07 Մարտ 2016, 13:52
1655 |

High Tech: 2016 թվականի թրենդերի հնգյակը

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի բուռն զարգացումը և շուկայում նորանոր խաղացողների հայտնվելը կանխորոշում է այն հիմնական ուղղությունները, որոնց աճը հատկապես նկատելի կլինի 2016 թվականին։ Նոր տեխնոլոգիայի հայտնվելը գրեթե միշտ ունենում է աճող ձնագնդի ազդեցություն․ այն անխուսափելիորեն գրավում է խոշոր ընկերությունների ուշադրությունը, որոնք, բացի ուժեղ մրցակցությունից, դրա հիման վրա ուրվագծում են շուկայի հետագա պատկերը։ Այդ իսկ պատճառով այն, ինչ մի քանի տարի առաջ ֆանտաստիկ էր թվում, այսօր կարելի է անվանել թրենդային ու հեռանկարային։

1․ Վիրտուալ իրականություն

 

Ընթացիկ տարին կարելի է վստահաբար անվանել վիրտուալ իրականության տեխնոլոգիայի տարի։ Հեռավոր 90-ականներին որոշ ընկերություններ փորձեցին ներդնել տեխնոլոգիան սպառողական շուկայում։ Սակայն այն չկարողացավ գոյատևել՝ եղած հնարավորությունների անկատարության ու իրականացման ոչ պրակտիկ լինելու պատճառով։ Հաշվողական տեխնիկայի զարգացման և կատարելագործման, սարքային մասի չափերի փոքրացման հետ մեկտեղ վիրտուալ իրականությունն ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Մի քանի տարի առաջ Oculus Rift ընկերությունը, որն ավելի ուշ գնվեց Facebook սոցիալական ցանցի կողմից, ներկայացրել էր վիրտուալ իրականության սաղավարտի իր առաջին նախատիպը։ Oculus Rift-ում ստերեոէֆֆեկտի ձևավորման նպատակով պատկերը յուրաքանչյուր աչքի համար վերարտադրվում է դիսփլեյներից մեկի վրա (յուրաքանչյուր պատկեր զբաղեցնում է դիսփլեյի կեսից մի փոքր ավելին), ինչից հետո պատկերի երկրաչափությունը կարգավորվում է ոսպնյակների միջոցով՝ տեսադաշտի մեծացման համար։ Մոտ երկու տարվա ընթացքում ընկերությանը ոչ միայն հաջողվեց կատարելագործել տեխնոլոգիան և հաղթահարել բոլոր թերությունները, այլև, ինչն առավել կարևոր է, իր հետևեից շուկա տանել այնպիսի հսկաների, ինչպիսիք են Google-ը, Sony-ն, Samsung-ը, HTC-ն, Microsoft-ը և այլն։ Կոշտ մրցակցության պայմաններում նրանք բոլորը պատրաստ են 2016 թ-ին ներկայացնել սպառողական շուկայի համար նախատեսված իրենց սարքավորումները, իսկ խոշոր ստուդիաները մշակում են բազմազան ծրագրային ապահովում։ Տարին խոստանում է վիրտուալ իրականության տեխնոլոգիաների իսկական հեղեղ, որոնց շուկան կշարունակի սրընթաց աճել նաև հետագայում։   

 

            2. Եռաչափ տպագրություն

 

Հեռանկարային տեխնոլոգիաներից մեկը կապված է եռաչափ պրինտերների կիրառման հետ․ դրանք իրենցից ներկայացնում են հավելյալ սարքեր, որոնք կիրառում են ֆիզիկական օբյեկտների շերտային կառուցման մեթոդը՝ հիմնված եռաչափ թվային մոդելի վրա։ Ոլորտի սրընթաց աճը կտրուկ առաջընթաց և հերթական արդյունաբերական հեղափոխություն է խոստանում։ Ներկայումս գոյություն ունի ամենաբազմազան եռաչափ պրինտերների ահռելի քանակություն, որոնք տպագրման համար օգտագործում են տարբեր նյութեր (պլաստմասսա, մետաղներ, ապակի, անգամ՝ կենդանի բջիջներ) և տարատեսակ մեթոդներ (վերջերս մշակվել է մագնիսական լևիտացիայի վրա հիմնված եռաչափ տպագրության տեխնոլոգիա)։ Եռաչափ տպագրության կիրառումը ոչ միայն էժանացնում է արտադրությունը, այլև գործընթացն առավել ճշգրիտ է դարձնում։ Հետագայում կստեղծվեն բոլորի համար հասանելի ու բազմաֆունկցիոնալ եռաչափ պրինտերներ՝ յուրաքանչյուր տանը, որոնք մարդուն միաժամանակ սպառողից կվերածեն արտադրողի, քանի որ նա ինքնուրույն կկարողանա տպել այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Բժշկության ոլորտում տեխնոլոգիայի հսկայական հեռանկարներն արդեն այսօր տալիս են իրենց պտուղները․ սկսած տպված գանգատութից, որը հաջողությամբ փոխպատվաստվել է հիվանդին, մինչև արհեստական կիբերնետիկ վերջույթներ ու, անգամ, ներքին օրգաններ։

 

            3. Անվարորդ ավտոմեքենաներ

 

Առանց մարդու մասնակցության երթևեկելու ունակությամբ օժտված ավտոմեքենաները գիտական ֆանտաստիկայից իրականություն են տեղափոխվել ի շնորհիվ Google ընկերության ջանքերի։ Ռոբոտ-ավտոմեքենաները, որոնք մշակվել են ընկերության ինժեներների կողմից, արդեն բավական երկար ժամանակ փորձարկվում են ԱՄՆ ճանապարհներին։ Բազմազան սենսորների ու տեսախցիկների խմբի, ինչպես նաև՝ խորքային ուսուցման ու մեքենայական տեսողության տեխնոլոգիաների շնորհիվ, այս ավտոմեքենաները կարող են օպերատիվ կերպով գնահատել երթևեկությունը և վերադասավորվել ընթացքի ժամանակ։ Մյուս ընկերությունները ևս անմասն չեն մնում․ խոշոր ավտոարտադրողները ոչ միայն ներկայացրել են իրենց էլեկտրոմոբիլները (ամերիկյան Tesla Motors-ի հետ մրցակցելով), այլև ակտիվորեն մշակում ու փորձարկում են սեփական անվարորդ մեքենաները։ Մոտ է այն օրը, երբ խոշոր քաղաքների փողոցներով կշարժվեն ճշգրիտ ու ռացիոնալ ավտոնոմ մեքենաները՝ զուրկ մարդկային գործոնի թերություններից, ինչն, անկասկած, կնպաստի ՃՏՊ-ների քանակի նվազեցմանը ու ճանապարհային երթևեկության առավել որակյալ կազմակերպմանը։  

 

            4․ Էժան համակարգիչներ

 

Յուրաքանչյուր տարի համակարգիչների աշխատանքի համար անհրաժեշտ կիսահաղորդչային դետալների արտադրությունն էժանանում է, իսկ ծավալները՝ աճում։ Դրա հետ մեկտեղ, փոքրացվում են այդ դետալների չափերը, ինչը թույլ է տալիս էժան ու պրակտիկ պրոցեսորներն ու տվիչները կիրառել ամենատարբեր տեխնոլոգիաներում։ Վերջերս Respberry Pi Foundation ընկերությունը ներկայացրեց Respberry Pi համակարգիչների երրորդ սերունդը՝ քառամիջուկ պրոցեսորով, 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև՝ Wi-Fi, Bluetooth ու USB միանալու հնարավորությամբ։ Այսպիսի համակարգչի արժեքը կազմում է ընդամենը 35 ԱՄՆ դոլար։ Սակայն դա դեռ սահմանը չէ․ նախորդ տարվա մայիսին ամերիկյան Next Thing ընկերությունը ներկայացրեց համակարգիչ, որի արժեքը կազմում էր ընդամենը 9 ԱՄՆ դոլար։ Էժան համակագիչների շուկայի աճը թույլ է տալիս ամենուր ներդնել հաշվողական համակարգերը՝ կենցաղային տեխնիկայից մինչև անվարորդ ավտոմեքենաների կառավարում, ինչը 2016թ-ին, «խելացի» տան գաղափարի շրջանակներում, առավել նկատելի կդառնա։

 

            5․ Հուսալի մոբայլ տեխնիկա

 

Փետրվարի 22-25-ին՝ Mobile World Congress-2016 ցուցահանդեսի շրջանակներում, խոշորագույն ընկերությունները ներկայացրին բարձր հուսալիության իրենց նորագույն գաջեթները՝ դրանով իսկ կանխորոշելով այն հիմնական թրենդը, որին կհետևեն շուկայի մյուս բոլոր խաղացողները։ Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy շարքի նոր ֆլագմանական սմարթֆոնները, որոնք, բացի բարելավված ապարատային մասի, աչքի էին ընկնում կորպուսի ու էկրանի բարձր ամրությամբ, ինչպես նաև՝ ջրի և փոշու նկատմամբ անթափանցելիությամբ։ Մյուս արտադրողներն արդեն հայտարարել են, որ իրենց հերթական գաջեթները կլինեն ոչ պակաս հուսալի ու պաշտպանված։

 

 

Այս թեմայով