13 Հունիս 2013, 14:21
2006 |

Հայկական եկեղեցին` 7-նյակում

Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքի սբ Գևորգ հայկական եկեղեցին Եվրոպայի առավել վտանգված 7 հուշարձանների յոթնյակում է: Այս մասին հայտարարվել է Աթենքում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության 50-ամյակին նվիրված հոբելյանական կոնգրեսի շրջանակներում: Յոթնյակում են նաև մշակութային ժառանգության օրինակներ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից և Ռումինիայից:

«Այս հուշարձաններն ու վայրերն ընտրվել են ոչ միայն այն պատճառով, որ պատմում են մեր ընդհանուր անցյալը, այլ նաև' որովհետև թանկ են դրանց պահպանության համար պարտավորություն կրող տեղական համայնքների համար»,- ասել է «Եվրոպա Նոստրայի» նախագահ Պլաչիդո Դոմինգոն:

«Շուրջ 15 դար սբ Գևորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգևոր օջախն է հանդիսացել: Պատմական հուշարձան դասակարգված այս շինությունը կառուցվել է 420թ. և օգտագործվել է հայ բնակչության կողմից մինչև 1915-ը' մինչև հայերի կողմից քաղաքը լքելը», - ասված է «Եվրոպա Նոստրայի» պաշտոնական հաղորդագրության մեջ:

«7 առավել վտանգված վայրեր» ծրագիրը մեկնարկել է 2013-ի հունվարին, որի շրջանակում 21 եվրոպական երկրներ ներկայացրել են 40 թեկնածու կոթողներ: Մայիսի սկզբին կազմվել էր նախնական ցուցակը' բաղկացած 14 կոթողներից, որոնց շարքում էր նաև Արագածոտնի մարզի սբ Պողոս-Պետրոս եկեղեցին:

Այս թեմայով