Առավոտյան կենդանաբանական այգում ինձ դիմավորեց երիտասարդ տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, որը մոտ 2 տարի է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը: Զբոսնելով հասանք հայկական միջերկրածովյան կրիային: Դա մեր էնդեմիկներից մեկն է, որի համար նոր ձևաչափով ազատավանդակ էր պատրաստվել՝ ապակուց և քարերից: Դրա շնորհիվ անցյալ տարի կրիաներն առաջին անգամ էին ձվադրել վերջին 20 տարվա ընթացքում, իսկ ձմեռը անցկացրել էին գետնի տակ: Հիմա էլ կիզող արևից էին թաքնվում՝ իրենց բնորոշ դանդաղությամբ հաղթահարելով հողի շերտերը:
Քիչ վերև ակվատեռարիումն էր, որտեղ հանգրվանել են օձերի, մողեսների, ձկների բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև հայկական միջերկրածովյան կրիայի ձագուկները: Կասկավելլան կամ շառաչող օձը, թույն նետող կարմիր կոբրան, մեհենագրային պիթոնը, ինչպես նաև հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, որ ամենաթունավոր օձերից են, դիտողից առանձնացված են հրակայուն ապակու շերտով: Բայց դա դեռ բավական չէ, քանի որ նրանց խնամելիս վտանգվում է աշխատակիցների կյանքը: Պարոն Խաչատրյանը ափսոսանքով նշեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է այդ թունավոր օձերին տեղափոխել արտասահման` գործընկերների կենդանաբանական այգիներ: Պատճառը, թերևս, հասկանալի է. «Եթե մենք չունենք հակաթույնը, իրավունք չունենք այդ թունավոր օձին այստեղ պահելու», — պարզաբանում է տնօրենը:
Սիրամարգերի ազատավանդակում (այդպես է կոչվում այն տարածքը, որը թեև մեկուսացված է, բայց որտեղ կենդանիները տեղաշարժվելու, իրենց դրսևորելու ազատություն ունեն) զույգ թռչունների հետ միասին կեսօրյա հանգիստն էին վայելում նաև տասնյակ արտույտներ: Պատկերը լրացնում էին թռչունների մոտ հյուրընկալված կենսուրախ սկյուռիկները: «Հիմա փորձում ենք սկյուռիկներին վարժեցնել, ընտելացնել մարդկանց, որպեսզի առաջիկայում այցելուները կարողանան կերակրել նաև նրանց», — նշում է տնօրենը՝ հավելելով, որ, առհասարակ, կենդանիներին կերակրել թույլատրվում է, պարզապես դրա համար պետք է օգտագործել միայն և միայն այգում վաճառվող հատուկ կերը:
Բնությունն առանց ճաղերի
Արջերը ուրախ շփվում էին այցելուների հետ: Կարծես թե գոհ էին ինչպես երեխաները, այնպես էլ նրանց զվարճացնող կենդանիները: Այդուհանդերձ, այստեղ էլ դեռ շատ անելիքներ կան: Մոտ ապագայում արջերի ազատավանդակը մեծացվելու է, որպեսզի կենդանիներն իրենց ավելի լավ զգան: Պարոն Խաչատրյանը նշում է, որ Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունն այժմ ձգտում է փոխակերպել այդ հաստատությունը մի այնպիսի վայրի, որտեղ վայրի բնության հետ շփվելու մարդկանց ցանկությունը չի ոտնահարի կենդանիների՝ բնական միջավայրում արժանապատիվ և առողջ ապրելու իրավունքը: «Մենք պետք է ընդունենք, որ սա, անկախ ամեն ինչից, կենդանիների համար բանտ է, և մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք իրենց առավելագույնս ազատ կզգան», — վստահ է նա: Այդ է վկայում նաև այգու կարգախոսը՝ «Բնությունն առանց ճաղերի»:
Կենդանաբանական այգու տարածքում նախատեսվում է նաև կառուցել մանկական այգի՝ կամուրջով, կղզյակով, խաղահրապարակով, որտեղ երեխաները ազատորեն կկարողանան շփվել, հաղորդակցվել անվտանգ, խաղաղ ու ոչ գիշատիչ կենդանիների հետ, այդ թվում` անվնաս օձերի հետ, որոնց վիշապիկ են կոչում: «Սա նաև անիմաթերապիայի ուղղությամբ մեր ծրագիրն է, որովհետև կենդանիների հետ շփումն իսկապես շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ զանազան հիվանդություններ ունեցող երեխաների համար», — նշում է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պետք է մարդկանց միջից հանել այգու հանդեպ վերաբերմունքը որպես «գազանանոցի». այն ոչ միայն կենդանիներին ցուցադրելու, այլև պահպանելու, բազմացնելու, ուսումնասիրելու և մարդկանց ուսուցանելու առաքելություն ունի:
Սև անգղների ազատավանդակի դիմաց լրացուցիչ պատնեշներ էին դրված. նրանք առաջին անգամ էին ձվադրել կենդանաբանական այգու պատմության մեջ, և այցելուներին խստիվ արգելվում էր խանգարել թռչուններին: Կողքի ազատավանդակում ևս մի զույգ անգղներ էին, որոնք դեռ զուգավորման նախերգանքն էին կատարում՝ կծմծելով իրար ու խաղալով միմյանց հետ: