29 Օգոստոս 2016, 11:16
2926 |

Թուրքիայում 10.000 պատմամշակութային շինություններից 4.600-ը հայկական են

Հրանտ Դինքի անվան հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից հետո նրա ընտանիքի հիմնած և Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամը նախաձեռնել էր «Անատոլիայի մշակութային ժառանգությունը» անվանումով հատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացահայտել և հաշվարկել են ամբողջ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնությունների թողած պատմամշակութային շինությունների քանակն ու ներկայիս վիճակը:

Նախագծի համակարգող Մերվե Քուրտը և հետազոտողներ Թունա Բաշըբեքը, Զեյնեփ Օղուզը, Ալեքսանդրոս Կամբուրիսը և Վահագն Քեշիշյանը նախագծի շրջանակում երկու տարի շարունակ ուսումնասիրել են Օսմանյան պետական արխիվները, ինչպես նաև մեկնել Հունաստան և Շվեյցարիա՝ արտասահմանյան արխիվներին ծանոթանալու համար:

Մերվե Քուրտի խոսքով՝ գրեթե բոլոր այս պատմական կոթողների անուններն այլևս թրքացված են: Նրա խոսքով՝ այս պատմական հուշարձանների զգալի մասը մատնված է անուշադրության և պահպանության տակ առնվելու լուրջ կարիք ունի:

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան,Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով:

Հիմնադրամը նախագծի շրջանակներում հրապարակել է հատուկ քարտեզ, որտեղ ցուցադրված են հայկական, աորական, հունական և հրեական պատմական կոթողների վայրերը, այդ քարտեզում առկա են եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, անգամ՝ հին հայկական դպրոցների ու որբանոցների շենքեր:
Հիմնադրամի պատասխանատուները հայտարարել են, որ իրենց ստեղծած նոր արխիվը բաց է բոլորի համար:

Աղբյուրը ՝ shabat.am

Այս թեմայով