16 Մարտ 2015, 12:34
177 |

Մեծ խաղի հայ լեգենդը. Խորեն Հովհաննիսյան

Հայկական ֆուտբոլը բազմաթիվ լեգենդներ է ծնել: Խորհրդային տարիներին մարզաձևն անհավանական մասսայականություն էր վայելում հենց նրանց շնորհիվ.«Արարատի» խաղերի ժամանակ «Հրազդան» մարզադաշտը տեղ ու դադար չուներ: Նախորդ դարի հայկական ֆուտբոլի ամենաքննարկված, հայտնի ու խաղային վարպետությամբ փայլող մարզիկներից էր Խորեն Հովհաննիսյանը: Այս տարի լրացավ նրա 60-ամյակը: Imyerevan.com-ը հյուրընկալեց լեգենդար մարզիկին։ Նրա հետ զրուցեցինք մարզաձևի դժվարությունների, հայկական ֆուտբոլի ներկայի ու ապագայի, նաև նրա պլանների մասին: Ծննդյան 60-ամյակի առիթիվ Imyerevan.com-ը Խորեն Հովհաննիսյանին նվիրեց Ալեքս Ֆերգյուսոնի «Իմ ինքնակենսագրությունը» գիրքը:

Ակումբային ֆուտբոլը մեր երկրում անկում է ապրում, ֆուտբոլասերների հետաքրքրվածությունը մեծ չէ: Ի՞նչն է պատճառը:
- Երկար տարիներ մարզչական աշխատանքով եմ զբաղվել, ղեկավարել եմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Թույլ տրված սխալները շատ են, դրանք ուղղելու համար պահանջվող ժամանակը' ահռելի: Գլխավոր պատճառը ակումբների ղեկավարության սխալ պլանավորում է:

Ո՞րն է հայկական ֆուտբոլը զարգացնելու ու մասսայականացնելու բանալին:
- Լավ ֆուտբոլիստներ պատրաստելու, հետևեաբար նաև լավ ֆուտբոլ ունենալու համար պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մասնագիտական կրթության հնարավորություն ստեղծել: Հայաստանում այդ դաշտը բավական բաց է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունները կամ ձախողումները շատ ֆուտբոլասերներ ու քննադատներ կապում են մարզչական վատ աշխատանքի հետ: Ո՞րն է հայկական ֆուտբոլի հաջողության գրավականը:
- Մարզչի դերը, անկասկած, շատ մեծ է: Հավաքականը բազմաթիվ մասնագետների հետ է աշխատել, որոնք իսկապես լուրջ աշխատանք են կատարել: Ամենամեծ դերը, սակայն, ֆուտբոլիստինն է: Չէ որ հաղթանակները վերագրում են հենց նրանց: Ֆուտբոլը քրտնաջան ու տաժանակիր աշխատանք է պահանջում: Միայն այդկերպ կարելի է հաջողություն գրանցել:

Մեկ տասնամյակ Հայաստանում չեք եղել: Ապագայի հետ կապված ինչ պլաններ ունեք:
- Դեռ ուսումնասիրում եմ, 10 տարին քիչ ժամանակ չէ, շատ բան է փոխվել հայկական ֆուտբոլում: Ժամանակը ցույց կտա' ինչպես ու որտեղ կշարունակեմ աշխատանքս:

Լրացավ Ձեր 60-ամյակը, մարտի 28-ին այդ առիթով հանդիպում է նախատեսված ԽՍՀՄ հավաքականի վետերանների և Աշխարհի ընտրանու միջև: Սպասո՞ւմ էիք նման անակնկալի:
- Երբևէ չէի մտածել նման հանդիպման մասին, ամեն տարի ինձ նոր անակնկալներ են մատուցում: Նախաձեռնությունը մոսկվաբնակ բարերար Արթուր Սողոմոնյանինն էր, ինչի համար անչափ երախտապարտ եմ: Պատմական հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանելու տասնյակ լեգենդար ֆուտբոլիստներ թե նախկին Խորհրդային Միության երկրներից, թե ամբողջ աշխարհից, ցանկը մեծ է, անուններ չեմ առանձնացնի: Հավուր պատշաճի պատրաստվել ենք: Հուսով եմ' հիշարժան հանդիպում է լինելու:

***
Խորեն Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ վաստակավոր մարզիչ: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում 1975-1985-ին հանդես է եկել Երևանի «Արարատի» , կարճ ժամանակ'նաև Տաշքենդի «Պախտակորի» կազմում: Խաղացել է ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (1979-1984): Ֆուտբոլային կարիերայից հետո մարզել է Հայաստանի ազգային հավաքականը, վերջին տարիներին' Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբը: ՈՒԵՖԱ-ի 50-ամյակի առթիվ կազմակերպված քվեարկության արդյունքում 2004 թվականին ՀՖՖ-ն Խորեն Հովհաննիսյանին ճանաչել է որպես 20-րդ դարի լավագույն հայ ֆուտբոլիստ: ԽՍՀՄ-Աշխարհի ընտրանի ընկերական հանդիպումը կկայանա մարտի 28-ին'ժամը 16:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում:

Այս թեմայով