02 Մայիս 2013, 13:27
1391 |

Հանրակացարան հայկական եկեղեցու փոխարեն. Թուրքիա

Նախկինում հայերով բնակեցված Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհի շրջանի Սուրբ Հովհաննես եկեղեցին քանդվել է: Եկեղեցին առանց քաղաքապետարանի թույտվության վերածվում է մահմեդական կրոնական կրթություն ստացող աղջիկների ուսանողական հանրակացարանի:

Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Սիիրթի մասնաճյուղը ուսումնասիրել է Էրուհի շրջանում հայերին պատկանող եկեղեցիների ու գերեզմանոցների ոչնչացման քաղաքականությունը և հանդես եկել զեկույցով: İHD ներկայացուցիչները ցույց են տվել սբ Հովհաննես եկեղեցու հայատառ հուշաքարերի լուսանկարները, որոնց վրա խաչ կա' տեղեկացնելով, որ այդ քարերն օգտագործվել են շինարարության մեջ:

Վերջերս Էրուհ-Սիիրթ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում ոչնչացվել էին մոտ 100 հայկական գերեզմաններ: Շինարարության ընթացքում մահացածների ոսկորներն այս ու այն կողմ էին նետվել: Գյուղացիները հետագայում դրանք հավաքել ու ամփոփել էին հողում:

«Սա հայ ժողովրդի հավատքի և կենցաղի նկատմամբ վիրավորանք է: Տիրող իրավիճակի պատասխանատուների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Անհրաժեշտ է դադարեցնել այս շինարարությունը: Ուսանողական հանրակացարանը թող մեկ այլ տեղ կառուցվի»,-ասել է իրավապաշտպան Զանա Աքսուն' շինարարությունը գնահատելով որպես հետին միտք ունեցող արարք: Նա հայտարարել է, թե 1915-ին սկսված և շարունակվող Հայոց ցեղասպանության գաղափարը Սիիրթում փորձում են թարմ պահել։

Այս թեմայով