01 Մարտ 2013, 14:08
1966 |

Ռադիո «Վանի» «լայքված» մրցանակակիրները

Փետրվարի 28-ին Երևանի Vivaldi համերգասրահում ռադիո «Վանի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն էր: Արդեն 3-րդ տարին անցկացվող միջոցառմանն այս տարի սահմանված էր 15 մրցանակ: Ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանի խոսքով՝ թիվը պայմանավորված է «Վանի» հեռարձակման 15-ամյակով. «Հաջորդ տարի կլինի 16 մրցանակ և այդպես շարունակ»:

12 հիմնական մրցանակներից բացի սահմանված էին նաև 3 հատուկ մրցանակներ, ընդ որում՝ բոլոր 15-ն էլ ունեին բութ մատը վեր հանած բռունցքի տեսք՝ խորհրդանշելով հավանություն` like, ռադիոլսողների և ժյուրիի կողմից: Վերջինիս կազմում ընդգրկված էին «JAZZLE» ջազ-փոփ խմբի երաժշտական տնօրեն Նաիրա Գյուրջինյանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արթուր Գրիգորյանը, պրոդյուսեր Արտյոմ Այվազյանը, երգահան, բանաստեղծուհի Մարինա Ալեսը և երաժշտական քննադատ Արմեն Մանուկյանը: Յուրաքանչյուրը մրցանակ եզակի էր, քանի որ ձևավորվել էր տարբեր արվեստագետների կամ դիզայներների կողմից:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Միքայել Ոսկանյան և ընկերներ», The Beautified Project, Ռեինկարնացիա, The Stone of Armenia խմբերը, Սուրեն Առուստամյանը, Նարինե Դովլաթյանը իր «Կակտուս» երգի պրեմիերայով, Նիկ Եգիբյանը, Ռուսլանը, Կարեն Մամիկոնյանի և նրա ընկերների հետ կատարումներով հանդես եկան Շուշան Պետրոսյանը, ինչպես նաև Անուշիկ Ալավերդյանը, կենդանի կատարմամբ հնչեց նաև Շուշան Պետրոսյանի և «Ոստան Հայոց» խմբի «Գորանի» երգը, որը, ի դեպ, միայն ռադիո «Վանի» եթերում էր հեռարձակվել:

Մրցանակաբաշխության հատուկ մրցանակներից մեկը սահմանել ու ձևավորել էր «Երևան» ամսագիրը: Respect Number Van (Ռադիո «Վանի» հարգանք) մրցանակը 20 տարի հայաստանյան բեմում ելույթ ունենալու և երաժշտության մեջ ներդրած ավանդի համար հանձնվեց Շուշան Պետրոսյանին: Մյուս հատուկ մրցանակը՝ Legend Number Van-ը (Ռադիո «Վանի» լեգենդ) ստացավ «Ոստան Հայոց» ռոք խումբը, որն անցյալ տարի տոնեց իր ստեղծման 25-ամյակը: Իսկ 3-րդ հատուկ մրցանակը՝ Ambassador Number Van-ը (Ռադիո «Վանի» դեսպան) բաժին հասավ The Beautified Project ռոք խմբին, որը ստեղծագործում ու ելույթ է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Մեծ Բրիտանիայում՝ յուրօրինակ դեսպանի դեր կատարելով հայկական ռոքն ամբողջ աշխարհում տարածելու գործում:

«Վանի» 2013-ի մրցանակակիրներն են՝

1. Blues Number Van (Լավագույն բլյուզ կատարում) – Անուշիկ Ալավերդյան և Կարեն Մամիկոնյան

2. Jazz Number Van (Լավագույն ջազ կատարում) – Մարինա Հակոբյան

3. Hip-Hop Number Van (Լավագույն հիփ-հոփ կատարում) - «3.33»

4. Rock Number Van (Լավագույն ռոք կատարում) – «Dorians»

5. Band Number Van (Լավագույն խումբ) – «Միքայել Ոսկանյան և ընկերներ»

6. Folk Number Van (Լավագույն ֆոլկ կատարում) – «Ոստան Հայոց» և Շուշան Պետրոսյան

7. Pop Number Van (Լավագույն փոփ կատարում) - Benjamin Stretta և Նարինե Դովլաթյան

8. Hope Number Van (Ռադիո «Վանի» հույս) – Աիդա Արամի

9. Fresh Number Van (Ռադիո «Վանի» նորություն) - Ռուսլան

10. Lucky Number Van (Ռադիո «Վանի» հաջողակ) – Նիկ Եգիբյան

11. Voice Number Van (Ռադիո «Վանի» ձայն) – Էմմի

12. Radio Hit Number Van (Ռադիո «Վանի» հիթ) – Սայաթ-Նովա («Ռեինկարնացիա»)

 

Այս թեմայով