25 Մարտ 2015, 21:41
1599 |

Խաղ ու պար

Online բառը Google-ում հավաքելիս առաջինը գալիս են shopping, հետո games բառերը: Համակարգչային խաղերն արդեն դարձել են գրեթե յուրաքանչյուր պատանու կյանքի անբաժան մասը։ Բջջային հեռախոսները, պլանշետներն ու սեղանի համակարգիչներն էլ համակրգչային խաղային ինդուստրիային միանալու հիանալի միջոցներ են։ imyerevan.com-ը փորձեց պարզել՝ ի՞նչ խաղեր են նախընտրում հայ երեխաները, ի՞նչ վնաս կրում և ի՞նչ օգուտ ստանում դրանցից։

Անի Հովհաննիսյան, 15 տարեկան
Ինձ համար համակարգչային խաղերը գրեթե մասնագիտություն են` 8 տարեկանից հետաքրքրվում եմ դրանցով, նախագծում և ուսումնասիրում։ Խաղ նախագծելն իրականում «խաղ ու պար» չէ, նախևառաջ պետք է տրամաբանական մտածելակերպ ունենալ, աչքի ընկնել սուր մտքով ու տեխնիկական գիտելիքներով։ Պարտադիր պետք է լինել երազող։ Անձամբ ես նախընտրում եմ խաղալ կրթական նշանակություն ունեցող խաղեր, օրինակ՝ Skyrim։ Սա բազմապլատֆորմային խաղ է, որի ընթացքում շրջում ենք աշխարհներով ու ինքներս կառուցում խաղի գաղափարը։ Խաղացողը Skyrim-ում իրեն զգում է անսահման ազատ։ Խաղը գրավում է նաև հրաշալի գրաֆիկայով։

Հայկ Մկրտչյան, 14 տարեկան
Սիրում եմ shooter-ներ՝ այն խաղերը, որտեղ զենք է կիրառվում։ Այս ժանրի խաղերում ուշադրությունս գրավում է հերոսների հոգեբանությունը։ Զանազան իրավիճակներում հեշտ ու արագ կողմնորոշվելու ունակությունը «կրակոցիների» գլխավոր նախապայմանն է։ Իմ սիրած խաղը Crysis –ն է, որը, ի դեպ, 16+ է: Խաղի սցենարով հերոսը պետք է ազատագրի քաղաքն այլմոլորակայիններից։ Ժամանակի ընթացքում Crysis-ամոլները նաև ռազմավարական հմտություններ են ձեռք բերում։ Խաղն օգնում է զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը, տալիս քարտեզագրական հմտություններ։ Անկեղծ ասած, նկատել եմ, որ երբ կտրվում եմ խաղից, մի փոքր ագրեսիվ եմ դառնում։ Դրա համար էլ փորձում եմ սահմանափակել խաղային ժամերը։

Համլետ Ասատրյան, 16 տարեկան
Համակարգչային խաղերն ամեն մեկի համար չեն. եթե չես կարողանում օգուտ քաղել խաղից, այն վերածվում է ժամանակի անիմաստ կորստի։ Սիրում եմ համակարգչով մեքենա վարել ու բոլոր խաղերից նախընտրում եմ Need for speed-ը։ Զգում եմ ադրենալին, ազատություն, մեքենան գերարագ վարելու հաճույք, կարելի է անել այն ամենը, ինչը ռեալ կյանքում անմտություն կլիներ։ Նյարդայնանում եմ, երբ խաղի ֆինալին հասնելու համար շաբաթներ են պահանջվում։ Քանի որ ինքս շատ զբաղված եմ, դասերն ու պարապմունքները խլում են ժամանակիս մեծ մասը, նախընտրում եմ արագ խաղալ։ Need for speed խաղում եմ թե՛ համակարգչով, և թե՛ պլանշետով։ Ամենակարևորն այս խաղում այն է, որ կարող եմ վարել նույնիսկ այն մեքենաները, որոնք մոտ ապագայում Հայաստան չեն հասնի։

Հայկ Մուրադյան, 14 տարեկան
Օրվա գերակշռող մասը համակարգչի առջև եմ, խաղում եմ։ Արագ հոգնում եմ միօրինակությունից, հաճախ փոխում եմ ժանրերը։ Նախընտրում եմ պատմական մոտիվներով ու իրական դեպքերի հիման վրա ստեղծված խաղերը, որտեղ ինչ-որ ձևով մասնակից եմ դառնում պատմական իրադարձություններին։ Հավանում եմ Medal of Honor խաղը, քանի որ այն աչքի է ընկնում պատմական ճշգրտություններով։ Խաղը ներկայացնում է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ռազմադաշտերը, թույլ տալիս ընտրել՝ ում բանակին պատկանել։ Քանի որ դպրոցում իմ ամենասիրած առարկան Համաշխարհային պատմությունն  է, խաղալու ընթացքում հաճախ ուշադրություն եմ դարձնում գործողությունների ճշգրտությանը։ Իսկ երբ ինձ համար նորություն եմ հայտնաբերում, խաղից հետո անպայման ուսումնասիրում եմ այն դասագրքերում կամ համացանցում։ Թեև խաղի նպատակը հակառակորդին ոչնչացնելն է, ես կարծում եմ, որ այն զուրկ է դաժանությունից։

Հոդվածում չենք հրապարակել հարցազրույց տված երեխաների դեմքերը` հաշվի առնելով նրանց կամքը: Ինչպես խաղերի ընթացքում, այնպես էլ այդ մասին խոսելիս նրանք գերադասեցին մնալ ինկոգնիտո:  

Այս թեմայով