25 Փետրվար 2017, 13:28
1914 |

Ռանիերի. Սիրո պատմության մասնակիցը հեռացավ

Ավարտվեց ևս մեկ սիրո պատմություն: Պատմություն, որի մեջ չկային երկու սիրող սրտեր, այլ մի ակումբ, մարզիչ և մի ամբողջ ֆուտբոլային աշխարհ, որոնք սիրում էին իրար փոխադարձ սիրո բոլոր տեսակներով: Ավարտվեց ևս մեկ ֆուտբոլային սիրո պատմություն՝ բաղկացած տարատեսակ նվաճումներով և հաղթանակի գույներով: Այս պատմությունը ցույց է տալիս ժամանակակից ֆուտբոլի գեղեցիկ կողմը, ապացուցում որ գումարը ոչինչ է այդ հրաշագեղ խաղի մեջ:

Երբ Անգլիայի 2014/2015 թվականի առաջնությունը մոտենում էր ավարտին, արտասովոր ոչինչ չկար. մի քանի թիմ պայքարում էր չեմպիոնության համար, մյուսները՝ առաջնությունում մնալու: «Լեսթերը»՝ մեր պատմության մասնակիցներից մեկը, պայքարում էր առաջնությում տեղ պահպանելու համար: Եվ դա չէր ստացվում նրա մոտ այնքան ժամանակ, մինչև որ չհանդիպեց Ռանիերիին՝ մեր մյուս հերոսին: Ճակատագրական հանդիպում, որը փոխեց ամբողջ պատմության հետագա ընթացքը: Աղյուսակի ամենաստորին հատվածից թռիչք մինչև 14-րդ տեղ, 9 խաղում 7 հաղթանակ և սա միայն սիրո առաջին արգասիքներն էր:

Ինչպես ամեն մի սիրող զույգի մոտ, այս զույգը ևս ցանկանում էր երեխա ունենալ: Դա նրանց մոտ ստացվեց արդեն հաջորդ՝ 2015/2016 մրցաշրջանում և իրենց միախառնվելուց ծնվեց մի հիանալի, պայքարող և հաղթանակների ծառավ ունեցող թիմ, որը պետք է պայքարի մեջ մտներ գիգանտների հետ: Եվ չնայած ոչ մեկ չէր հավատում երեխայի ապագային, հավատում էին ծնողները:

Առաջնության հենց սկզբից երևաց «Լեսթեր» թիմի անհատականությունը: Նրանք առանց գոռուն-գոչյունների ուզում էին բոլորին ցույց տալ, որ ֆուտբոլը թիմային խաղ է և այն խաղում են գնդակով, այլ ոչ թե գումարով: Առաջնությունում ամենացածր աշխատավարձային բյուջե ունեցող թիմում հանդես էին գալիս այսպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Մահրեզը՝ ով նախորդ մրցաշրջանում հանդես էր եկել Ֆրանսիական երկրորդ դիվիզիոնում, և 29-ամյա Վարդին, ով ընդամենը 5 տարի առաջ աշխատում էր գործարանում:

Առաջնության առաջին կեսի ավարտից հետո ֆուտբոլային աշխարհն արդեն պայթել էր: Նրանք խոսում էին «Լեսթերի» սենսացիոն հաղթանակների, սպասվող չեմպիոնության մասին: «Լեսթերն» ուներ կրած ընդամենը մեկ պարտություն 19 խաղում: Եվ այդ բազում հաղթանակների գլխավոր հերոսը թիմն էր՝ Վարդիի և Ռանիերիի գլխավորությամբ:

Ռանիերին համեստորեն լռում էր: Երբ թիմին ընդամենը մի քանի քայլ էր բաժանում չեմպիոնությունից, կրկին նշում, որ նպատակը մեկն է՝ լավ խաղ ցուցադրել և տեղը պահպանել Պրեմիեր Լիգայում: Ռանիերիի նպատակը իրականացավ: Ապրիլին նրա թիմն իր պատմության ընթացքում առաջին անգամ տեղն ապահովեց ՉԼ-ում: Անհավատալի է... նրանք արդեն ՉԼ-ում են, երբ ընդամենը մեկ տարի առաջ պայքարում էր տեղն առաջնությունում պահպանելու համար:

Ավելի անհավատալին այն էր, որ համեստ Ռանիերին և իր թիմը նվաճում են չեմպիոնությունը: Ֆանտաստիկա... ֆուտբոլը հաղթում է գումարին: Ամբողջ ֆուտբոլային աշխարհը հրճվանքի մեջ էր, բոլորը հիացած էին այս գեղեցիկ պատմությունով:

«Կարեւոր է մեր պատմությունն ավարտել այնպես, ինչպես ամերիկյան ֆիլմում» նշել էր Ռանիերին: Սակայն չստացվեց: Պատմությունը շարունակվեց մինչև 2017թ. փետրվար: Ռանիերին բաժանվում է իր սիրուց՝ ակումբից և թիմից: Նրան հեռացրեցին:

Այո, պատմությունը չունեցավ ուրախ ավարտ, ինչպես միշտ է լինում, սակայն այն իր տեսակով յուրահատուկ էր: Ռանիերին ամբողջ աշխարհին ցուցադրեց, որ ամեն ինչ փողով որոշվող այս դարում փողը ոչինչ է, այն էլ աշխարհի ամենաթանկ լիգայում: Ռանիերին ցույց տվեց, որ սերը միայն զույգերի միջև չէ որ կարող է լինել:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՌԱՆԻԵՐԻ

Այս թեմայով