16 Փետրվար 2015, 18:30
862 |

StreetWorkout շարժումը մեծ թափ է հավաքում Հայաստանում

Հայաստանը երկիր է, որտեղ առողջ ապրելակերպը սեփական ուժերով զարգացնում են բակի հասարակ տղաները: Հենց նրանք են օրինակ ծառայում գալիք սերնդի համար, քանի որ կարողանում են իրականացնել մտքին դրածը՝ ի հեճուկս դժվարությունների և խոչընդոտների:

StreetWorkout շարժումն արագորեն զարգանում է ամբողջ աշխարհում: Հայաստանի StreetWorkout-ի ֆեդերացիայի ակտիվ աշխատանքների շնորհիվ անցյալ տարի  շարժումը մեծ տարածում ձեռք բերեց Հայաստանում: StreetWorkout-ը երիտասարդների շրջանում դարձավ մոդայիկ, նրա հետևորդների թիվը գերազանցեց 1 000-ը: Շարժման անդամները սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել` լինելով միասնական, նպատակասլաց: Չէ որ պարապել սկսելու համար անպայման չէ ֆիթնես ակումբում թանկ բաժանորդագրություն ունենալ: Բակային սպորտը հասանելի է բոլորին. շնչիր մաքուր օդ, պարապիր անվճար, լսիր քո սիրելի երաժշտությունը և կատարելագործիր մարմինը, ընդլայնիր ընկերների շրջապատը, կոփիր բնավորությունը, եղիր ուժեղ և համարձակ:

Անցած տարին StreetWorkout շարժման համար հագեցած էր միջոցառումներով: Ֆեդերացիայի, քաղաքային թիմերի առաջնորդների և բոլոր ատլետների միահամուռ ուժերով անցկացվեց 20-ից ավելի միջոցառում` նվիրված Հայաստանի ամբողջ տարածքով Սթրիթ Վորքաութի և զանգվածային սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: Դրանց թվում էին միջազգային փառատոներ, շրջագայություն Հայաստանի տարբեր քաղաքներով, վազք, տարատեսակ մրցումներ, Հայաստանի StreetWorkout-ի առաջնությունը, ինչպես նաև  մասնակցությունը Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի ունեցած 2014-ի StreetWorkout-ի Աշխարհի Առաջնությանը: Ֆեդերացիայի պլաններում  Հայաստանում StreetWorkout-ի փիլիսոփայության տարածումն է, մասնագիտացված մարզահրապարակների կառուցումը երկրի տարբեր քաղաքներում և, ի վերջո, առողջ ապրելակերպը նախընտրող երիտասարդներին միմյանց հետ ծանոթացնելը:

Հայաստանի StreetWorkout-ի Ֆեդերացիան` StreetWorkout Armenia, մասն է կազմում «Երևան 2.0» ինկուբատորի, որն աշխատում է «Երևան Փրոդաքշնս» կազմակերպության հիման վրա: «Երևան 2.0» ծրագրերի ինկուբատորը սատարում է  այն գաղափարներին ու նախաձեռնություններին, որոնք ունակ են փոխել կյանքի որակը, նպաստել հայկական աշխարհի դրական փոփոխմանը:

 StreetWorkout Armenia Ֆեդերացիային 2014-ին սատարեցին նաև ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանը, համաուկրաինական Street Workout Ukraine և «Համաշխարհային Սթրիթ Վորքաութ» միջազգային  կազմակերպության ղեկավար Դենիս Մինինը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը։

Այս թեմայով