14 Ապրիլ 2014, 13:03
1363 |

Գյումրիում «Վերածնունդ» է

Ապրիլի 12-ին «Վերածնունդ» միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացմանը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էին հավաքվել պատվավոր հյուրերը, ժյուրիի անդամները, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ մի քանի ժամ վայելել դասական երաժշտություն ու գեղեցիկ շոու:

Գյումրիում երաժշտական վերածնունդ է: Հայաստանի երկրորդ մայրաքաղաքում մեկնարկեց երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնը: Արհեստների ու արվեստների քաղաքը մեկ հարկի տակ է հավաքել 33 երկրների 3 270 մասնակիցների: Հինգ տարիքային խմբերի երաժիշտները ապրիլի 10-ից մրցում են 14 անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար:

13-ամյա Արամ Խանլարիnն ներկայացնում է Գյումրին: Դաշնամուր է պարապում յոթ տարի, մրցույթին էլ առաջին անգամ է մասնակցում: Մրցույթը նրա համար մարտահրավեր է, չի ուզում ոչինչ ապացուցել, ասում է՝ նվագում է ինքն իր համար: Իամզե Գիգուաշվիլին էլ ժամանել է Վրաստանից: Նվագում է մարիմբա երաժշտական գործիք: Կարծում է, որ նման մասշտաբային մրցույթներին մասնակցելը մասնագիտական աճ է երիտասարդների համար:

Վեցերորդ «Վերածնունդ»-ը նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20-ամյակներին: Ժյուրիի կազմը միայն տեղացի արվեստագետներով չի սահմանափակվում: Մրցույթ-փառատոնը հյուրընկալել է 19 երկրների 80 նշանավոր երաժիշտների: Մասնագետները գոհ են. ակտիվություն է նկատվում բոլոր անվանակարգերում, ելույթներից շատերն էլ տպավորիչ են: Զգացել են, որ տարիների ընթացքում մասնակիցները ավելի պատրաստված են ներկայանում:

Ղրղզստանի վաստակավոր արտիստ, ժյուրիի անդամ Էրնիս Ասանալիևը Հայաստանում է առաջին անգամ: Տպավորությունները միայն դրական են: Ուրախ է, որ մրցույթ-փառատոնի շնորհիվ կարողանում են բացահայտել երիտասարդ ու տաղանդավոր մարդկանց:

Հայաստանի ժողովրդական արտիստ, ժյուրիի անդամ Ռաիսա Մկրտչյանը չնայած գոհ է մասնակիցներից, բայց մի խնդիր է տեսնում՝ շատ են անգլերեն լեզվով ելույթները: Կցանկանար, որ առաջին հերթին ներկայացվեին հայ կոմպոզիտորների երգերը: Կոմպոզիտոր, ժյուրիի անդամ Երվանդ Երզնկյանի համար էլ խնդիրը նախընտրական փուլ չլինելն է: Ասում է՝ ժյուրիի համար դժվար է օրական լսել ավելի քանի վաթսուն կատարողների և նրանցից առանձնացնել լավագույններին, քանի որ ավելի ցածր մակարդակով կատարողները նույնպես շատ են:

Մրցույթ-փառատոնի լսումները կավարտվեն ապրիլի 15-ին: 14 անվանակարգերում հաղթողները կարժանանան մրցանակի և 1000 դոլար պարգևավճարի: Դիպլոմների, մեդալների կարժանանան նաև 48 ենթանավանակարգերում հաղթողները: Մրցանակաբաշխությունը նախատեսված է ապրիլի 22-ին:

Այս թեմայով