12 Հունիս 2013, 16:25
1349 |

Դավիթն ու Խանդութը Վենետիկում

Հայաստանը Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեում ներկայացված է Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթի պատումով», որը խոսքի և դրա անմիջական դրվագման, անցյալի ու ներկայի, ավանդույթի և մոդեռնի ինքնատիպ համակցման օրինակ է: Պատումը համապատասխանում է ոչ միայն բիենալեի գլխավոր կոնցեպտին, այլևցուցադրման միջավայրին' Սուրբ Ղազար կղզուն, որտեղ ի հայտ են եկել հայ բազմադարյան մշակույթի բազում նմուշներ, այդ թվում և հայ առաջին տպագիր գիրքը:

«Տղա Դավթի և աղջիկ Խանդութի հեքիաթի պատումն» ուղեկցված է ինտերակտիվ վիդեո-ինստալյացիայով' անգլերեն տիտրերով, ինչն օտար այցելուներին հնարավորություն է տալիս ընկալել հյութեղ կառնո բարբառով ընթացող խոսքի և դրվագների իմաստը:

Վենետիկի 55-րդ բիենալեն անցկացվում է հունիսի 1-ից նոյեմբերի 24-ը' «Հանրագիտարանային պալատ» ընդհանուր խորագրով: Այն, ըստ էության, երևակայական պալատ է, որտեղ ներկայացվում են մարդկության կարևորագույն գյուտերը' անիվից մինչև արբանյակ, անցյալի ու ներկայի, հնի և նորի համադրությամբ:

Վետենիկի ժամանակակից արվեստի բիենալեն հիմնադրվել է 1895-ին' որպես «Վետենիկի միջազգային գեղարվեստական ցուցահանդես», որտեղ ցուցադրվել են 16 երկրի նկարիչների ստեղծագործություններ: 1930-ականներին բիենալեի շրջանակներում բացվել են թատերական, կինոյի փառատոներ, իսկ 1975-ից' ճարտարապետության միջազգային ցուցահանդես: Հայաստանը բիենալեին մասնակցում է 1995-ից:

Այս թեմայով