11 Ապրիլ 2015, 11:24
1945 |

Ինչպե՞ս բացել հայկական տուրիզմի չակերտները

Եթե երբեւէ մեկնել եք հանգստի կամ աշխատանքային այցով եղել եք որեւէ երկրում, հավանաբար մինչեւ օդանավ նստելը ուսումնասիրել եք այդ երկրի մասին ինտերնետում առկա հսկայական տեղեկատվությունը, փնտրել մարդկանց, ովքեր ձեզնից առաջ են եղել այնտեղ, մեծ հաճույք ստացել կամ ընկել կյանքի ամենատհաճ անախորժության մեջ: Հայ երիտասարդների մի խումբ Հայաստանի զբոսաշրջային վայրերն աշխարհին ներկայացնող նոր հարթակ է ստեղծել: Այն նոու-հաու է, թե ինչպե ՞ս հասնել Հայաստան, ո ՞ր վայրերն այցելել, ի՞նչ կարժենա ճամփորդությունը. իսկական «լիկբեզ» զբոսաշրջիկի համար:

Հայկական տուրիստական գործակալություններից քչերն են բավարար չափով ներկայացված ցանցում: Որպես կանոն` նրանք իրենց փաթեթները վաճառում են տարբեր երկրների այլ կազմակերպությունների: Գինը, բնականաբար, բարձրանում է, Հայաստանը զբոսաշրջիկին ներկայացնում է գերմանացին կամ ճապոնացին, ասել է թե`փակ աչքերով մեկնում են այլ երկիր:

Wandelion.com-ը միջնորդ հարթակ է զբոսաշրջիկի ու մեր երկրի միջեւ: Տուրիստական գործակալությունները այստեղ ներկայացնում են իրենց առաջարկները, փաթեթների արժեքներն ու տուրիստական վայրերի մասին այլ տեղեկատվություն:

Զորիկ Ծատուրյանը Wandelion.com-ի ստեղծողներից է: Մի քանի ամիս ընկերներով ուսումնասիրել են Հայաստանի տուրիստական շուկան, ծանոթացել ամեն ծակուծուկի ու որոշել հեղափոխել ոլորտը. «Հայաստանը արտերկրում ներկայացվածության լուրջ խնդիր ունի: Զբոսաշրջիկները մեր երկրին ծանոթանում են հաճախ` ոչ հավաստի աղբյուրներից: Մեր նպատակն է մեկ վայրում հավաքել երկրի առաջատար զբոսաշրջային օպերատորներին` ներկայացնելով տարբեր տուրեր` տեսարժան վայրերի այցելություններից մինչեւ ժայռամագլցում ու հեծանվային արշավներ»:

Հարթակը նաեւ բլոգ ունի: Blog.wandelion.com-ը զբոսաշրջիկի օն-լայն ծոցատետր է: Այն պատմում է թե՛ ամենամեծ զբոսաշրջային կենտրոնների, թե’ ամենափոքր գյուղերի ուտեղի առանձնահատկությունների մասին: Ամեն զբոսաշրջիկ կարող է ուղարկել իր նոթը` ինչպես անցկացրեց արձակուրդը Հայաստանում, ի ՞նչ տեսավ ու ի ՞նչ կցանկանար տեսնել հաջորդ այցելության ժամանակ:

«Կայքի առավելություններից մեկն առցանց հաշվիչն է: Համակարգը ձեր փոխարեն կասի` ի՞նչ կարժենա այցելությունը մեկ, երկու կամ տասը հոգանոց խմբով, որ  երթուղին է ավելի հարմար գնային սանդղակով: Զբոսաշրջիկն անգամ անվճար կարող է գալ Հայաստան, եթե դառնա տուր լիդեր ու իր հետ խումբ բերի մեր երկիր»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաֆինանսովորվող դրամաշնորհային մրցույթի կազմակերպիչներ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Էկոնոմիկայի նախարարությունն ու Համաշխարհային բանկը գնահատել էին նորարարական նախաձեռնությունը: Դրամաշնորհով թիմին 11 մլն դրամ է տրվել`կատարելագործելու կայքն ու նպաստելու զբոսաշրջության  զարգացմանը:

Այս թեմայով