Ամսագիր Սեպտեմբեր 2013 Ավտոպատմություններ

28 Օգոստոս 2013, 12:35
67 |

Ավտոպատմություններ

Ինչպես հայտնի է, ավտոմեքենան ոչ թե ճոխություն է, այլ փոխադրամիջոց: Բայց միշտ լինում են մարդիկ, որոնց համար ավտոմեքենան, հատկապես՝ հինը, առաջին հերթին արվեստի գործ է, տեխնիկական մտքի գեղեցկություն կամ ուղղակի թանկագին պատմություն: 6 պատմություն ավտոմեքենաների մասին, որոնցից դժվար է բաժանվել: 6 պատմություն մարդկանց մասին, ում դժվար է բաժանվել իրենց ավտոմեքենաներից:

Արմեն Ամիրխանյան
«Москвич-402», 1951
Ժողովուրդը 1951-ի «Москвич-402»-ը «սծիլյագա» է անվանում: «Ինչու՞» հարցը անիմաստ է, եթե գոնե մեկ անգամ տեսնես այն: Քեռիս գնել է մեքենան վաճառքի հանվելուց անմիջապես հետո: Դեռ փոքր տղա էի, երբ սիրահարվեցի դրան: Երբ յոթ տարեկան էի, սկսեցի ծնողներիս խնդրել, որ ինձ թույլ տան մեքենան վարել: Նրանք, իհարկե, արգելեցին, և ես կատաղությունից քար նետեցի մեքենայի վրա: Անվածածկը վնասվեց: Երբ «մոսկվիչն» ինձ հասավ, երջանկությանս սահման չկար: Այն մինչև հիմա էլ աշխատում է՝ ամռանը ողջ ընտանիքով դրանով Բաթումի էինք գնացել: Մեքենայի սովետական համարներն ու տեխնիկական անձնագիրը պահվում են Հայաստանի ճանապարհային ոստիկանության թանգարանում: Նոր համարները վերջանում են 511 թվով: Ավտոտեսուչը բացատրեց, որ դա խորհրդանշական է. 51՝ ավտոմեքենայի թողարկման տարեթիվը, 1՝ երկրում «մոսկվիչի» առաջին նմանատիպ մոդելը: Նաև, ինչքան էլ տարօրինակ հնչի, մեքենան ինձ զգուշացնում է, երբ նրան վտանգ է սպառնում: «Մոսկվիչը» երազիս է գալիս, ազդանշան է տալիս և երեք անգամ լուսարձակում է և ասում, որ պիտի զգույշ լինեմ: Ինքս էլ չէի հավատա, բայց երեք անգամ արդեն այդպես պատահել է:

Միշա Խաչատրյան
ГАЗ-12 ЗиМ, 1958
Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե ինչու եմ այդքան սիրում այս մեքենան՝ այն ուղղակի ինձ համապատասխանում է, կարծես հատուկ ինձ համար ստեղծված լինի. արդեն 45 տարի է՝ այդ մտքով եմ ապրում: Ավտոմեքենան երկու եղբայրներ էին վաճառում, ես էլ այս ու այն կողմ էի գնում ու մտածում, որ մինչև ես հավաքվեմ, մեկն ու մեկը այն կգնի: Մեկ ամիս անցավ, գնորդ այդպես էլ չգտնվեց, և ես, վերջիվերջո, ասացի եղբայրներին՝ «Հենց որոշեք մեքենան իմ առաջարկած գնով վաճառել, բերեք ինձ մոտ»: Այդպես մի քանի օր հետո ԶիՄ-ը հենց տանս մոտ բերեցին: Իհարկե, հին մեքենա պահելը դժվար ու թանկ է: Դրա վրա ծախսվում է մի ողջ ընտանիքի բյուջե: Պահեստամասեր գտնելը հեշտ չէ, բենզին էլ շատ է ծախսվում: Փոխարենը այն մեծ է, հարմար, բա ինչ փափու՜կ է գնում: Ինձ հաճախ երիտասարդներ են մոտենում՝ ուզում են նկարվել: Կարող եմ իրենց հասկանալ՝ չէ՞ որ շատ գեղեցիկ ավտոմեքենա ունեմ:

Ժորա Պետրոսյան
Steyr-Daimler-Puch, 1934
Պատերազմի ժամանակ այս մեքենան ինչ-որ գերմանացի գեներալի է պատկանել: Ստալինգրադի ճակատամարտից հետո գերմանացիները բավականին շատ ունեցվածք են թողել, այդ թվում՝ նաև այս ավտոմեքենան: Հետո այն ինչ-որ հայ է գնել, բայց մեքենան շատ վատ է խնամել ու Հայաստան է բերել արդեն փչացած շարժիչով: Այդ ժամանակ արդեն հին մեքենաների նորոգման մեծ փորձ ունեի: Steyr-Daimler-Puch-ը իմ հավաքածուի երկրորդ ավտոմեքենան էր: Նախկին տիրոջը երկար էի համոզում, մեկ-մեկուկես տարի էլ մեքենան կարգի էի բերում: 1982-ին էր. այդ ժամանակվանից աչքիս լույսի պես եմ այն պահում: Մեքենան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում ու հոլովակներում. երևանցիները դրան լավ ծանոթ են: «Հրեշտակը» ֆիլմում՝ հատուկ սարքավորումների օգնությամբ այն՝ ինչպես պահանջում էր ֆիլմի սցենարը՝ անցել է Օպերայից մինչև Կոնյակի գործարան առանց վարորդի: Մի ապշած ավտոտեսուչ անգամ փորձում էր այն կանգնեցնել, լավ էր՝ նկարահանող խումբը տեսավ: Դրանից հետո երկար ծիծաղում էր: Ամբողջ կյանքումս հարյուրից ավելի հազվագյուտ ավտոմեքենա եմ նորոգել: Տասից ավելի մեքենա ունեմ և չեմ պատրաստվում դրանցից բաժանվել:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով