Ամսագիր Ապրիլ 2013 Թաղի ձայները

26 Մարտ 2013, 12:40
69 |

Թաղի ձայները

Հարություն Խաչատրյանին Հայաստանում շատերը գիտեն իբրև Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրենի: Այլ է պատկերը Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ նրան ճանաչում են նախ՝ որպես ռեժիսորի և հետո միայն կինոփառատոնի տնօրենի: Ռեժիսորին հաջողության բերած առաջին ֆիլմը 1987-ին լույս տեսած «Կոնդն» է: Սա հեղափոխական ֆիլմ էր թե՛ կինեմատոգրաֆիական, թե՛ քաղաքական իմաստներով: Այսօր արդեն ռեժիսորն էլ է դժվարանում հաշվել, թե այն քանի միջազգային փառատոնի է մասնակցել և քանի մրցանակ ունի: Բայց նա չի կարողանում մոռանալ և այն բարդ ու խճճված ճանապարհը, որն անցել է ֆիլմը ստեղծելու, ապա հանրությանը հասցնելու համար: Ի դեպ, Խաչատրյանի կինոկենսագրությանը ծանոթ ոչ բոլորին է հայտնի, որ «Կոնդից» առաջ, դեռ 1981-ին, նա ևս մի ֆիլմ է նկարել քաղաքի այս հատվածի մասին` «Թաղի ձայները»: Կոնդի հետ իր հարաբերությունների մասին պատմում է ռեժիսորը:

Բորիկն ու թաղի ձայները
«Թաղի ձայները», նախ և առաջ, հայտնի կիթառահար Բորիս Անդրեասյանի մասին էր: Նրա հետ ծանոթացել էի Կարեն Գևորգյանի «Հրաժեշտ սահմանագծից անդին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ ես օպերատորի օգնական էի: Բորիսը փոքրիկ տուն ուներ Կոնդում, որը դժվար է տուն անվանել՝ խրճիթ էր: Երբ առաջին անգամ այցելեցի այդ տունը և փաստորեն ծանոթացա Կոնդի հետ, հասկացա, որ այստեղ մարդիկ բոլորովին ուրիշ հարաբերությունների մեջ են: Կոնդեցիների ապրելու ձևը, մթնոլորտը, վերաբերմունքը նման չէին ինձ ծանոթ Երևանին: Պահպանվել էին այնպիսի մասնագիտություններ և բնա-վորության այնպիսի գծեր, որոնք մեծ Երևանում գոյություն չունեին արդեն: Եվ եթե դու արվեստի, կինոյի մարդ ես, որը, նայելուց բացի, նաև տեսնելու է ընդունակ, ուրեմն անհնար էր չնկատել այդ ամենը: Խոսքը սոցիալական վիճակի` հարուստի ու աղքատի մասին չէ: Ծանր պայմաններում ապրողներ մյուս թաղամասերում էլ շատ կային: Կարևորը նրանց կենսաձևի ռիթմն էր, պլաստիկան, շարժումը: Կոնդը լրիվ տարբեր մի աշխարհ էր աշխարհի մեջ: Ես էլ որոշեցի իմ դիպլոմային աշխատանքը նկարել այդ տարօրինակ թաղամասի մասին, որի միջոցը կլիներ Բորիկը:
Թաղամասը յուրահատուկ ձայներ ուներ՝ ժեշտանչիների, երեխաների, լվացք կախող և հավաքող կանանց, նարդի խաղացողների ձայներ, որոնք միշտ՝ Բորիկի ստեղծած երաժշտությանը զուգահեռ, առկա էին ֆիլմում: Գտա մյուս ֆիլմերից մնացած սև-սպիտակ, ժամկետանց ժապավեններ և սկսեցի նկարել «Կոնվաս» կինոխցիկով: Արդյունքում տասը րոպեանոց ֆիլմ ստացվեց, որի համար հինգ ստացա թե՛ ռեժիսուրայի, և թե՛ օպերատորության համար: Դժբախտաբար, ես այդ ժամանակ ֆիլմը ժապավենին վերատպելու հնարավորություն չունեի: Երկու տարի անց, երբ Ալբերտ Յավուրյանը Մանկավարժական ինստի-տուտի օպերատորության բաժնից տեղափոխվեց կինոյի ամբիոն` որպես ամբիոնի վարիչ, ֆիլմի միակ օրինակն անհետացավ:
Ես ինստիտուտը Կարմիր դիպլոմով էի ավարտել, ուստի և պետք է աշխատանքի անցնեի կինոստուդիայում: Այնտեղ պատահական մարդիկ չկային. բոլորն ամուր թիկունք ունեին: Նրանց թվում իմ պես՝ Ախալքալաքից եկած և յոթ տարի հետո միայն ինստիտուտ ընդուն-ված մարդ չկար: Իսկ նրանք, ովքեր, այդուամենայնիվ, ստուդիայում հայտնվելու ճանապարհ էին գտնում, դեբյուտի հնարավորություն ստանում էին քառասուն-հիսուն տարեկանում, երբ արդեն կորցրել էին և՛ տեսնելու, և՛ համի, և՛ հոտի զգացողությունը: Նրանք ողջ կյանքը նվիրում էին անվանի կինոռեժիսորներին ծառայելուն:
Կարմիր դիպլոմս շատ թեթև ձեռքով մի կողմ դրվեց, և ես ընդունվեցի իբրև օպերատորի օգնական: Մինչդեռ իմ բնավորությունն օպերատորին համապատասխան չէր. կադրից դուրս շատ բան էի տեսնում ու լսում: Ինձ ավելի հետաքրքրում է կադրից այն կողմը: Կադրը օպերատորի սրբությունն է, նրա տաբուն, իսկ ես տաբուներ չունեի: Օպերատորի հայացքը հավաքական պիտի լինի: Դա էր գլխավոր պատճառը, որ ես հրաժարվեցի օպերատորությունից: Թեև մինչ օրս ասել եմ, թե հրաժարվելուս պատճառը մասնագիտական բարձր հմտությունների պակասն էր:

