30 Մարտ 2012, 11:40
1742 |

Հաճելի մանրուքներ

Դիզայներ, լուսանկարիչ Արվին Քոչարյանի սերը դեպի զանազան հավաքածուները՝ վիսկիի շշեր, կրակայրիչներ, պայմանավորված է բնավորությամբ: Բայց դրանցից ամենաթանկարժեքը նրա համար փոքր մեքենաների հավաքածուն է: Սակայն Արվինի խոսքերով, կարևորն այստեղ ոչ թե այդ «խաղալիքներն» են և ոչ էլ նույնիսկ իր սերը դեպի մեքենաները, այլ սեփական, թեկուզ ոչ իրական աշխարհի ստեղծման ցանկությունը:

Առաջին խաղալիք մեքենան գնել եմ 16 տարի առաջ: 17 տարեկան էի, ապրում էի Թեհրանում, երբ տեսա այդ սև Hummer-ը: Հիշում եմ՝ ինձ համար բավական թանկ էր, բայց չէի կարող մտքից հանել: Ամեն օր մտնում էի խանութ, նայում այդ խաղալիք մոդելին, մինչև որ վերջապես հավաքեցի անհրաժեշտ գումարն ու գնեցի այն: Հայրս ոչ մի կերպ չէր կարող հասկանալ, թե ինչպես ես այդքան գումար տվեցի խաղալիքի համար: Հետո էլ, երկար ժամանակ չէր ըմբռնում իմ հավաքածուի իմաստը: Միայն երբ մեքենաների թիվը հասավ 50-ի՝ համակերպվեց:

Հիմա ունեմ 92-ը: Հիմնականում 1970-80-ականների ամերիկյան մակնիշի մեքենաներ են: Կան մոդելներ, որոնցից երկու օրինակ ունեմ: Այդպես պատահում է, երբ կարծում եմ, որ մեքենան նույնքան գեղեցիկ է երկու տարբեր գույներով: Ունեմ նաև բացառիկ նմուշներ՝ հին մոդելներ ժամանակակից թյունինգով: Բայց ամենից շատ հպարտանում եմ Dogde Viper GTS #51-ով, որը թողարկվել է 1998-ին ընդամենը 500 օրինակով: Ցավոք, ուզածս ոչ բոլոր նմուշներն առայժմ ունեմ:

Իմ երազանքի մեքենան 1977-ի Jeep wagoner-ն է: Սիրահարվել եմ նրան մի տասը տարի առաջ, բայց այն ժամանակ գնել չկարողացա՝ 150 դոլար էր, այսօր արդեն՝ 800: Բայց մի օր անպայման կհայտնվի ինձ մոտ:

Կան շատ լավ ընկերություններ, որոնք կրկնում են օրիգինալը ամենայն մանրամասներով, ընդհուպ մինչև սալոնի նստարանների արտաքինը: Այդպիսի մեքենաներն արժեն 400-500 դոլար: Որոշ մեքենաներ ստիպված գնում եմ ավելի պարզ տարբերակներով, քանի որ ավելի լավը պարզապես գոյություն չունի, վճարելով մոտ 100 դոլար: Եվ կան էքսկլյուզիվ, սահմանափակ քանակով թողարկվող նմուշներ, որոնց արժեքը կարող է հասնել և անցնել 1500-ը: Օրինակ՝ ընդամենը քսան հատիկ կանաչ «ֆորդ-մուստանգ» էր արտադրվել:

Հավաքածուիս նմուշներին դիպչելու իրավունք չունեն ոչ կինս, ոչ էլ երեխաներս: Դարակը, որի վրա դրված են մեքենաները, հատուկ այնպիսի բարձրության վրա եմ ամրացրել, որ մինչև երեխաներս մեծանան ու ձեռքները հասնեն՝ արդեն հասկանան, որ դրանք խաղալու համար չեն նախատեսված: Իսկ ընկերներիս երեխաները վստահ են, որ մեքենաները սոսնձված են դարակին: Նույնիսկ փոշին ես ինքս եմ սրբում՝ շաբաթական երկու ժամ է պահանջվում: Բացի այդ, տարին երկու անգամ փայլեցնում եմ բոլոր մեքենաները: Սա էլ ավելի աշխատատար գործողություն է՝ մեկ օրվա մեջ հազիվ մեկ-երկուսը փայլեցնեմ: Բայց այդ աշխատանքից միայն հաճույք եմ ստանում:

Սիրում եմ հավաքելու ընթացքը, դրա համար էլ բացի մեքենաներից նաև ունեմ վիսկիի շշեր, Harley Davidson-ի աքսեսուարներ, Zippo կրակայրիչներ… Հավաքածուն նման է սիրո՝ դժվար է խոսքերով բացատրել այն: Եվ դրա դեմ անհնար է պայքարել, երբ սկսում ես հավաքել, արդեն չես կարող կանգնել: Բացի դրանից, ես շատ եմ սիրում 1970-ականների Ամերիկան: Երևի թե ես միայն ֆիզիկապես եմ մեծացել Թեհրանում՝ իմ ու ընկերներիս հետաքրքրությունները կապված էին Ամերիկայի հետ: Եվ այս ամենով ես փորձում եմ վերստեղծել այդ ժամանակի ու այդ վայրի մթնոլորտը: Այն ժամանակ ամեն ինչ լավն էր ու որակյալ՝ կինոն, երաժշտությունը, մեքենաները, վերաբերմունքը: Նորմալ կաշվե իրը սովորական երևույթ էր, մինչդեռ այսօր դա ինչ-որ մի էլիտար բան է: Որովհետև մեր օրերում սովորական են դարձել անորակ իրերը՝ անհայտ ծագում ունեցող նյութերից: Կարծում եմ, որ դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ ամեն ինչ դարձավ հասանելի:

Չեմ կարծում, որ երբևէ կվաճառեմ հավաքածուս, չեմ էլ ուզում մտածել այդ մասին ու չեմ դիտարկում հավաքածուս որպես կապիտալի ներդրում, սա միայն հաճույք է: Բայց դե իհարկե, եթե խիստ անհրաժեշտություն լինի, ընտանիքիս կամ երեխաներիս համար կգնամ այդ քայլին: Մյուս կողմից, վաճառելն էլ հեշտ չի լինի՝ պետք է գտնեմ ինձ նման մեկին:

***

Իրականում, այս հավաքածուն ծնվեց երազանքից՝ երազում էի ունենալ 100 իսկական ավտոմեքենա: Երբ հասկացա, որ դա, մեղմ ասած, անիրագործելի երազանք է, սկսեցի հավաքել փոքրերը: Չնայած երբեմն երազումս տեսնում եմ ինձ հավաքածուիս մեջ եղած մեքենաներից մեկի (իրական չափսերի) ղեկին: Իսկական, մեծ մեքենան զգում ես ֆիզիկապես, մաշկով, փոքրերը՝ հոգով:

Ամենաշատն ու ամենաթանկը

Խաղալիք ավտոմեքենաների ամենամոլի հավաքողն ամերիկացի Մայքլ Զարնոքն է, որը մանկուց հավաքում է հանրահայտ ամերիկյան Hot Wheels խաղալիքներ արտադրող ընկերության մեքենաները: Սեփական հաշվարկներով, հավաքողների համար նախատեսված մի շարք ուղեցույցների հեղինակ Զարնոքն այս պահին ունի արդեն մոտ 20 000նմուշ: Ի դեպ, 2008-ին աշխարհին ներկայացվեց Hot Wheels ընկերության թերևս ամենաբացառիկ և անշուշտ ամենաթանկարժեք ավտոմեքենան՝ 140 000 դոլար արժողությամբ: Նման բարձր գնի պատճառը ձևավորումն էր՝  փոքրիկ մեքենան (մասշտաբը՝ 1:64) զարդարված է կապույտ, սպիտակ և սև ադամանդներով, ինչպես նաև 18 կարատանի ոսկով և ռուբինով:

Այս թեմայով