15 Մարտ 2016, 11:44
1074 |

High Tech. Բարի գալուստ վիրտուալ իրականություն

Հեռավոր 1995 թվականին ճապոնական Nintendo ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին ընտանեկան խաղային սարքը, որը կարող էր վերարտադրել «իրական» եռաչափ գրաֆիկա: Սակայն թանկարժեքության ու ծանրության, ինչպես նաև տեխնոլոգիաների անկատարության պատճառով Virtual Boy-ը գնորդների շրջանում հետաքրքրություն չառաջացրեց ու արագ մոռացվեց:

21-րդ դարի երկրորդ կեսը վերականգնեց վիրտուալ իրականության տեխնոլոգիաները. այժմ խոշորագույն ընկերությունները պատրաստ են ներկայացնել սեփական լուծումները: 2016 թվականը խոստանում է շուկայի այս հատվածի պայթյունանման աճ, քանզի վիրտուալ իրականությունն այսօր կյանքի է կոչվում բազում տարբեր ձևերով ու կարող է բավարարել հաճախորդի ցանկացած պահանջ:  

Լրացուցիչ իրականություն

Որոշ ընկերություններ զբաղված են, այսպես կոչված, «լրացուցիչ իրականության տեխնոլոգիայի» մշակմամբ: Այն իրենից ներկայացնում է ոչ լիարժեք վիրտուալ իրականություն, սակայն այստեղ առկա են ոլորտի բոլոր գլխավոր ձեռքբերումները: Տեխնոլոգիան մարդու տեսադաշտ է մտցնում լրացուցիչ տեսողական տվյալներ՝ նպատակ ունենալով լրացնել շրջակա միջավայրի մասին տեղեկությունները և բարելավել տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը խառնում է արհեստական տեսողական օբյեկտները իրական շրջակա միջավայրի հետ՝ թույլ տալով ստանալ լիարժեք, կամ կողմնակի տեղեկատվություն:

Ոլորտի առաջին «ծիծեռնակը» Google ընկերությունն էր, չնայած այն բանին, որ Google Glass ակնոցների նախնական տարբերակը հեղափոխություն չառաջացրեց «հում» լինելու և չափազանց բարձր արժեքի պատճառով: Ներկայումս ընկերությունը զբաղված է ակնոցների կատարելագործմամբ, քանի որ առաջին տարբերակի անհաջողությունից հետո շուկայի հատվածը զբաղեցրին մյուս հսկաները. այսպես, Microsoft-ն արդեն ներկայացրել է տեխնոլոգիայի իր տարբերակը՝ Hololens անվանմամբ, Canon-ը մշակում է պրոֆեսիոնալ դիզայներների համար նախատեսված ակնոցները, և այլն:

Մրցակցությունը չափազանց ուժեղ է լինելու, քանի որ տեխնոլոգիան ունի կիրառման առավել լայն շրջանակներ, քան սովորական վիրտուալ իրականությունը: Դա ոչ միայն նոր մոտեցումներ են կրթության, հաղորդակցության ու զվարճանքի բնագավառներում, այլև խոշոր հեռանկարներ առողջապահության, գիտահետազոտական աշխատանքների ու մասնավոր բիզնեսի համար:

«Էժան» վիրտուալ իրականություն

Ի տարբերություն նույն Virtual Boy-ի ու Google Glass-ի, բարձր տեխնոլոգիաների աշխարհում գոյություն ունեն լուծումներ, որոնց գինը գնորդի դրամապանակին վնաս չի հասցնում: Այս ամենն ի շնորհիվ Google-ի Cardboard անվանմամբ մշակման. դրա հիմքում վիրտուալ իրականության սաղավարտն է, որը, մշակողների պատկերացմամբ, հնարավոր է հավաքել ձեռքի տակ եղած նյութերով: Տեխնոլոգիայի էությունը հետևյալում է. ստվարաթղթից, օպտիկական ոսպնյակներից, մագնիսից ու  կպչուն օղակներից հատուկ սխեմայով հավաքվում է սաղավարտը, ինչից հետո դրա մեջ տեղադրվում է սմարթֆոնը, որն էլ վերարտադրում է վիրտուալ իրականության կոնտենտը: Իհարկե, սա լիարժեք վիրտուալ իրականություն չէ, սակայն իրենից ներկայացնում է բավականին հաջող նմանակում:

Google-ի այս փորձը ստիպեց մյուս «խաղացողներին» մտնել մրցակցության մեջ: 2014 թվականին նոյեմբերին Volvo-ն ներկայացրեց Android-ով աշխատող սեփական բրենդային սաղավարտը, որը թույլ է տալիս օգտատերերին կիրառել տեխնոլոգիան Volvo XC90 ավտոմեքենայում: Հետո՝ ավելին. հարավկորեական Samsung-ը թողարկեց տեխնոլոգիայի առավել առաջադեմ տարբերակը՝ Gear VR-ը՝ հատուկ Galaxy շարքի սմարթֆոնների համար, որը մեծ հաջողություն ունեցավ օգտատերերի շրջանում:

Վերջերս ընկերությունը ներկայացրեց Gear 360 պանորամային տեսախցիկը, որը կարող է ստերեոձայնով 4K որակի տեսանյութեր նկարահանել հատուկ վիրտուալ իրականության սարքերի համար, ինչպես նաև՝ իրական ժամանակային ռեժիմում փոխանցել այն սմարթֆոնին, կամ համակարգչին: Սակայն ամենակարևորն այն է, որ հայտարարվեց այս ոլորտում հարավկորեական հսկայի ու վիրտուալ իրականության պիոներներից մեկի՝ Facebook ընկերության միջև համագործակցության մասին:

Իսկական վիրտուալ իրականություն

Լիարժեք վիրտուալ իրականությունը հասանելի է հատուկ սաղավարտի միջոցով, որն իրենից ներկայացնում է բավականին թանկարժեք ու բարդ տեխնոլոգիա: Այսպիսի սաղավարտը թույլ է տալիս մասնակիորեն սուզվել վիրտուալ իրականության աշխարհ, ստեղծում է համակարգչի կողմից ստեղծված տարածութայն մեջ տեսողական ու ձայնային ներկայության էֆեկտ: Ընդ որում, իրական շրջապատող աշխարհը գրեթե չի ընկալվում: Չորս տարի առաջ Oculus VR  ոչ մեծ ընկերությունը ներկայացրեց վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտը: Տեխնոլոգիան անմշակ էր, սակայն Facebook սոցիալական ցանցը, տեսնելով զարգացման ահռելի հեռանկարներ, գնեց ընկերությունն ու զբաղվեց մշակմամբ:

Վերացվեցին բոլոր թերությունները (նախկինում սաղավարտի օգտագործման հետևանքով օգտատերերի աչքերը շաղվում էին, առաջանում էր ծովային հիվանդություն և սրտխառնոց գլխի պտույտի ու պատկերի թարմացման միջև ժամանակային ուշացման հետևանքով) և 2016թվականի առաջին եռամսյակում ընկերությունը ներկայացրեց սարքի սպառողական տարբերակը՝ 599$ արժեքով: Շուկայում պայքարի մեջ մտան այլ ընկերություններ ևս. ճապոնական Sony-ն ներկայացրեց սեփական PlayStation VR սաղավարտը, որը նախատեսված է PlayStation 4 խաղային սարքի համար: Այն ավելի էժան է, քան Oculus Rift-ը, սակայն տեխնիկական առումով զիջում է վերջինիս:

Թայվանական HTC ընկերությունը, ամերիկյան Valve-ի հետ համատեղ առաջարկեցին իրենց լուծումը HTC Vive սաղավարտի տեսքով՝ հագեցած արտաքին տեսախցիկով ու բազմաթիվ սենսորներով: Սարքի արժեքը առայժմ բավականին բարձր է ($799), սակայն մրցակցության ակտիվացումն ու տեխնոլոգիաների կատարելագործումը խոստանում են էժանացնել արտադրությունը, ինչը նշանակում է նաև արտադրանքի արժեքի նվազեցում:

 

Այս թեմայով