13 Մարտ 2014, 13:44
2229 |

Տարբերություն կա՛

Մարտի 11-ի երեկոյան «Երևան փրոդաքշնս» ընկերության շենքում՝ Արամի 80 հասցեով «Բնակարանում», հավաքվել էին զանազան բնագավառներ ներկայացնող երևանցիներ՝ ճարտարապետություն, դիզայն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, գրականություն, հրատարակչական բիզնես և այլն: Նրանց հրավիրել էին որպես փորձագետներ և ուղղակի Երևանի բարեկամներ՝ քննարկելու «Երևան փրոդաքշնս» ընկերության նոր նախագիծը: Ղեկավար Էդուարդ Այանյանը նոր գաղափարը համառոտ ներկայացրեց հյուրերին, որից հետո ներկաների կարճատև շփոթությունը միանգամից վերածվեց խանդավառ հետաքրքասիրության: Սկսվեց թեժ քննարկում: «Երևան 2.0» խորագրով նախագիծը նպատակ ունի փոխել ու թարմացնել Երևանը, ցույց տալ տարբերությունը՝ ինչ կա այսօր և ինչ պետք է ստեղծվի վաղը: Հյուրերը համաձայնեցին, որ մեր քաղաքի առաջին տարբերակը, որ ստեղծվել էր 20-րդ դարում, արդեն հնացել է աշխարհի «օպերացիոն համակարգի» ֆոնում: Երիտասարդ ճարտարապետ ու բլոգեր Արսեն «Shur» Կարապետյանը շեշտեց, որ կարևոր է նախագծի ներուժը ծառայեցնել քաղաքի համալիր վերանորոգմանը. «Պետք է փոխվի ոչ միայն արտաքին տեսքը, այլև երևանցիների վերաբերմունքը քաղաքի հանդեպ ու հենց իրենք՝ երևանցիները: Սա է նոր նախագծի հաջողության գրավականը», - վստահ է ճարտարապետը: Դերասան Հրանտ Թոխատյանը սատարեց ու զարգացրեց թեման՝ վստահեցնելով, որ այս նախագծի ցանկացած ստեղծարարական նախաձեռնություն դրական կազդի քաղաքի վրա: Նրա խոսքերով՝ նույնիսկ շատ փոքր գործողությունները օգուտ կբերեն քաղաքին. ուղղակի պետք է մի բանից սկսել, այլ ոչ թե կռահել՝ կստացվի թե չէ: Ի դեպ, Երևանը գնահատելու օպերացիան, որի մասին գրել էր ImYerevan-ը, այս նախագծի առաջին գործնական քայլերից է: Քննարկումներն ու ընկերական վեճերը տևեցին մինչև կեսգիշեր: Վերջում բոլորն ընդունեցին նոր նախագծի գլխավոր սկզբունքներից մեկը. նախաձեռնությունը պետք է լինի բաց, մասնակցել պետք է կարողանան Երևանի համար սրտացավ բոլորը՝ անկախ բնակության վայրից, լեզվից ու նույնիսկ ազգությունից:

«Բնակարանում», որը մոտ ապագայում պաշտոնապես կբացվի բոլոր երևանցիների համար, այսպիսի թեյախմություններն ու քննարկումները կլինեն կանոնավոր ու կդառնան բարի ավանդույթ: «Բնակարանը» կլինի այլընտրանքային սրճարան նրանց համար, ովքեր ուզում են հանգիստ ժամանակ անցկացնել ու աշխատել տնային միջավայրում: Բացի դրանից, այն կլինի մի վայր, որտեղ ուրախությամբ կընդունեն ցանկացած մարդու, որը կամենում է իրական ներդրում ունենալ Երևանն ավելի գեղեցիկ, ուրախ, հարմարավետ, անվտանգ, խելացի ու նորաոճ դարձնելու համար: Որպեսզի ոչ միայն երևանցիները, այլև հյուրերը հերթական անգամ քաղաքն այցելելիս բավականությամբ ու հատուկ տոնով ասեն «Կա՛ տարբերություն», քանի որ հենց դա է նոր նախագծի կարգախոսը: Սակայն դեռ մնում են անպատասխան հարցեր, որոնց մասին վկայում է շենքի մուտքի գրությունը. «Օրվա թեմա. ի՞նչն է տարբերությունը»: Բայց թվում է՝ այստեղ կգտնեն պատասխանները: Դռան վրա փակցված «Երևան 2.0» ցուցանակն էլ զվարթ ակնարկում էր, որ շարունակություն լինելու է...

Այս թեմայով