07 Հունիս 2018, 00:27
86354 |

«Հաղթանակ» զբոսայգու սրճարաններն ու այգու ներկայիս վիճակը

Ովքե՞ր սրճարան ունեն «Հաղթանակ» զբոսայգում և ի՞նչ վիճակում է այժմ գտնվում այգին:

Մինչև 2055 թվականը «Հաղթանակ» զբոսայգու տարածքում ավելի քան 650 քմ մակերես տարածք վարձակալել է Վարդան Ամարյանը: 2005-ի մայիսի 31-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշման` մեր ձեռքում եղած պատճենից կարելի է ենթադրել, որ այս անձնավորությունը կառույց է ունեցել զբոսայգում, իսկ 643 քմ-ն ձեռք է բերել եղած շինությունը արդիականացնելու, տանիքը որպես օգտագործվող մակերես վերակառուցելու և 643.2 քմ մակերեսանոց հողամասին կից, բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով: Թե ով է Վարդան Ամարյանը, ի՞ր, թե՞ ուրիշի համար է նա ձեռք բերել տարածքը, պարզ չէ: 2008-ին նույն Զախարյանը իր նախկին որոշման մեջ փոփոխություններ է կատարել և վարձակալության ժամկետը սահմանել մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը:

Զբոսայգում մինչև 2057թ. տարածք են վարձակալել Բելլա Ստեփանյանն ու Արմինե Քոչարյանը: Հատկացման նպատակը` «Հաղթանակ» զբոսայգու տարածքի շինության սպասարկման նպատակով: 


2007-ին քաղաքապետ Զախարյանի որոշմամբ Օվսաննա Մկրտչյանին սեփականության իրավունքով շենքի զբաղեցրած հողամասին կից տարածքն ընդլայնելու նպատակով, առանց հրապարակային սակարկությունների, տրամադրել է 273.4ք, մակերեսով հողամաս և 546.8 քմ ընդհանուր մակերեսով հողամասին, 50 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունք` «տարեկան վճար սահմանելով տարածագնահատման 4-րդ գոտու հողամասի կադաստրային արժեքի 1 տոկոսի չափով»:


Կառուցապատման նպատակով մինչև 2025 թ. բավականին մեծ տարածք է տրամադրվել «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ին, մինչև 2027թ. «Հաղթանակ» ՍՊԸ-ին` հրուշակեղենի արտադրամասի կառուցման համար, «Արագիլ» ՍՊԸ-ին, ում պատկանում է «Արագիլ» ռեստորանը` 2015 թ. /ընդհանուր 3025.7 քմ/, տվյալ հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով: Նշենք, որ այսօր «Արագիլ» ռեստորանը չի գործում` ավելի շատ հիշեցնելով ավերակի:

Ընդհանուր առմամբ, զբոսայգու տարածքում, վարձակալած տարածքներ ունեն 24 իրավաբանական ու ֆիզիկական անձինք: Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2005-ի ապրիլի 21-ի որոշմամբ ճանաչվել է նրանց մի մասի սեփականության իրավունքը ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ:


Այստեղ վարձակալած տարածքներ ունեն նաև Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարություններըՀայաստանի հրեական համայնքը, «Աֆղանստանի պատերազմի վետերանների միավորում» ՀԿ-ն, «Ղ-Տելեկոմ»ընկերությունը` հուշարձաններ տեղադրելու կամ էլ ինչ-որ կայաններ կառուցելու նպատակով: 

Այգու տարածքում գտնվող արհեստական լիճն էլ Երևանի քաղաքապետարանին է: Զգացվում է, չէ՞

Այգում սրճարանի համար տարածք է հատկացվել Զավեն Մովսիսյանին, ռեստորանի համար` «Ավետիք» ՍՊԸ-ին, Բիլիարդի տաղավարի համար` Արտակ Սիմոնյանին, ավտոմատ խաղերի տաղավարի համար` Աշոտ Սիմոնյանին:

Նշենք, որ այգու տարածքում գրեթե բոլոր հողահատկացման որոշումները կայացվել են Երվանդ Զախարյանի օրոք, միայն մեկը` «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին 8 քմ հողամաս տրամադրելու մասին, ու ևս մեկ որոշում կայացվել է Գագիկ Բեգլարյանի կողմից: Նրան հաջորդող Կարեն Կարապետյանի ու Տարոն Մարգարյանի կողմից այգու տարածքում հողահատկացման որոշում չի կայացվել: Գոնե դա են փաստում քաղաքապետարանի` մեզ տրամադրած փաստաթղթերը: Երևի ազատ տարածք չի մնացել:

 

Նյութի սկզբնաղբյուրն այստեղ

 

Այս թեմայով