22 Մարտ 2017, 22:12
10907 |

Արևային տաղավարները Ախթալա քաղաքում

Վերջերս Ախթալա քաղաքի քաղաքապետարանի և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ համատեղել ջանքերը «Ախթալա քաղաքի` արևային էներգիայով զարգացման ծրագրի» իրականացման վերաբերյալ: Ծրագրի նպատակն է Ախթալայում նվազեցնել էներգետիկ ծախսերը՝ արևային էներգիան հասանելի դարձնելով համայնքում հանրային սոցիալական, կրթական և մշակութային հաստատությունների, ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար, բարձրացնել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների մասին իրազեկվածության մակարդակը:

Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի հետ համագործակցության արդյունքում նախագծի շրջանակներում նաև նախատեսվում է Ախթալայի կենտրոնական այգում կառուցել արևային տաղավար` օրական 70-80 սարքերի լիցքավորման հնարավորությամբ և անվճար wi-fi ինտերնետի առկայությամբ: Իրականացվող միջոցառումների շնորհիվ արված խնայողությունները համայնքին թույլ կտան ֆինանսավորել երկարաժամկետ բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրեր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Ախթալա կատարած այցի ժամանակ ներկայացվեց ծրագրի նախնական տարբերակը: Վարչապետը նշեց, որ կառավարությունն ամեն ինչով կաջակցի ծրագրի իրականացմանը: Արևային էներգիայով զարգացման այս ծրագիրը պիլոտային է Լոռու մարզում և օրինակ կդառնա՝ մյուս համայնքների կայուն զարգացման համար:

Այս թեմայով