Այստեղից ելք չկա
Օպերատորի հաստիքից հրաժարվելուց հետո ես սկսեցի աշխատել մի քանի ֆիլմերում միաժամանակ որպես ռեժիսորի օգնական: Զուգահեռաբար նկարում էի կինոհանդեսներ: Առաջադրանք ստացա նկարահանել Կոնդում ապրող գիտնական, ակադեմիկոս Էդուարդ Ջրբաշյանին, որը Հայրենական պատերազմում դարձել էր հաշմանդամ: Դե, Կոնդին ես արդեն ծանոթ էի ու կապված: Չուզեցի պարզ սյուժե ունեցող ուղղագիծ կինոհանդեսի սկզբունքով նկարահանել: Գնացի Միքայել Ստամբոլցյանի մոտ, որն ինձ կինոյի պատմություն էր դասավանդել ինստիտուտում, և որի հետ շատ էի զրուցել կինոյի մասին: Միասին գնացինք Կոնդ: Բայց եթե նախորդ ֆիլմի ժամանակ ներքևի հատվածից էի մտել, այս անգամ վերևից` «Դվին» հյուրանոցի կողքից: Քայլեցինք փողոցներով, հյուրընկալվեցինք ընտանիքներին, լսեցինք նրանց պատմությունները: Այդ ամենի կողքին «Դվին» հյուրանոցը մի տեսակ ուրիշ հմայք ուներ, իր շուրջն էր հավաքում երիտասարդներին, որոնք գալիս էին տեղի բարերում, ռեստորաններում այլազգի աղջիկների հետ ծանոթանալու:
Կոնդը կախարդական մի աշխարհ էր, որից ելքի ճանապարհ, թվում էր, չկար, ասես մարդիկ այդտեղ ծնվում էին, մեծանում և մեռնում նույն տեղում: Հետաքրքիր էին հին և նոր սերունդների հարաբերությունները, որոնք շփվում էին կարծես իրենց հատուկ ժառանգական ձևաչափերով: Այնքան տարօրինակ էր այդ ամենը, որ ստիպեց ինձ դեմ գնալ նախապես գրված սցենարին:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով