեկի ձայնը կտրված է ու խզխզում է, ուրեմն նա երեկ խաղի է եղել: Եթե գործարանում տղամարդիկ օրվա առաջին կեսը չեն աշխատում, այլ թունդ վիճում են, ուրեմն երեկ մերոնք պարտվել են: «Երեկ խաղն ինչպե՞ս ավարտվեց» հարցը հիմարների դասակարգից էր. խաղի հաշիվը գիտեր ցանկացած տնային տնտեսուհի, ցանկացած բակի ցանկացած երեխա:

Արկադի Անդրեասյան` «Արարատի» հարձակումների հեղինակը
Արկադի Անդրեասյան` «Արարատի» հարձակումների հեղինակը

Հիմա երկրպագուների վանկարկումներով ու կոչերով ոչ մեկին չես զարմացնի: Յուրաքանչյուր թիմ իրն ունի: Բայց ԽՍՀՄ-ում առաջինը հենց «Արարատի» երկրպագուները սկսեցին մարզադաշտում կոչեր վանկարկել: Սկզբում պարզապես' «Ա-րա-րա՜տ», հետո հայտնվեց «Ա-րա-րա՜տ, հո՜ւպ-տո՜ւրը»: Հետո ծնվեց տարօրինակ ձայնարկումը' «Հա-յե՜ր», որի ծագումը ոչ մի կապ չուներ ազգային-ազատագրական շարժման հետ: Բանն այն է, որ 1975 թվականին Եվրոպայի Չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակչում «Արարատը» խաղում էր Մյունխենի «Բավարիայի» հետ, որում, խոսքը մեր մեջ, աշխարհի 9-ը չեմպիոն էր խաղում' Մյուլլեր, Բեկկենբաուեր, Մայեր, Հենեսս և այլն: Առաջին խաղը Մյունխենից հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, ու հայերը լսեցին գերմանացի երկրպագուների վանկարկումները' «Բա-յե՜րն» (Bayern — իրականում հենց այդպես է կոչվում «Բավարիան»): «Մեր պատասխանը Չեմբերլենին» իրեն երկար սպասել չտվեց, և արդեն պատասխան խաղին «Հրազդանի» տրիբունաները թնդացին համահունչ հայերեն կոչից: Երևանյան խաղն «Արարատը» հաղթեց 1:0 հաշվով, բայց երկու խաղի արդյունքում հաջորդ փուլ անցավ «Բավարիան»...

Բայց դա հետո էր: Իսկ 73-ին դաժան հակամարտության ժամանակ պետք էր հաղթել Կիևի «Դինամոյին», որի աստղային ժամը նույնպես 70-ականների սկզբին էր: Այդ ժամանակ «Դինամոյում» էին խաղում այնպիսի վարպետներ, ինչպիսիք Բլոխինը, Վերեմեևը, Բուրյակը, Կոլոտովն ու Մունտյանն էին... Ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմերը գնում էին, ինչպես ասում են, «իրար քթի տակ»... Պատահական չէ, որ ԽՍՀՄ գավաթի եզրափակչում հանդիպեցին հենց «Արարատն» ու «Դինամոն»: 1973-ի հոկտեմբերին Մոսկվայի Լուժնիկիյում եզրափակիչ խաղը դիտելու էին հավաքվել ավելի քան 30 000 հայ երկրպագուներ: Գրեթե նույնքան էին նաև Կիևից ժամանած երկրպագուները: Զարմանալի է, բայց փաստ. մոսկվայաբնակ երկրպագուների մեծ մասը «Արարատի» կողմից էր: Տոմսե՞րը: Դժվար է հավատալ, բայց երևանցիների մեծամասնությունը, մարզադաշտին մոտենալով, տոմսերը... նվե՜ր էին ստանում: Մոսկվայի հայերը իրենց հայրենակիցներին նվիրում էին տոմսերը հետևյալ բառերով. «Ցա՛վդ տանեմ, ի՞նչ փողի մասին է խոսքը: Դու արդեն արել ես գլխավորը' նման խաղի համար այսքան հեռու ես եկել»:

Լեփ-լեցուն մարզադաշտում իսկական տոն էր: Եթե պահպանված վավերագրական կադրերը չլինեին, դժվար կլիներ հավատալ, որ Մեծ սպորտային բեմի տրիբունաներին 1973-ին նման բան հնարավոր էր: Ազգային գործիքների երաժշտական անսա՞մբլ. խնդրեմ' դուդուկ, դհոլ, զուռնա: Այս եռյակը նվագում էր ու միաժամանակ դիտում խաղը: Պարե՞ր. ահա տրիբունայում 4 հոգի քոչարի են պարում: Վանկարկե՞լ: Դե դա հասկանալի է: Էլ ի՞նչ: Իսկ կարո՞ղ եք մոսկովյան մարզադաշտ անցկացնել մարտկոցից, երկու ձողերից, լարերից ու լամպերից հավաքվող սարքավորում: Անցկացրեցին: Հավաքեցին: Միացրեցին: Եվ վառվեցին երեք մետրանոց «Արարատ» գրության լամպերը: Անգամ հիմա այդպիսի բանի չես հանդիպի, էլ ուր մնաց այն ժամանակ... Եվ մի՞թե կարող էր նման երկրպագուներ ունեցող թիմը պարտվել:

«Արարատի» դարպասների հուսալի պահապանը` Ալյոշա Աբրահամյանը: 1973-ի մրցաշրջանում «Արարատի» դարպասը 14 անգամ անառիկ մնաց
«Արարատի» դարպասների հուսալի պահապանը` Ալյոշա Աբրահամյանը:
1973-ի մրցաշրջանում «Արարատի» դարպասը 14 անգամ անառիկ մնաց

Անգամ խաղը 0:1 հաշվով պարտվելով' հավատում էին' կարո՛ղ ենք, պե՛տք է հաղթենք: Հավատում էին երկրպագուները, մարզիկները, հավատում էր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը' փոխարինման դուրս բերելով թարմ խաղացողներ: Խաղի վերջին րոպեն էր ընթանում, Դինամոյի խաղացողներն արդեն պատրաստվում էին մրցանակաբաշխությանը: Բայց ավարտից ընդամենը 8 վայրկյան առաջ Լևոն Իշտոյանը վերջապես գո՛լ խփեց' 1-1: Ավելացրած ժամանակ: Հենց այդ պահին Սիմոնյանն ասաց արարատցիներին. «Դուք հենց նոր դուրս եկաք դագաղից. այնտեղ նորից պառկելը ծիծաղելի կլինի»: Եվ նրանք արեցին այն, ինչ իրենցից սպասում էր ամբողջ Հայաստանը: Իշտոյանը խփեց երկրորդ գոլն ու հախճապակե գավաթը եկավ Երևան: Երկրպագուների ուրախությանը չափ չկար, քանի որ դա հայկական ֆուտբոլի առաջին խոշոր հաղթանակն էր: Եթե խաղը հեռուստացույցով դիտած երևանցիների պատմություններն իրար գումարենք, ֆուտբոլային երկրպագուի կրքերի բազմահատոր հանրագիտարան կստացվի. մեկը խաղի ընթացքում 6 տուփ ծխախոտ է խծել, մյուսն ուրախությունից պատուհանից դուրս է նետել հին սառնարանը, երրորդն այնպես է բղավել, որ հետո մեկ ամիս ձայնալարերն է բուժել...Իսկ քանի՜ նորածին դրանից հետո Լևոն անվանակոչեցին: Գավաթով Երևան վերադառնալով' թիմից 30 կմ անցնելու համար 5 ժամ պահանջվեց, որ օդանավակայանից հասնեն իրենց սպորտբազա: Բոլոր ճանապարհները լցված էին մեքենաներով: Առջևում դեռ առաջնության խաղերն էին, դեռ պետք է պայքարեին ոսկե մեդալների համար, բայց «Արարատն» արդեն կենդանի լեգենդ էր: Որոշ ոգևորված երկրպագուներ անգամ առաջարկում էին հանել Լենինի արձանն ու համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի փոխարեն կանգնեցնել Իշտոյանի արձանը: Իշտոյանն ընդհանրապես այդ օրերի երևանյան մանրապատումների հերոսն էր: Ահա մի քանի օրինակ:

Իշտոյանի մայրը հարցնում է հարևաններին.
-Աշխարհում կա՞ այնպիսի մարդ, որ իմ Լևոնչիկից լավ է ֆուտբոլ խաղում:
-Կա, անունը Պելե է, ու ապրում է Բրազիլիայում:
-Դե գնա, այդպիսի լավ ֆուտբոլիստ է ու այդքան համեստ. ոչ ոք նրա մասին ոչինչ չի լսել...

