Նախագծեր

Հայկական դրամի հուշարձանը

Մեկնարկել է 30.05.08 Ավարտ 20.11.08
Ֆինանսավորվել է $15000
100%
պետք է հավաքել

$15000

0 օր մինչև ավարտը
2 մասնակից

Փողը միշտ չէ ընկալվում որպես վճարամիջոց: Երբեմն այն դառնում է արվեստի առարկա: Օրինակ՝ Ֆրանկֆուրտի Կենտրոնական եվրոպական բանկի առջև եվրոյի համար կառուցվեց 15 մետրանի արձան: Նույն այդ եվրոյի պատճառով կյանքից վաղ հեռացած իսպանական պեսետային նվիրվեց 4 հուշարձան: «Երևան» ամսագիրը համարեց, որ հայկական դրամը՝ հայկական պետականության խորհրդանիշերից մեկը, նույնպես արժանի է հուշարձանի, մանավանդ որ ողջ-առողջ է: Հայաստանի Կենտրոնական բանկը խանդավառությամբ միացավ այս նախաձեռնությանը: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանն առաջինն ընդունեց գրաֆիկական նշան ազգային տարադրամի համար: Երբ Կարեն Կոմենդարյանը Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-րդ ամյակի առթիվ ՀՀ նախագահին ու Ամենայն հայոց կաթողիկոսին ներկայացրեց դրամի խորհրդանիշի իր տարբերակը, Հայաստանի Կենտրոնական բանկը որոշեց հայտարարել դրամական միավորի լավագույն խորհրդանիշի մրցույթ: Հաղթեցին նա և Ռուբեն Առուչյանը, քանի որ երկուսն էլ ներկայացրել էին նմանատիպ նախագծեր: Հայկական տարադրամի հուշարձանի կառուցումը վստահեցին քանդակագործ Էդուարդ Շահիկյանին: Ստեղծագործությունը տեղադրվեց ՀՀ ԿԲ շենքի առջև ազգային տարադրամի տարեդարձի օրը՝ 2008-ի նոյեմբերի 22-ին: «Հուշարձանը խորհրդանշում է ինքնիշխան պետության կարևորագույն տարրերից մեկը», - բացման արարողության ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշեց, որ անկախ հանրապետության կայացման դժվար տարիներին շրջանառության մեջ մտցված հայկական դրամն այսօր կարելի է համարել կայացած տարադրամ: Արարողության մասնակիցները նաև ստեղծեցին նոր ավանդույթ. ուզո՞ւմ ես փողդ շատանա, շփի՛ր ձեռքդ հուշարձանին: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը առաջիններից էր, ով կատարեց նոր ծեսը: Բրոնզին դիպչելով՝ նա ասաց, «Երկրի բյուջե՛ի համար»: