10 Ապրիլ 2013, 11:21
1217 |

Երևանի քույրիկները. Վենետի՛կ, քույրիկս…

Վենետիկը քաղաքամայր Երևանի վերջին քույրն է:

Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկն ու մեր հնամենի մայրաքաղաքը 2011-ի դեկտեմբերից օրինականացրեցին իրենց հարաբերությունները: Քույրացման համաձայնագրից հետո երկու քաղաքներն արդեն պաշտոնական մակարդակով կշարունակեն համագործակցությունը: Առհասարակ, Վենետիկը հայկական պատմության մեջ ունի իր առանձնահատուկ դիրքը: Հայերի առաջին շփումները Վենետիկի հետ սկսվում են դեռ 6-րդ դարից: Սակայն հարաբերություններն առավել սերտացան Կիլիկիայի հայ թագավորության շրջանից. Վենետիկը Կիլիկիո հայկական պետության առանձնաշնորհյալ դաշնակիցն էր: 1201 թվին հայերն այստեղ արդեն ունեին իրենց սեփական «Հայկական տունը»՝ հայ կրոնավորներին պատկանող մի քանի եկեղեցիներ: 15-րդ դարում էլ կառուցվեց հայոց սբ Խաչ եկեղեցին: 1512-ին հենց Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպեց առաջին հայերեն գիրքը՝ Ուրբաթագիրքը: Հին ու Նոր Ջուղայի վաճառականների շնորհիվ 16-րդ դարում Վենետիկն իր վտանգված տնտեսության համար նեցուկ դարձրեց հենց հայ վաճառականներին: 1715-ին նրանք առևտրական կրպակներ ունեին քաղաքի նավահանգստում: Հենց նրանց ֆինանսական օժանդակությամբ հայերը տեղի իշխանություններից որպես սեփականություն ստացան սբ Ղազար փոքրիկ կղզին, որն այդ ժամանակ 7000 ք/մ էր: Այդ թվականից կղզին ընդարձակվել է մի քանի անգամ և այժմ հասել 30 000 ք/մ-ի: Այստեղ հրատարակվեցին հայ դասականների 125 հատորներ, կրթություն ստացան ականավոր հայեր: Երբ 1810-ին Նապոլեոնը գրավեց Վենետիկը' կայսերական հրամանագրով միայն Մխիթարյան Մայրավանքը դիտվեց իբրև ակադեմիական հաստատություն և չենթարկվեց Իտալիայի վանքերը ջնջելու կայսերական օրենքին: Եվրոպայի հայկական կղզին 150 000 գրքի ճոխ հավաքածու ունի, նաև ձեռագրատուն՝ 5 000 հայկական ձեռագիր մատյաններով:

Վենետիկյան դիմակահանդես

Ամեն տարի փետրվարին կամ մարտին իտալական քաղաքում իրականություն են դառնում նվիրական երազանքները: Մոտ երկու շաբաթ վերանում են կապանքները, Վենետիկը դառնում է մոլորակի ամենաաշխույժ անկյունը, որտեղ շտապում են ուրախ ապրելու հնարավորությունից օգտվողները: Քույրիկների ամենամեծ տարբերությունը հենց այստեղ է: Երևանում դիմակահանդեսներ գրեթե չեն կազմակեպվում: Պաշտոնապես քաղաքային մեծ դիմակահանդես Երևանում 2 անգամ է եղել: Վենետիկյան դիմակահանդեսի ռոմանտիզմի, խրախճանքների փոխարեն երևանյան խրախճանքի ժամանակ բնապահպանական մթնոլորտ էր: Վենետիկում ասեղ գցելու տեղ չկա, հատկապես կենտրոնական ծուռումուռ փողոցներում, որոնց երկայնքով զանազան հուշանվերների խանութներ են՝ լի վենետիկյան հայտնի ապակե իրերով ու դիմակներով: Ընդհանրապես, դիմակները կարևոր տեղ ունեն Վենետիկի իմիջի մեջ: Գիշերվա գալուն պես դիմակները շունչ են առնում ու կյանք տալիս թագավորներին, նրանց ֆավորիտներին ու ծաղրածուներին, մարմնավորում մահն ու սերը: Ի հակադրումն դրա Երևանում դիմակահանդես-երթի ժամանակ երիտասարդ բնապահպանները նվագախմբով շարժվում են քաղաքի գլխավոր փողոցներով ու զարմացնում անցորդներին աղբից պատրաստված կենդանիներով՝ պոլիէթիլենե վագր ու թափոններից սարքած սրածայր կոտոշներով քարայծ: Ի տարբերություն երևանյանի' վենետիկյան դիմակահանդեսի ավանդույթն ընդունված է կապել կաթոլիկների' Մեծ պահքին նախորդող խրախճանքի հետ: Նույնիսկ իտալերեն «կառնավալ» բառի ստուգաբանությունն է դա հուշում' «հրաժեշտ մսին»: Իրականում տոնի արմատները հեռավոր հեթանոսության մեջ են: Հարյուրամյակների արգելքից հետո Վերածննդի դարաշրջանը կենդանացրեց կառնավալի ավանդույթը' քրիստոնեական բարեսրտությամբ խմբագրված: Վենետիկի կառնավալն այսպես գունեղ ու պայծառ է դարձել 18-րդ դարից, երբ հանդերձները դարձան բարձր մոդայի դասական նմուշներ: Այս ամենի շնորհիվ Վենետիկյան դիմակահանդեսը համարվում է տարվա հինգերորդ եղանակը: Հենց այդ եղանակին արժե հյուրընկալվել Երևանի ամենասիրելի քույրերից մեկին:

Վենետիկի կինոփառատոնը՝ ամենահինն աշխարհում

2013-ի աշնանն արդեն 70-րդ անգամ Վենետիկի նեղլիկ փողոցները, ջրային երթուղայինններն ու տաքսիները գերզբաղված կլինեն: Վենետիկն ընկղմվում է կինոաշխարհի հորձանուտի մեջ. լավագույն ֆիլմեր, պահանջված ու հայտնի դերասաններ ու շքեղ միջոցառումներ: Վենետիկյան փառատոնը օրինակ է նաև ավագ քրոջ համար, որը միայն 60 տարի անց որոշեց հետ չմնալ նրանից: Հարյուրավոր ֆիլմեր, դերասաններ ու ռեժիսորներ, որոնք ճանաչում ստացան հենց վենետիկյան փառատոնի շնորհիվ, այժմ այցելում են Երևան՝ ներկա գտնվելու «Ոսկե Ծիրանին»: Կինոն երկու քաղաքների փառատոներում էլ նախ արվեստ է, հետո միայն բիզնես: Վենետիկյան ջրանցքներով ճոճվող գոնդոլաների մեջ կինոթատրոն շտապելն առանձնակի հաճույք է, բայց հետ չեն մնում նաև երևանյան ամառային զով երեկոներին Սիրահարների այգու բաց ցուցադրությունները: Խորհրդանշական է, որ այս տարին կլինի հոբելյանական երկու քույրերի համար էլ. Ոսկե Ծիրան երևանյան միջազգային փառատոնը կնշի 10-րդ հոբելյանը:

Այս թեմայով