Մոսկվա, «Լուժնիկի», 1973-ի հոկտեմբերի 10: ԽՍՀՄ գավաթն «Արարատի» ֆուտբոլիստների ձեռքում
Մոսկվա, «Լուժնիկի», 1973-ի հոկտեմբերի 10: ԽՍՀՄ գավաթն «Արարատի» ֆուտբոլիստների ձեռքում

Երկրպագուների' «Արարատ»' աստղային թիմ, «Արարատ»' աստղերի թիմ» կարգախոսը, որը փոխառել էին Նիկոլայ Օզերովից, բնավ էլ չափազանցված չէր:
50-60-ականներին Հայաստանում մի շարք հռչակավոր ֆուտբոլիստներ են խաղացել' Քեհեյան, Հովիվյան, Զատիկյան, Սեմերջյան... Բայց միայն 70-ականների սկզբին թիմում տաղանդների խտությունը հասավ միութենական բարձունքների գրավման համար անհրաժեշտ մակարդակին: Այս ճանապարհին հսկայական աշխատանք են կատարել «Արարատի» նախորդ մարզիչները' Ֆալյան, Պոնոմարյով, Գլեբով: 1971-ին «Արարատը» ԽՍՀՄ առաջնությունում 2-րդ տեղը գրավեց, 1972-ին' չորրորդ: Հենց այդ նույն ժամանակ' 1972-ին, Երևանում հայտնվեց գեղեցկուհի-մարզադաշտ «Հրազդանը», որը 73 000 հանդիսատես էր տեղավորում: Երբ 1973-ին «Արարատ» եկավ Նիկիտա Սիմոնյանը, նրան գործնականում պատրաստի թիմ բաժին հասավ: Ամեն ինչ պատրաստ սպասում էր նվիրական երազանքին' և՛ ֆուտբոլիստները, և՛ ֆուտբոլասերները, և՛ նոր մարզադաշտը: Նիկիտա Պավլովիչը կատակում էր. «Ես պարզապես չպետք է խանգարեի նրանց խաղալ»: Բայց Սիմոնյանի համեստ բառերի տակ իսկական կոլեկտիվ ստեղծելուն ուղղված տաժանակիր աշխատանք էր թաքնված, որին կմիավորի մեկ' առաջինը դառնալու նպատակը: Պետք էր թիմում սերմանել հաղթողի հոգեբանություն, և մարզչին հաջողվեց: Դա իրենց գործի մեծագույն վարպետների թիմ էր: «Արարատի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ առանձին պատմության, առանձին հոդվածի թեմա է: Բացի այդ, դա ընկերական կոլեկտիվ էր, որտեղ ընդհանուր էին և՛ ուրախությունը, և՛ վիշտը: Երբ 72-ի ամռանը ավտոպատահարի արդյունքում մահացավ պաշտպան Ֆուրման Աբրահամյանը' դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի եղբայրը, ուղիղ մեկ տարի ոչ ոք չէր կրում 3-րդ համարի մարզաշապիկը, որպեսզի ավելորդ անգամ չցավեցնեն Ալյոշային, և նա կարողանա հանգիստ կանգնել դարպասի մոտ...

