21 Ապրիլ 2015, 11:19
1139 |

Վերապրածների երթ

ImYerevan.com կայքի գլխավոր խմբագիր Էլեն Բաբալյանը պատմում է, թե ինչու է արդեն 15 տարի անընդմեջ մասնակցում ապրիլի 23-ի ջահերով երթին և փորձում հիմնավորել՝ ինչո՞ւ է այդ երեկոն այդքան կարևոր յուրաքանչյուր հայի համար։

Առաջին անգամ Ծիծեռնակաբերդ գնացի հորս ուսերին նստած։ 1988 թիվն էր։ Չորս տարեկանում դա իմ սիրած վայրն էր։ Նույն կերպ նրա վզին նստած փետրվար-մարտ ամիսներին Ազատության հրապարակում «Ղա-լա-բաղ» էի գոռում հայերի հետ։ Բազմամարդ վայրեր յոթամսական հղի մայրս չէր սիրում։ Նա մեզ հետ չեկավ և Ծիծեռնակաբերդ։ Այդ տարի ապրիլին առաջին անգամ հայրս զգաց հայրության ծանր բեռը բառի ուղիղ իմաստով։ Եռագույն շարֆով փաթաթված նրա ուսերին հպարտ նստած՝ հասա Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Այսօրվա պես հիշում եմ ձեռքիս կարմիր կակաչը։ Այդ օրից վերապահումով եմ մոտենում կարմիր կակաչներին։ Հաջորդ տարի ապրիլի քսանչորսին ճանապարհի կեսն անցա սեփական ուժերով։ Կեսից էլի նստեցի իմ սիրած տեղը։

Ասել, որ գիտակցում էի՝ ուր ենք գնում, սխալ կլինի։ Հայրս ասել էր, որ մեր նախապապերին կոտորել են թուրքերը, ու մենք գնում ենք հարգանքի տուրք մատուցելու։ Ինչ է թուրքը՝ արդեն գիտեի։ Որտեղի՞ց՝ չեմ հիշում։ Հավանաբար, Էրզրումից կոտորածի ժամանակ փրկված Բեջան պապս էր շշնջացել ականջիս, երբ դեռ մորս արգանդում էի։ 1990-ին առաջին դասարանում էի։ Նորանկախ Հայաստանի առաջին դասարանցիների երթը Ծիծեռնակաբերդ կազմակերպեց դպրոցը։ Ես հպարտ էի, ի տարբերություն իմ շատ դասարանցիների, արդեն եղել էի այստեղ, գիտեի՝ ինչքան մնաց քայլելու։ Շատախոս դպրոցականներին ուսուցիչները լռեցնում էին, համբերատար բացատրելով ուր ենք գնում և ինչու։

Տարիները անցան, ապրիլի քսանչորսը մնաց անբեկանելի։ Մի տարի լավ հիվանդ էի, օրն էլ՝ անձրևոտ, ինչպես հաճախ է լինում այդ օրը։ Մայրս փորձեց խառնվել, հայրս թույլ չտվեց։ Ու մենք միասին գնացինք, այս անգամ ամբողջ ճանապարհը քայլեցի ես։ Հենց այդ օրն էլ իմացա Բեջան պապիս փրկության պատմությունը։ Հետո արդեն կիմանայի նմանատիպ հազարավոր պատմություններ, բայց այդ օրը ինձ հրաշք թվաց այն, որ ես ծնվել եմ, կամ, այստեղ՝ Հայաստանում, քրիստոնյա, ազատ երկրում։

Իրականում հայերի գոյության փաստն ինքնին հրաշք է։ Առանց երկմտելու կարող եմ ասել, որ ամեն տարի ապրիլի 24-ին ես գնացել եմ Ծիծեռնակաբերդ։ Իսկ 2000-ից սկսած՝ գնացել եմ նաև 23-ին։ Դաշնակցական ընկերներ ունեի, ջահերով երթ էին կազմակերպում։ Ջահերը քիչ էին, բոլորին չէր հասնում, բայց դա էական չէր։ Սկզբում հավաքվում էին Հանրապետության հրապարակում, հետո հանդիպման վայրը դարձավ Ազատության հրապարակը։ Ջահերով երթը պարտադիր պայման ունի. առաջին ջահը վառում են Թուրքիայի այրված դրոշի կրակով։ Դա հատուկ արարողություն է. երեկոյան Ազատության հրապարակում «մահ թուրքերին», «ամոթ» գոռալով այրում են երկրի կարմիր դրոշը, վառում ջահն ու փոխանցում միմյանց։ Իմ ինտելիգենտ ընկերներից շատերն են կարծում, որ երկրի դրոշն այրելը ցիվիլ չէ, բայց տաքարյուն դաշնակներին դա չես բացատրի։

Այնուհետև Ազատության հրապարակում պարզում են Հայաստանի ահռելի չափերով դրոշը։ Առաջ ամբոխը պատռելով՝ մոտենում էի, որ անպայման բռնեմ դրոշի մի կտորը, հիմա գիտեմ՝ ի սկզբանե որտեղ կանգնեմ, որ ինձ էլ հասնի դրոշին կպչելու բախտը։ Դա, իհարկե, թվում է անիմաստ, պատանեկան հայրենասիրություն, բայց իրականում այդ պահին դրոշի շուրջ բոլոր կանգնածները ասես բլութութով միանում են իրենց Բեջան պապերի հետ։ Ու իրականում նման պահերին էլ հենց զգում ես «ազգային ինքնագիտակցություն» ասվածը։

Նույն տարօրինակ թրթիռն է առաջանում, երբ խմբերով բարձրանում ենք Բաղրամյանով։ Առջևից դանդաղ գնում է երաժշտական տեխնիկայով զինված մեքենան, հնչում են ռազմահայրենասիրական հայդուկային երգեր, նրա հետևից ձայնակցելով քայլում են ջահերով երթի մասնակիցները։ Ձայնակցում են բոլոր-բոլորը։ Ու երգի միջոցով միանում, դառնում մի հոգի, մի բռունցք։ Հրաշք զգացողություն է, վերապրածների երթն է դա։

Բնավ չվիրավորելով ապրիլի քսանչորսին տանը նստածներին՝ այնուամենայնիվ, գտնում եմ, որ այդ օրը հատկապես իրավունք չունենք տանը նստել։ Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ, կպնդեն ու որպես փաստարկ կբերեն արևածաղիկ չրթող անգիտակից զանգվածներին, ի հակադրում միայն կարող եմ ասել, որ գեղ չկա, որտեղ շուն չլինի։ Ի դեպ, մասսաների մասին. տարիների փորձը ապացուցում է, որ ապրիլի 23-ի մասսան շատ ավելի որակյալ է։ Հիմնականում երիտասարդներ են, ավյունով, տաքարյուն, ռազմատենչ։ Իսկ հաջորդ օրը երթի ուղին բռնողներին դժվար է որևէ ընդհանուր բնորոշում տալ։ Դրանք և հարկադիր այստեղ եկած ուսանողներ կամ դպրոցականներ են, և տնից հազվադեպ դուրս եկող տնային տնտեսուհիներ, և քաղաքականությունից բոլորից լավ գլուխ հանող թոշակառուներ, և ոչ աշխատանքային օրը գործից ազատված օֆիսային աշխատողներ, և տարբեր հայրենակցական միությունների անդամներ, և դաշնակներ, և հանրապետականներ, և իհարկե՝ սփյուռքահայեր, որոնք, ի դեպ, տարիներին զուգահեռ քանակապես ավելանում են։ Իսկ վերջին երկու-երեք տարիներին ջահերով երթի ակտիվ մասնակիցներ են նաև սիրիահայերը, որոնք, ի դեպ, անգիր գիտեն հայրենասիրական բոլոր երգերը։ Այդ երգերը գիտի նաև իմ դուստրը։ Նա արդեն չորրորդ տարին է՝ հոր ուսերին նստած բարձրանում է Ծիծեռնակաբերդ։ Պատմությունը, ինչպես քաջ հայտնի է, կրկնվում է, ոչ մի նոր բան չես հորինի։ Իհարկե, այդ օրը ցուցաբերած ակտիվությամբ չես չափի մարդու հայրենասիրությունը, սակայն դա նույնպես ցուցիչ է։

Ինչ էլ ասեն, միևնույն է՝ մի բան ակնհայտ է. Ցեղասպանության օրը երթի գնացողների մեջ չկա անտարբեր մարդ։ Նրանք գալիս են ու իրենց դրսևորում՝ ելնելով իրենց գիտակցության աստիճանից։

Այս թեմայով