03 Մայիս 2013, 14:49
1605 |

Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին` «առավել վտանգվածների» շարքում

Արագածոտնի մարզի սբ Պողոս-Պետրոս եկեղեցին ընդգրկվել է եվրոպական ժառանգության պահպանության ոլորտում առաջատար «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» մշակութային ու պատմական կոթողների նախնական ցանկում: Այդ ցուցակում ընդգրկված 14 կոթողներից ընտրված վերջնական յոթնյակը հայտնի կդառնա հունիսի 16-ին Աթենքում' «Եվրոպա Նոստրայի» 50-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ընթացքում:

Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո' ամռան վերջին, «Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմը կայցելի բոլոր 7 վայրերը, որտեղ կանցկացվեն ուսումնասիրություններ և կմշակվեն կոթողները փրկելու տարբերակներ: Փրկարարական առաքելության նախնական արդյունքները կհրապարակվեն տարեվերջին' դեկտեմբերի 5-ին:

«7 առավել վտանգված» ծրագրի նախնական ցուցակում ընդգրկված սբ Պողոս-Պետրոսը V դարի միանավ տիպի եկեղեցի է: Այն հայ ճարտարապետության մեջ «գմբեթավոր դահլիճ» տիպի առաջին օրինակներից է, որը ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից:

«7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012-ի հունվարին: «Եվրոպա Նոստրան» արագ աճող քաղաքացիական շարժում է' ուղղված եվրոպական ժառանգության պահպանմանը: Հայաստանը «Եվրոպա Նոստրային» անդամակցել է 2012-ին:

Այս թեմայով