Յուրաքանչյուր խաղացող ծանրակշիռ դեր ուներ հաղթանակի մեջ' կարելի է թվել բոլորին առանց բացառության: Բայց նրանցից երկուսը «Արարատը» դարձնում էին իրոք անկրկնելի, յուրահատուկ թիմ, որն ունակ է հաղթել բոլորին: Դա հարձակվող Էդուարդ Մարկարովն ու կիսապաշտպան Արկադի Անդրեասյանն էին. «Գուլլիտ - վան Բաստեն» կամ «Բեկկենբաուեր-Մյուլլեր» կարգի զույգ: Խաղադաշտում Անդրեասյանն անում էր ամեն ինչ' պաշտպանվում, փոխանցումներ անում, գոլ խփում: Եվ միշտ խաղում էր գլուխը բարձր պահած' ուղիղ և փոխաբերական իմաստներով: Նայում էր շուրջը, և ոչ թե ոտքերի տակ, իսկ գնդակը վարժեցրածի նման ապրում էր նրա կողքին: Այս ամենին գումարած' Անդրեասյանն իսկական մարտական բնավորություն ուներ: ԲԿՄԱ-ի հետ խաղին նա եկավ քաղաքացիական հագուստով. վնասվածքից հետո նոր էր սկսել մարզվել, և խաղալու մասին խոսք չկար: Բայց պարզվեց, որ խաղի համար հայտագրված կազմում նա կա: Ընդմիջմանը մարզիչը խնդրեց նրան դուրս գալ խաղադաշտ: Նա դուրս եկավ, ու հենց նրա շնորհիվ Մարկարովը խփեց այդ խաղի միակ' հաղթական գոլը: Ավելի ուշ' 1976-ին, West Ham United-ի հետ Գավաթների գավաթի խաղից հետո անգլիացիների մարզիչը «Արարատին» բաց կտրոն առաջարկեց' ցանկացած գին, միայն թե Անդրեասյանը տեղափոխվի իր թիմ: Բայց, պարզ բան է, այդ ժամանակ դա անհնար էր:

1973 թ., երևանյան օդանավակայան: Երկրպագուներն ու լրագրողները դիմավորում են ԽՍՀՄ գավաթակիր «Արարատին»
1973 թ., երևանյան օդանավակայան: Երկրպագուներն ու լրագրողները դիմավորում են ԽՍՀՄ գավաթակիր «Արարատին»

Էդուարդ Մարկարով' սա արդեն բոլորովին այլ պատմություն է: Նա ամենատարեցն էր թիմում: Եվ ամենափորձառուն. նա արդեն ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել էր աշխարհի բրոնզե մեդալակիր: 1971-ին Մարկարովը «Արարատ» տեղափոխվեց «Նեֆտչիից», որտեղ նրան անընդհատ հիշեցնում էին տարիքի մասին (և դա ընդամենը 29 տարեկանում), ակնարկում էին, որ «այլևս այն չէ», պարզ ասած' դուրս էին մղում թիմից: Իսկ «Արարատում» Մարկարովը փայլեց ինչպես երբեք: Լինելով ցածրահասակ ֆուտբոլիստ (164 սմ), նա, այնուամենայնիվ, գոլեր էր խփում նաև գլխով, ֆանտաստիկ տեխնիկա ու արագություն ուներ: Մի քանի մրցակիցների շրջանցելն ու ցանկացած դիրքից երկու ոտքով էլ գոլ խփելը նրա համար բացարձակ ոչ մի դժվարություն չէին ներկայացնում: Նրա ցուցանիշը' 129 գոլ առաջնություններում, ԽՍՀՄ պատմության մեջ 6-րդ տեղում է: Բնական է, որ իրենց թիմում էքստա դասակարգի ֆուտբոլիստներ ունենալով, երկրպագուները իրավունք ունեին սպասել միայն առավելագույնին' չեմպիոնության: 1973 թվականի հոկտեմբերի 29-ին մրցաշրջանի վերջին խաղում Լենինգրադի «Զենիթը» «Հրազդանում» 3:2 հաշվով պարտվեց, և «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն: Ֆուտբոլասերների ուրախությունը նկարագրելու հարմար կա՞ն հարմար բառեր:

«Հրազդանի» փոշոտ նստարաններին որպես տակդիր օգտագործվող հին թերթերն այդ օրը «գործի ժամանակ վառվեցին». երեկոյան մարզադաշտի տրիբունաները բռնկվեցին հազարավոր ինքնաշեն ջահերի լույսով: Հաղթանակը տոնվում էր ի սրտե ու մեծ թափով: Մարզադաշտում սկսված տոնը շարունակվում էր գիշերային Երևանի փողոցներում, որտեղ մեքենաներն ձայնային ազդանշաններ էին տալիս, մարդիկ պարում էին, որտեղ գինի էին խմում ու խորոված հյուրասիրում: Այդ հոկտեմբեր Հայաստանում ամեն ինչ հնարավոր էր: «Ավրորա» ամսագրի թղթակից Սամոյլովը եկավ Երևան Մաթեմատիկական սարքավորումների երևանյան ինստիտուտի մասին ակնարկ գրելու: Փոխարենը «Ավրորայի» էջերում հայտնվեց «Արարատի» ոսկե աշնան» մասին հոդվածը: Մի՞թե այդ ժամանակ Հայաստանում ֆուտբոլից կարևոր որևէ բան կար:

