25 Ապրիլ 2014, 17:16
1256 |

Եկավ հարցերը լուծելու ժամանակը

Ապրիլի 22-ին Ամերիկյան համալսարանի դահլիճում «Երևան 2.0» նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Երևանյան գարուն» հանդիպումը՝ նվիրված Երևանին, նրա խնդիրներին ու արդիական քաղաքային հարցերին՝ ինչպիսին է քաղաքը ներկայանում իր բնակիչներին, հյուրերին ու մշտական բնակության նպատակով Երևան տեղափոխվելու որոշում կայացրած մարդկանց:

Միջոցառման հատուկ հյուրը Հայաստանում ԵՄ Խորհրդատվական խմբի անդամ Սթիվեն Բրաունն էր Լոնդոնից: Հայաստանից մեկնելուց առաջ Սթիվենը կիսեց վերջին 7 ամիսներին Երևանում գտնվելու ընթացքում ստեղծված տպավորություններն ու սեփական վերաբերմունքը քաղաքի ու մարդկանց հանդեպ: «Երևանը շատ առավելություններ ունի,- պատմեց Սթիվենը:- Ասենք՝ իմ հարազատ Լոնդոնը ապրելու համար շատ ավելի վտանգավոր վայր է, քան Երևանը: Սնունդը, ջուրը, հյուրասիրությունը, թանգարանները՝ դա էլ է բարձր մակարդակում: Բայց ես չեմ ուզում շատ խոսել այն մասին, թե ինձ ինչ դուր եկավ, չէ որ մենք բոլորովին այլ նպատակով ենք հավաքվել: Այն ամենից, ինչ աչք է ծակում, հիշում եմ հուշարձանների տեղեկատվական գրություններն անգլերեն լեզվով, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը: Դա շատ մեծ մարտահրավեր է զբոսաշրջիկներին, չէ որ Երևանն այս յոթ ամիսների ընթացքում ինձ որպես հուշարձան-քաղաք է ներկայացել: Շքեղ ձևավորված և որոշակի մշակութային ու պատմական արժեք ներկայացնող հուշարձանների ութսուն տոկոսը չունեն անհրաժեշտ տեղեկատվություն քաղաքի անգլալեզու հյուրերի համար»,- պատմեց Բրաունը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու, մասնավորապես, Երևանը արտասահմանում պատշաճ կերպով ներկայացված չեն: «Հայաստանում միանշանակ կան վայրեր՝ ինչպես պատմական, այնպես էլ մշակութային, որոնք կհետաքրքրեն հազարավոր արտասահմանցիների: Բայց քչերը գիտեն, որ դրանք Հայաստանում են: Դա խոսում է այն մասին, որ արտասահմանում երկրի առաջխաղացումը անհրաժեշտ կերպով չի իրականացվում: Օրինակ՝ այն, որ ես Հայաստան եմ եկել աշխատանքի բերմամբ, այլ ոչ թե որպես զբոսաշրջիկ, ինքնին խոսուն փաստ է»:

Հանդիպման ժամանակ ելույթ ունեցան նաև հայրենադարձներ մի շարք երկրներից: Երիտասարդ ձեռնարկատերեր, դիզայներներ, նկարիչներ ու գրողներ՝ բոլորը համակարծիք էին այն հարցում, որ Երևանին նոր գաղափարներ, նոր մոտեցում է հարկավոր խնդիրների լուծման համար: «Պետք չէ կենտրոնանալ խնդիրների վրա: Մենք հոգնել ենք զոհի կարգավիճակից: Այո, տնտեսական դժվարություններ, Ցեղասպանություն, մտավորականության արտահոսք՝ այդ ամենն ազդել է ինչպես Երևանի, այնպես էլ ամբողջ հայության ներկայիս վիճակի վրա: Բայց ժամանակն է թոթափելու այդ արմատացած կարգավիճակն ու սկսելու լուծել մեր խնդիրները»,- վստահ է Իսրայելից եկած դիզայներ Ռուբեն Մալայանը:

«Մեզ՝ սփյուռքահայերիս ու տեղացիներիս երկխոսություն է պակասում,- ասում է Արտո Վոնը՝ երիտասարդ գրող ԱՄՆ-ից:- Խնդիրներն այնքան վաղեմի ու չլուծված են, որ մենք պարզապես սկսել ենք չնկատել դրանք: Անհրաժեշտ է պլատֆորմ, որի վրա տեղի կունենան բաց քննարկումներ, և այդպիսի պլատֆորմ կարող է դառնալ «Երևան 2.0» նախագիծը»: RepatArmenia կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի խոսքով՝ շատ երևանցիների խնդիրն այն է, որ իրենք գաղափար չունեն ինքնին Հայաստանի մասին. «Ես այստեղ եմ ծնվել, երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, բայց ինձ երևանցի չեմ համարում, որովհետև հակասություններ եմ տեսնում քաղաքի ու մնացած երկրի միջև: Այո, ես հայ եմ, բայց ինձ հուզում են ոչ միայն քաղաքի, այլև ողջ երկրի խնդիրները: Ես կարծում եմ, որ այդ խնդիրները փոխկապակցված են, և դրանք պետք է զուգահեռաբար լուծել»:

Միջոցառման ավարտին Սթիվեն Բրաունն իր աջակցության ու Երևանի խնդիրների քննարկման հարցում բաց ու անկեղծ լինելու համար արժանացավ «Երևան 2.0»-ի պատվավոր քաղաքացի» հավաստագրին: Բացի այդ, բոլոր հյուրերին առաջարկվեց պատասխանել Երևանի մասին մի քանի հարցերի՝ լրացնելով մինի-հարցաշարը:

Այդպես, «Երևանի ո՞ր վայրն առաջին հերթին խորհուրդ կտայիք ձեր ընկերներին այցելել» հարցի պատասխանների մեջ հաճախ էին հանդիպում՝ Օպերային թատրոն, Կասկադ, շուկաներ՝ վայրեր, որոնք փոխանցում են քաղաքի բացառիկ կոլորիտը և այլն: Քննարկման հյուրերն ու մասնակիցները որպես չափազանց բացասական տարածք առանձնացրեցին նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շրջակայքը, լքված տներն ու գործարանները, ինչպես նաև աղբով լցված փողոցները: Իսկ պատասխանելով «Ի՞նչ խորհուրդ կտայիք Երևան 2.0 նախագծին» հարցին՝ միջոցառման մասնակիցները ցանկացան, որպեսզի Երևանն ավելի կանաչ դարձնենք, օգնենք երիտասարդ ստեղծագործ մարդկանց իրենց նախագծերի իրականացման գործում, և որպեսզի նախագիծը հետևողական լինի առաջընթաց ապահովելու մեջ:

Այս թեմայով