Կանաչ լույս
 Երբ փոքր էի, ինձ միշտ թվում էր, որ Ազգային գրադարանը սպիտակ մազերով, ակնոցով ու մի քիչ ջղային պապիկների համար է միայն: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ վերջերս որոշեցի օգտվել արդեն իմ մեծ լինելու փաստից ու գնացի Ազգային գրադարան: 
 Եվ այսպես, մտնում ենք գլխավոր մասնաշենք: Մուտքից աջ թղթերով փակված ու այդ պատճառով մի քիչ խորհրդավոր թվացող փոքր պատուհանը թակում ես, եթե պետք է ձեռք բերել կանաչ քարտը՝ գրադարանի տոմսը: Գույնը խորհրդանշական է, քանի որ այն կանաչ լույս է վառում գրադարանի գրեթե բոլոր բնակիչներից օգտվելու համար: Այն տեղում են տալիս, տաք-տաք, լամինացված, առաջին հայացքից անիմաստ թվացող երկար թվերի շարանը վրան՝ ընթերցողի գրադարանական համարն է, առանց որի անթիվ գրքերին չես հասնի: Ի դեպ, գրադարանի տոմս ձեռք բերելն անցյալ տարվանից անվճար է, այդ մասին փաստող մեծ գրությունը փակցված է խորհրդավոր լուսամուտի կողքի հայտարարություն-ների տախտակին: 
 Երբ տոմսը պատրաստ է, կարելի է ուղևորվել դեպի ընթերցողական կատալոգ: Պետք է խոստովանեմ՝ առաջին հանդիպումը մի քիչ շփոթեցնող է: Նախ՝ հանդիպում ես հավանաբար երբևէ տեսածդ ամենաերկար դարակներին, որոնցից յուրաքանչյուրում զգաստ, հավասար ու հերթականությամբ շարված թղթերը բանակ են հիշեցնում իրենց կարգապահությամբ: Իսկ տիրող քար լռությունն անընդհատ հիշեցնում է, որ հայտնվել ես թվային, ինտերնետային, համացանցային օրենքներից դուրս մի միջավայրում: Գրադարանի տնօրենը պատմում է, որ երիտասարդ օտարազգի այցելուներից շատերի համար կատալոգը կենդանի պատմություն է, քանի որ նրանցից շատերը այդպիսիք չեն տեսել՝ լսել են միայն մեծերից: Իհարկե, ամեն ինչ ավելի լուսավոր է դառնում, երբ կատալոգի աշխատակիցը հասկանում է, որ նորեկ ես ու սկսում է պատմել անթիվ անհամար դարակների, դրանցում պարունակության ու օգտվելու կարգի մասին: Թե որքան դարակ կա քարտարանում, դժվար է հստակ ասել, բայց յուրաքանչյուրի մեջ կա շուրջ 2000 քարտ:
Գրապահոցից՝ ընթերցասրահ
 Ազգային գրադարանում գրքերը հասարակ կյանքով չեն ապրում, նրանց պահում-պահպանում են ու դատարկ առիթով չեն անհանգստացնում: Այդ իսկ պարզ պատճառով ընթերցողի ուղին դեպի գիրք անցնում է մի քանի աշխատակիցների հսկողությամբ: Նախ՝ պետք է համապատասխան տառի կամ թեմայի դարակում գտնես փնտրածդ գրքի դեսպանին, այսինքն՝ քարտը, որը պաշտոնապես ներկայացնում է տվյալ գիրքը գրացուցակում, հետո լրացնես գրքի ու հեղինակի անունը, հրատարակման տարեթիվը, էջերի քանակը, դասիչը (թիվ, որը գրապահոցում օգնում է գտնել տվյալ գիրքը) այն թերթիկի մեջ, որը տալիս են գրադարանի աշխատակիցները: Հետո այդ թերթիկը վերադարձնում ես ու քեզ ասում են, որ մոտ մեկ ժամից ընթերցասրահում կարող ես վերցնել պատվիրված գիրքը: Իսկ առաջիկա մեկ ժամվա ընթացքում լրացված թերթիկը կատալոգից գնում է միջանկյալ կետ կամ ինչպես գրադարանի աշխատակիցներն են ասում՝ «տացկակետ», որտեղ դրա նման բազմաթիվ թերթիկներ կան: Գրադարանի մեկ այլ աշխատակից թերթիկները բաշխում է ըստ պահանջվող գրքերի թեմաների, լեզուների: Այնուհետև դրանք գնում են գրապահոցի համապատասխան բաժին, որտեղի աշխատակիցն էլ անթիվ-անհամար գրապահարաններից մեկից գտնում է խնդրվող գիրքն, ու այն ժամանակավորապես լքում է իր նստավայրը և մեկնում ընթերցասրահ՝ հանդիպելու համարձակին, ով հանդգնել է խանգարել իր անդորրը: Իր մշտական բնակության վայրը լքած գիրքն ընդհանուր ընթերցասրահում մնում է 15, իսկ գիտական ընթերցասրահում՝ 30 օր: Որոշ գրքեր՝ հանրագիտարաններ, հատորյակներ, մեծ պահանջարկ ունեցող գրականություն, իրենց ծանր տեղը չեն թեթևացնում և դուրս չեն գալիս գրադարանի սահմաններից: Ընթերցողը դրանցից կարող է օգտվել բացառապես գրադարանի ընթերցասրահում: 
 Ի դեպ, Ազգային գրադարանի գրացուցակում՝ նեղ, երկար դարակների արանքներում, երեք համակարգիչ կա: Չնայած իրենց պարունակությամբ ու քանակով դրանք դեռ զիջում են դարակներին, բայց, ըստ էության, խորհրդանշում են դարակների մոտալուտ վախճանը: Ի վերջո, յուրաքանչյուր դարակի ապագան նմանատիպ համակարգչում հանգրվան գտնելն է…