05 Ապրիլ 2013, 17:19
693 |

«Վերածնունդ» փառատոնը դասական արվեստի վերածնման համար

Միջազգակին 5-րդ մրցույթ-փառատոնն այս տարի կանցկացվի Հայաստանի երբեմնի մշակութային կենտրոնում՝ Գյումրիում, ապրիլի 10-19-ը ։ Երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնը այս անգամ նվիրված է հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը թե հայ, թե օտարազգի երաժիշտների համար փորձի փոխանակման լավագույն հնարավորությունն է: Նրանք արձանագրում են եւս մի կարեւոր փաստ. այս տարի գրանցվել է մասնակիցների աննախադեպ թիվ 2415 երաժիշտ ' աշխարհի 30 երկրներից: Մրցույթը կանցկացվի 13 անվանակարգում' 5 տարիքային խմբերով:

Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ուրախությամբ նշում է, որ այս հինգ տարիների ընթացքում մրցույթը կարողացել է ձեռք բերել մշակութային կյանքում իր տեղն ունենալու իրավունքը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն էլ հիշում է անդրանիկ փառատոնը, որին մասնակցում էին 5 պատվիրակություն, այս տարի այդ ցուցանիշը հասել է 30-ի: «Փառատոնն իսկապես որակական մեծ փոփոխության է հասել' սկսած մասնակիցներից, վերջացրած ժյուրիի անդամներով»:

«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 11-14-ը կանցկացվի երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը, ապրիլի 15-17-ը՝ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթը, երգչախմբերի միջազգային 1-ին մրցույթը և «Մշակույթների երկխոսություն» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը:

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կարժանանա մրցանակի: Սահմանված է հատուկ մրցանակ' անվանի երաժիշտներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան-Տեր Մերկերյանի անուններով: Մրցույթ-փառատոնի օրերին կկազմակերպվեն համերգներ և վարպետության դասեր՝ հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ:

Այս թեմայով