Ծնվել եմ Շենգավիթում, իսկ երբ հինգ տարեկան էի`Հարավ-արևմտյան թաղամաս տեղափոխվեցինք, որտեղ ապրել եմ մինչև ամուսնությունս:
Շփվող երեխա եմ եղել, մինչև այսօր էլ կապ ունեմ մանկությանս ընկերների հետ: Բակում ամեն ինչ էլ խաղացել ենք՝ յոթ քար, էշ միլիցա, գետնից բարձր, ֆուտբոլ, հալամուլա, հոլ, դոնալդ:
Չարենցի անվան դպրոցում եմ սովորել մինչև իններորդ դասարանը: Սովորող երեխա եմ եղել, մինչև վեցերորդ դասարան գերազանցիկ եմ եղել: Հետագայում, երբ սկսեցի լուրջ զբաղվել շախմատով, ավելի քիչ ժամանակ էի հատկացնում դասերին: Ավարտել եմ երրորդ մասում գտնվող Հունան Ավետիսյանի անվան դպրոցը:
Ամեն տարվա վերջին դասարանի քեֆն էր: Չորրորդ դասարանում էի, որոշել էինք Մոնումենտ գնալ: Նախորդ երեկո երեխաներով հավաքվել էինք մեր բակի բեսեդկայում: Կախվել էի ճաղերից, ինչ-որ բան էինք խաղում: Էրեխեքից մեկը բղավեց՝ «փախե՜ք-փախե՜ք` ընկնում ա»: Միայն ես չհասցրեցի փախչել, բեսեդկան շուռ եկավ գլխիս: Արդյունքում՝ մի քանի կար դրեցին: Մյուս օրը առավոտյան հավաքվեցինք դպրոցի մոտ, որ Մոնումենտ գնանք: Ես էլ գնացի: Քանի որ ամառ էր, քաչալացել էի, գլխարկ էի դրել գլխիս, բայց մեկմեկ հանում ու աղջիկներին ցույց էի տալիս կարերը: Նրանք էլ ճվճվում ու փախչում էին:
Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ ընդունվեցի՝ շախմատի բաժին: Ընդունելության երկու քննություն պետք է հանձնեի`շախմատ և ֆիզիկական պատրաստվածություն: Շախմատի քննությանը պատրաստ էի, բայց շատ լուրջ պարապում էի՝ վազքի էի գնում, եռացատկի: Ժիմը ինձ մոտ այնքան էլ լավ չէր ստացվում:
Առաջին կուրսում շատ պարտաճանաչ էի, բայց միայն առաջին կուրսում: Հետո սկսեցի հաճախ բացակայել, բայց ինձ ընդառաջում էին: Այն առարկաները, որոնք ինձ իրոք հետաքրքրում էին, անպայման սովորում էի:
Փոքր հասակում հայրիկիս հետ շախմատ էի խաղում: Հայրս շատ էր ուզում որ շախմատիստ դառնամ: Եթե նրա ցանկությունը այդքան մեծ չլիներ, հաստատ այլ մասնագիտություն կունենայի:
Ես շատ-շատ եմ սիրում Երևանը: Ինձ երևանցի եմ համարում ու, ճիշտ հասկացեք, մայրաքաղաքում բոլոր վայրերն էլ «իմն» են: Գործիս բնույթն այնպիսին է, որ շատ եմ ճանապարհորդում: Այնքան եմ կարոտում Երևանը՝ փողոցները, որոնք հաճախ կեղտոտ ու փոշոտ են, այստեղ ամեն ինչն էլ հարազատ է:
Կնոջս հետ մաֆ-ակումբում եմ ծանոթացել: Մի քանի սիրելի սրճարաններ ունենք, որ հաճախ ենք գնում: Սիրում ենք զբոսնել քաղաքով, բայց ոչ Օպերայի տարածքում, որովհետև այնքան ծանոթներ ենք հանդիպում, որ զբոսանքը վերջում կերուխումի է վերածվում: