03 Փետրվար 2016, 00:24
1601 |

ՏՏ ոլորտի հայերի ձեռքբերումները

Արագավազ տեխնիկայի ակնթարթային զարգացման հետ չենք հասցնում աչք թարթել: ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) ոլորտում աշխարհի ձեռքբերումները օրեցօր էլ ավելի են ընդլայնվում: Աշխարհի տասնյակ հազարավոր ստարտափներ ստեղծել են և շարունակում են ստեղծել տարատեսակ ծրագրեր, բջջային և համակարգչային խաղեր, հավելվածներ, ծառայություններ, որոնք իրենցից նորամուծություն են ներկայացնում և հետաքրքրում են հասարակությանը: Այժմ Հայաստանում նույնպես առաջնթաց է նկատվում ՏՏ ոլորտում, և հայ ստեղծարար թիմերն իրենց աշխատանքներով արդեն մի շարք հաջողություններ են գրանցել: Այժմ տեսնենք, թե որոնք են հայկական արտադրության լավագույն տեխնոլոգիաները:

 

 

1. Shadowmatic խաղ-գլուխկոտրուկը՝ AppStore-ի  լավագույնխաղերից

2015-ի հունվարին Shadowmatic-ը ճանաչվեց 2015 թ. AppStore-ի  լավագույն խաղ (App Store Best of 2015):  Մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը Shadowmatic-ը  հաղթող  ճանաչվեց երկու անվանակարգում՝ «Գերազանցություն տեսողական արվեստում» (Excellence in Visual Art) և «Լրատվամիջոցների ընտրություն» (Media Choice Award):  Shadowmatic-ը  մրցանակի  արժանացավ նաև հունիսին` ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերության անցկացրած Apple Design Award ամենամյա մրցանակաբաշխությանը:

Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտնվող աբստրակտ օբյեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Այն մարդիկ ովքեր ունեն Apple ընկերության սարք՝ iPhone, iPad, iPod, ապա հնարավորություն ունեն ներբեռնելու այս հետաքրքիր և յուրօրինակ գլուխկոտրուկը: Այն վաճառվում է Apple App Store-ում ։

Խաղի հեղինակը Triada Studio-ն  է:  Այն հիմնադրվել է  դեռ 1993-ին:   Triada Studio-ն բաղկացած է չորս հոգուց`ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան և ընկերության տնօրեն Արա Աղամյան: Ընկերությունը երկար տարիներ զբաղվել է եռաչափ մոդելավորման, անիմացիայի, գովազդների, ֆիլմերի հատուկ էֆեկտների և այլ ստեղծագործ գործունեությամբ:

 2. Pics Art՝ 2015-ի ամենաթեժ ստարտափներից մեկը, որի արտադրած հավելվածը Forbes-ը գնահատել է 250 մլնդոլար

Լուսանկարների խմբագրման եւ տարածման հայկական PicsArt–ը հեղինակավոր ամերիկյան Forbes ամսագրի  կողմից կազմված «2015 թվականի ամենաթեժ «սթարթափ» -ների շարքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Կայքի բջջային հավելվածը գնահատվել է 250 մլն դոլար:

PicsArt-ը նկարների խմբագրման եւ նկարելու հնարավորություն ընձեռող անվճար եւ լիարժեք հնարավորություններով օժտված բջջային հավելված է՝ ստեղծված Android, iOS եւ Windows օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսների համար: Ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Կալիֆորնիա նահանգի Մաունթեն Վյու քաղաքում: PicsArt-ը հարում է ավելի քան 10 միլիոն նկարիչ-օգտատեր ունեցող արվեստի ամենախոշոր սոցիալական կայքի բջջային տարբերակին՝ թույլ տալով օգտատերերին աշխարհի տարբեր անկյուններից կապ հաստատել: PicsArt բջջային հավելվածը ներբեռնվել է ավելի քան 110 միլիոն անգամ եւ շարունակում է ընդլայնել եւ բարելավել իր կիրառության շրջանակը՝ յուրաքանչյուրի համար իր ստեղծագործ մտքին ազատություն տալու եւ նկարիչ դառնալու հնարավորություն ստեղծելով:

Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը  նշել է, որ PicsArt-ը սոցիալական ցանց չէ, այն ավելի շատ նման է նկարների համար նախատեսված YouTube-ի: Խոսելով հավելվածի ստեղծման մասին, նա  պատմել է, որ իրեն ոգեշնչել է իր դուստրը. «Նա կրեատիվ է, նա արտիստ է։ Ու հրաշալի կլիներ ունենալ մի հավելված, որը թույլ կտա նրա նման մարդկանց ստեղծագործել»:

3.  Հայկական Zangi-ն՝ Skype-իև viber-ի լուրջ մրացակից

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների Դորնսայֆ ինստիտուտի անցկացրած «Ստեղծարար Հայաստան» միջոցառման ժամանակ՝ փետրվարի 21-ին, հայ ինժեներների թիմը՝ Վահրամ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ներկայացրել է բջջային զանգի հավելված, որը զարմացրել է լսարանին։ Zangi հավելվածը կոչված է բարելավելու հաղորդակցական ծառայությունը։ Skype-ն ու Viber-ը ներկայում ոլորտի առաջատարներն են, սակայն Zangi-ի մշակողները պնդում են, որ ներկայում այն կլինի ավել լավը ու ավելի հարմարավետ, քան առաջատար մրցակիցների ծառայությունն է։

Ցուցանիշները վկայում են հավելվածի արժանիքների հանդեպ օգտատերերի վերաբերմունքի մասին. Zangi-ն իր տեսակի մեջ Հայաստանում թիվ մեկ ներբեռնված հավելվածն է՝ 150 հազար օգտատերերով։ Այն դուրս է մղել Skype-ին, Viber-ին, Tango-ին և մի շարք այլ ծառայությունների։ Հավելվածն արմատներ է գցում նաև արտերկրում։ Այն ԱՄՆ-ում ունի մոտ 1000 օգտատեր:

Մրցակիցների նկատմամբ Zangi-ի առավելություններից մեկն այն է, որ այն ապահովում է մաքուր ձայնային և տեսազանգեր նույնիսկ համացանցային թույլ միացման դեպքում։ Հավելվածը նաև ստեղծված է այնպես, որպեսզի բջջայինից հնարավորինս քիչ ռեսուրս օգտագործի և արդյունքում ունենա բարձր արտադրողականություն նույնիսկ պակաս հզոր հեռախոսների դեպքում։ 

 

4. Եթե կորցրել եք ձեր հեռախոսը SIM Card Change Notifier հավելվածը կօգնի ձեզ

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված SIM Card Change Notifier հավելվածի միջոցով Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերն այն կորցնելու դեպքում կարող են տեղեկանալ այդ մասին: Նշյալ հավելվածը գրել են Instigate Mobile ընկերության մասնագետները: Հավելվածի ներբեռնումը անվճար է: Ընկերության տնօրեն Ա. Չոփուրյանը նշում է, որ Կորցրած հեռախոսի SIM քարտի փոփոխման դեպքում անմիջապես այդ մասին տեղեկացնող  SMS հաղորդագրություն է գալիս նախօրոք գրանցված համարին։ SMS հաղորդագրությունը պարունակում է նաև GPS կոորդինատները, որտեղ այդ պահին գտնվում է սմարթֆոնը: Հավելվածը ստեղծել են մոտ 2 տարի առաջ: iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների`iPhone-ների համար նման հավելվածի ստեղծման հնարավորության համար նման հավելված հնարավոր չէ ստեղծել, քանի որ Android-ի տրամադրած ինտերֆեյսն այդ առումով ավելի հարուստ է, մինչդեռ iOS-ում այն բավականին սահմանափակ է, ինչն էլ հնարավորություն չի տալիս նման հավելվածներ մշակել iOS-ով աշխատող սարքերի համար: Հավելվածն  աշխատում է Android 2.2-ից սկսած սմարթֆոնների համար, սակայն շուտով՝ մոտ 1 ամսից, կթողարկվի հավելվածի նորացված տարբերակը, որն ավելի արդյունավետ կաշխատի Android ՕՀ-ի ավելի նոր տարբերակների համար և կպարունակի մի շարք նոր ֆունկցիոնալ բաղադրիչներ։

 

 5.  2015-ի նոյեմբերին ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատեց «.հայ»  բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմենը և դրա շնորհիվ օգտատերերը շատ շուտով հնարավորություն կստանան գրանցելու հայալեզու ինտերնետ հասցեներ:

Դոմենը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014 թ.: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ բարձր մակարդակի .am հայկական լատինատառ դոմենի մենեջերը: Դոմենը տրամադրվեց Հայաստանին 1994 թ: Կազմակերպության անդամները կարծում են, որ «.հայ» դոմենի օգտագործումը կնպաստի հայոց լեզվի օգտագործմանը և պահպանմանը,  մարդիկ լատինատառ հայերենից անցում կկատարեն դեպի հայատառը, ինչպես նաև կխթանվի և կընդլայնվի Հայաստան-Սփյուռք կապը:

Նոր հայալեզու դոմենի գաղափարին հավանություն են տվել կառավարության և հասարակական բնագավառի  մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

6. Eye Care Plus-ը հնարավորություն է տալիս հայտնաբերել, ինչպես նաև կանխել  տեսողական խնդիրները 

10 տարի առաջ հիմնված Sourcio փորձառու ընկերությունը մշակել է Eye Care Plus օգտակար հավելվածը, որը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել տեսողության հետ կապված խնդիրները և կանխել հետագա բարդությունները:

Eye Care Plus բջջային հավելվածի հեղինակները հայտարարում են, որ հավելվածը չի կարող փոխարինել կանոնավոր հետազոտումն ակնաբույժի մոտ և խորհուրդ է տալիս ծրագրի առաջարկած թեստերից հետո հետազոտվել մասնագետի մոտ: Eye Care Plus-ը աչքերի համար անհատական վարժությունների հավաքածու է տեսողության բարելավման, ինչպես նաև տեսողության հետ կապված խնդիրների կանխման համար նախատեսված տեսողական թերապիայի վարժությունների ամենօրյա պլանի տեսքով: Ըստ էության, սա ծրագրային փաթեթ է, բաղկացած հիմնական հավելվածից և արբանյակ հավելվածներից, որոնք ոչ մեծ լրացուցիչ թեստեր են և թրենինգներ: Ամբողջական տեսքով այն թույլ է տալիս ի հայտ բերել խնդիրն ու կանխել հետագա բարդացումը հատուկ վարժությունների միջոցով:

 

Հավելվածն առաջարկում է աչքերի համար ամենատարբեր վարժությունների լայն ընտրանի` դա և հատուկ տիբեթական մեթոդն է, և հայտնի բժիշկների մշակած մեթոդը: Ընդ որում, օպտիմալ մեթոդաբանությունն առաջարկվում է օգտատերին միայն հատուկ թեստեր անցնելուց հետո, որոնք ի հայտ են բերում խնդիրը: Օգտատերը կարող է ինքնուրույն հարմարեցնել վարժությունները սեփական կարիքների և ժամանակացույցի հետ:

Ընկերության համահիմնադիր և տնօրեն Պավել Սնխչյանը նշել է, որ այս պահին հավելվածը հասանելի է միայն Android հարթակում, սակայն մշակվում է նաև  iOS-տարբերակը:

Eye Care Plus-ը միակը չէ և ունի մրցակիցներ: Սակայն ընկերությունն մշտապես նորություններ է առաջարկում, որ մյուսները չունեն: Ընկերությունը մտադիր է հետագայում համագործակցել բուժհաստատությունների հետ:

7.Truthly.me-ն անկեղծանալու հնարավորություն է տալիս

Truthly ստարտափը ստեղծել է Truthly.me սոցիալական ցանցը, որտեղ մարդիկ անանուն կերպով կարող են իրենց շրջապատի մարդկանց ասել այն, ինչը նրանք երբեք չեն ասի դեմ առ դեմ,  քանի որ բնականաբար միշտ չէ, որ դիմացինին ասում ենք այն ինչ մտածում ենք նրա մասին: Կայք հնարավոր է այցելել և գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Կարծիք մեկը մյուսի մասին  կարող են գրել միայն ֆեյսբուքյան ընկերները:  Truthly.me-ն հնարավորություն է տալիս անկեղծորեն գրել ընկերոջ բնավորության այն գծերի մասին, որոնք ձեզ դուր չեն գալիս, կամ երբ ձեզ նյարդայնացնում է այն, թե ինչպես է վերջերս իրեն պահում ձեր ընկերը, կամ օրինակ եթե դժգոհ եք մնացել երեկվա խնջույքից,  բայց ամաչում եք բարձրաձայնել դրա մասին: Կարդալով անանուն կարծիքները միգուցե ձեր ընկերները  սկսեն վերանայել իրենց: Կայքում կարող են տեղ գտնել և բացասական, և դրական կարծիքներ, քանի որ երբեմն  պատահում է, որ խուսափում ենք նաև դրական մտքեր դեմ-դիմաց արտահայտելուց: Truthly.me-ն ունի շատ դրական կողմեր. օգտատերերը հնարավորություն ունեն միաժամանակ ազատ կարծիք հայտնելու և կարծիքներ կարդալով ավելի լավ իրենք իրենց ճանաչելու: Այս պահին մոտ 25 000 օգտատեր է օգտվում կայքից,  օրական միջինում 1500 հարց է տրվում ու 3500 կարծիք է թողնվում:

8. Render Forest՝տեսանյութերի հարթակ, որից օգտվում են մոտ 140 երկիր

Render Forest-ն առցանց հարթակ է, որը թույլ է տալիս օգտատերերին ինքնուրույն բարձր թողունակության տեսանյութ ստեղծել: Կայքի գործարկումից ի վեր ստեղծվել է տեսաբովանդակության մոտ 50-60 հազար միավոր: Դա հիմնականում շնորհանդեսներ են, անիմացիոն, գովազդային հոլովակներ, ներկայացուցչական տեսանյութեր ընկերությունների համար, գովազդային հոլովակներ բջջային հավելվածների, ինչպես նաև ոչ կորպորատիվ հաճախորդների համար`սլայդշոու, ընտանեկան և հարսանեկան տեսագրություններ և այլն: Ըստ էության, կայքում կարելի է ամենատարբեր ուղղվածության բարձրորակ տեսանյութեր ստեղծել , ինչն անհնար է առցանց իրականացնել որևէ այլ ռեսուրսում»,-պարզաբանել է ընկերության հիմնադիր` Նարեկ Սաֆարյանը:

RenderForest-ի թիմը փորձել է համատեղել այն ամենն, ինչ անհրաժեշտ է մի հարթակում: Մի ամբողջ տարի ծրագրավորողները մշակել են նախատիպը, իսկ պատրաստի պրոդուկտը լիարժեք կայքի տեսքով գործարկվել է 2015-ի սկզբին: Ընդամենը 8 ամսում ստարտափը վաճառքների, գրանցված օգտատերերի ու թրաֆիկի 4000% աճ է գրանցել: Կայքում արդեն ավելի քան 100 շաբլոն է առաջարկվում ամենատարբեր գովազդային հոլովակների ու բջջային հավելվածների համար: Ընտրելով որոշակի շաբլոն` օգտատերը կարող է խմբագրել այն, ներբեռնել լուսանկարները, երաժշտությունը, խոսակցությունը, տեքստերը, ընտրել գունապնակը` օրինակ, եթե ընկերությունը սեփական բրենդինգն ունի, կարելի է վերջնական տեսանյութում օգտագործել այդ բրենդի բոլոր գույները:

«Մենք կարողացանք նաև ավելի մեծ թվով ծրագրավորողների ներգրավել բջջային հավելվածների մշակման համար: Այդ ամենը թույլ կտա մեզ ոչ միայն պահպանել առկա կադրերը մեկ տարի անց, այլ նաև շարունակել ընդլայնվել»,-նշել է  Render Forest-ի հիմանդիրը:

9. Let’s Twist խաղը հավանության է արժանացել Apple-ի կողմից

 2015-ին մարտին ստեղծված և ընդամենը 3 ծրագրավորող ունեցող հայկական  ArmNomads Games սկսնակ ընկերության ստեղծած Let's Twist խաղը շատ արագ հետաքրքրեց համաշխարհային հսկա Apple-ին: Նոյեմբերի 12-ին հայտնվելով App Store առցանց խանութում` խաղը «Apple խմբագրության ընտրությունը» կարգավիճակ ստացավ 78 երկրների շարքում և մեկ շաբաթվա ընթացքում գլոբալ առաջխաղացման իրավունք աշխարհի 135 երկրում: ArmNomads Games թիմի հիմնադիր և գեյմ-դիզայները Արթուր Կարոյանն է:

« Մեզ դիմեց Apple-ի եվրոպական բաժանմունքը` հայտարարելով, որ խաղը նրանց շատ է դուր եկել և իրենք ուրախ կլինեն օգնել մեզ: Թողարկումից մի քանի շաբաթ առաջ մեզ հետ կապվեց նաև ընկերության ամերիկյան բաժինը: Նրանք ասացին, որ խաղը շատ լավն է, և եթե մենք ցանկանում ենք, որ իրենք էլ մեզ աջակցեն, ապա լավ ամսաթիվ է 2015-ի նոյեմբերի 12-ը: Մենք որոշեցինք, որ կարելի է սպասել, քանի որ ամերիկյան Apple-ը ցանկացած մշակողի երազանքն է, առավել ևս, որ խաղը վճարովի է » - նշել է Կարոյանը:

Թողարկումից հետո խաղը հայտնվեց App Store-ի առաջին տեղում 78 երկրում և սեփական գլխագիրը ստացավ հսկայական բանների տեսքով որպես «Խմբագրության ընտրություն»: Ամենից շատ խաղը վաճառվել է ԱՄՆ-ում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:

 

10. Joomag ծառայությունից աշխարհում օգտվում է ավելի քան 300.000 հրատարակիչ

 Թվային ինտերակտիվ հրատարակության ոլորտի նորեկներից մեկը` հայկական Joomag ստարտափը, տեղեկացրել է ամերիկյան հեղինակավոր Getty Images ֆոտոգործակալության հետ համագործակցության մասին։ Yahoo!-ն նշում է, որ այս տանդեմի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հազարավոր առցանց խմբագիրներ հասանելիություն կստանան միլիոնավոր բարձրորակ կրեատիվ և խմբագրական լուսանկարների։ Աղբյուրը մանրամասնում է, որ Joomag հարթակն օգտագործող բոլոր խմբագիրները հաշված վայրկյանների ընթացքում կկարողանան հասանելիություն ստանալ և օգտագործել Getty Images-ի ամենաբարձրակարգ  լուսանկարները` լրատվության, սպորտի, ժամանցի և մի շարք այլ բնագավառներում: Joomag-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանն իր հերթին նշել է, որ իրենց ընկերության և Getty Images-ի համագործակցությունը լիովին երաշխավորում է լուսանկարների պրեմիում դասի կոնտենտ։ Հայկական ստարտափն ամբողջ աշխարհում ունի 300.000-ից ավելի հրատարակիչ, որոնք տվյալ հարթակի միջոցով ստեղծում են ինտերակտիվ ամսագրեր, թերթեր, բլոգներ, կատալոգներ, բրոշյուրներ և էլեկտրոնային գրքեր։

Այս թեմայով