21 Մարտ 2015, 14:47
1172 |

Հայաստանը՝ թայլանդական աչքերով

2012-ին Հայաստան եկան, գոնե մեզ համար, էկզոտիկ ազգի ներկայացուցիչներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որը երկու երիտասարդ՝ Վարդան Ասրյանն ու Աշոտ Պարսյանը, Թայլանդ այցից հետո, որոշեցին Հայաստանի մայրաքաղաքում թայլանդական սրահ բացել: Այստեղ այցելուները ոչ միայն կարող էին վայելել թայլանդական մերսում, այլև զգալ Թայլանդի անհավանական մթնոլորտը: Տղաների հրավերով Երևանում են թայլանդական մերսման հնագույն արվեստի մասնագետ հինգ թայլանդուհի։ Բոլորովին վերջերս Thai Home-ում նոր սպա-սրահ բացվեց: ImYerevan.com-ը որոշեց աղջիկների հետ զրուցել թայլանդական մերսման գաղտնիքների, ինչպես նաև հայաստանցիների ու թայլանդցիների միջև տարբերությունների մասին:

Նաթիա Սաենլանգ

Սկզբում հայերը բավական աբստրակտ պատկերացում ունեին թայլանդական մերսման մասին: Թայլանդական մերսումն իր մեջ յոգայի տարրեր ունի: Բայց իրականությունն այն է, որ հենց յոգայի մեջ կան թայլանդական մերսման մասիկներ, որոնց պատմությունը 2.500 տարվա պատմություն ունի: Ավանդապատման համաձայն՝ մերսման հիմնադիրը Հյուսիսային Հնդկաստանից բժիշկ Ջիվակ Կումար Բհաշին է։ Նա Բուդդայի ժամանակակիցն է եղել: Մերսման այդ տեսակը Հնդկաստանում է ծնվել, մինչդեռ հենց Թայլանդում է այն կատարելագործվել և հենց թայլանդցի վարպետներն են տարածել այն ամբողջ աշխարհում:


Ռոջանա Սրիպրոմ

Հայաստանում բոլորովին այլ կերպ են վերաբերվում առողջությանը: Թայլանդում վստահ են, որ մարդու օրգանիզմը ոչ միայն ներքին և արտաքին օրգաններից, այլև էներգետիկ դաշտից և կենսական էներգիայի աղբյուրներից է կազմված, որոնց վրա էլ հենց ներգործում ենք մերսման միջոցով:

Վիլաիվան Կլանգնոնգսաենգ

Մերսումը ոչ միայն օգնում է հանել մկանային լարվածությունը, այլև նպաստում որոշ հիվանդությունների բուժմանը: Մեր շատ հաճախորդներ մերսման կուրսից հետո երախտագիտությամբ են գնում: Այցելություններից հետո նրանց ավելի քիչ են անհանգստացնում պարանոցի, մեջքի, ողնաշարի շրջանում ցավերը, բարելավվում է արյան շրջանառությունը:  

Վալաիֆան Նոիֆո

Հայաստանը Թայլանդի համեմատ շատ փոքր երկիր է: Բանգկոկի և մյուս քաղաքների փողոցներում մարդկանց անվերջ հոսքի կհանդիպեք: Երևանում այդ վազքն ու դինամիկան չկա. տպավորություն է, որ մարդիկ հանգիստ զբոսնում են նույնիսկ այն ժամանակ, երբ առավոտյան աշխատանքի են գնում: Երևանում շտապելու տեղ չկա, և դա մեզ համար անսովոր է: Չափերի տարբերությունն ակնհայտ է նույնիսկ այն ժամանակ, երբ համեմատում ենք մեր անունները: Թայլանդցիները երկար անուններ ունեն, որոնք դժվար է հիշել: Դա է պատճառը, որ մեր պաշտոնական անունները միայն փաստաթղթերում են: Գրեթե ցանկացած թայլանդցի մականուն ունի, որով նրան դիմում են ընկերներն ու ծանոթները: Մի խոսքով՝ այստեղ ամեն բան տարբեր է՝ և մարդիկ, և մշակույթը, և բնությունը: Բայց ժամանակի ընթացքում ընտելանում ենք և սկսում սիրել ձեր զարմանահրաշ երկիրը:

Այս թեմայով