Թիմի ավագ Հովհաննես Զանազանյանն ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նվիրական ավարով
Թիմի ավագ Հովհաննես Զանազանյանն ու մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նվիրական ավարով

Դառնալով ԽՍՀՄ չեմպիոն' «Արարատը» միանգամից վերածվեց պաշտանմունքի. «անդրեասյանական փոխանցում», «Զանազանյանի ու Բոնդարենկոյի հարվածը», «Աբրահամյանի ռեակցիան». հաղթանակի բոլոր բաղադրիչներն իրենց երկրպագուներին գտան: Յուրաքանչյուր բակային թիմ իր «Իշտոյանն» ու «Մարկարովն» ուներ: Անգամ սև-սպիտակ հնգանկյուններով ֆուտբոլային գնդակը երևանյան երեխաները սկսեցին «արարատյան» կոչել: Գրեթե բոլոր շենքերի պատերին սպիտակ ներկով ներկված դարպասներ և «Արարատ» գրությունը հայտնվեցին: Ամսագրերից ու թերթերից կտրված կուռքերի նկարներով զարդարվեցին գրեթե բոլոր կոշկակարների ու դերձակների սրահների պատերը: Կանաչ ու մանուշակագույն տուփերով թողարկվեց «Արարատ» ծխախոտը. կանաչի վրա ԽՍՀՄ գավաթն էր, մանուշակագույնի վրա' չեմպիոնների ոսկե մեդալները: Նրանք միանգամից դարձան եզակի ու վերածվեցին հավաքածուների ամենացանկալի ցուցանմուշների: Ստվերային տնտեսվարողները շատ արագ չեմպիոնի խորհրդանիշներով կախազարդերի, «Արարատ» գրությամբ շապիկների ու այլ իրերի արտադրություն ծավալեցին... Բայց այս ամենի մեջ չտեսնված էր սիրելի թիմի մասին երգով կարմիր «ինքնաշեն» սկավառակի թողարկումը. հերոսներից յուրաքանչյուրին մի տող, երբեմն էլ' ամբողջ քառատող էր նվիրված: «Սեզոնի հիթի» համար որպես ծրար էր ծառայում ֆուտբոլիստների խմբակային լուսանկարը: Եթե անգամ այսօր Հայաստանի հավաքականը հաղթի աշխարհի առաջնությունում, արձագանքը դժվար թե այսքան բուռն լինի:

Իհարկե, տոնը հավերժ չէ, և ֆուտբոլիստների կյանքն էլ մեծ սպորտում այդքան երկար չէ: Հաղթողների սերունդը գնաց, նրանց փոխարինելու եկածները երկնքից աստղեր չէին իջեցնում, գավաթներն ու մեդալները անցյալում մնացին, լեփ-լեցուն «Հրազդանը»' նույնպես: Այսօր հայկական ֆուտբոլը միայն երազում է երբեմնի հաղթանակների մասին, հանդիսատեսը գրեթե չի գնում խաղերը դիտելու: Բայց կիսադատարկ տրիբունաներում չլինի-չլինի, մեկ էլ կտեսնես այն «Արարատի» երկրպագուներին: Նրանց այսօր չես նախանձի, որովհետև այն ֆուտբոլը գնացել է, իսկ նրանք' մնացել: Բայց միևնույն է, նրանք ամենաերջանիկ մարդիկ են, քանի որ նրանք մասնակցում էին ու կերտում ֆուտբոլային պատմությունը, գեղեցիկ խաղի ու հիանալի հաղթանակների վկաներն էին:

«Ереван» ամսագիր,  N6, 2006

Այս թեմայով