22 Մարտ 2017, 13:28
10698 |

Օպերայի շատրվանները. քաղաքի նոր շունչը

Քաղաքի շրջակա միջավայրի բարելավումն աշխարհի շատ երկրներում վաղուց արդեն դարձել է սովորույթ: Երևանում էլ շատ գաղափարներ արդեն ի կատար են ածվել, բայց մի փոքր ժամանակ է պահանջվում հասկանալու համար արդյոք նոր կառույցը տեղադրված վայրում համահունչ է քաղաքին, թե՝ ոչ: Այդ կարծիքն արդեն թողնում ենք քաղաքացիներին:

Այսօր մենք առաջարկում ենք մի գեղեցիկ փոփոխություն Օպերայի տարածքում՝ Կարապի լճի հարեվանությամբ. «Երաժշտական գործիքների» փոխարեն կառուցել հետիոտնային շատրվան, որին կից լինելու է ալիքի կամ աստիճանների ձևով բնական խոտածածկ: Կառուցված է լինելու հողային հիմքի վրա և ամրացված գազոնային վանդակների միջոցով, ինչը լանդշաֆտին տալու է գեղեցիկ տեսք, ամրություն և երկարակեցություն:

Այսօր շատ է տարածված արդիականացված շատրվաններ կառուցելը: Իսկ այս տեսակի հետիոտնային շատրվանները համարվում են գերարդիական ճարտարապետաինժեներական լուծում ջրամատակարարման ոլորտում և իր դիզայնով այն ամենապահանջվածն է: Առաջին հայացքից այս շատրվանը, կարծես, սովորական հետիոտնային գոտի է, որն անջատած ժամանակ թույլ է տալիս ազատ տեղաշարժվել դրա մակերևույթով: Սարքավորումները տեղաբաշխվելու են աղբյուրի տակ կամ մոտակայքում գտնվող հատուկ տեխնիկական գոտում: Իսկ միացված ժամանակ կկարողանանք տեսնել վեր ցատկող ջրային հոսանքներ, որ երեկոյան փոխելու են իրենց գունավորումը: Նուրբ ջրի ցողերը հաճելի են  ինչպես երեխաներին, այնպես էլ՝ մեծահասակներին: Շոգ եղանակին ցայտող ջրերի միջով քայլելը միայն հաճույք է:

Այս գաղափարի հեղինակը, ով առաջարկել է այս կոկիկ շինությունը /շատրվան և կանաչապատ տարածք/ հանդիսանում է Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը, իսկ դիզայներական լուծումը պատկանում է «SNKH» ճարտարապետական ստուդիային: Տվյալ պահին նախագիծը գտնվում է մշակման փուլում: Հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ հանգստյան գոտի, որտեղ հնարավոր է լինելու կարդալ, լուսանկարվել և ինչու ոչ՝ նաև երազել. մի խոսքով, հաճելի ժամանակ անցկացնել: Մնում է միայն սպասել նախագծի ավարտին՝ վայելելու նրա ամբողջական տեսքը:

Այս թեմայով