25 Դեկտեմբեր 2014, 10:44
1966 |

Արտավազդի լուսնամած քաղաքը

Արտավազդ Եղիազարյանը առցանց հրատարակություններում գրում է դեռ 2006-­ից: Գրող ընկերները խոստովանում են, որ նա կարողանում է ընդհանուր ֆոնին տարբերվող գործեր ստեղծել, որոնց թե' լեզուն, թե' սյուժեն յուրահատուկ ձեռագիր ունեն: Արտավազդին հաճախ հարցնում են` ե՞րբ է վերջապես լույս տեսնելու դասական` թղթային տարբերակով գիրքը: Առաջինի շնորհանդեսը դեկտեմբերի 24­-ին էր Uptown ակումբում:

Արտավազդի առաջին՝ «Քաղաքը լուսնի տակ» գիրքը պատմվածքների ժողովածու է, որը հասունանում էր բավական երկար ժամանակ: Հեղինակը շատ երիտասարդ գրողների նման չէր շտապում տպարան տանել գիրքը. սպասում էր, մինչև այն լիովին ձևավորվի ու հասունանա: Ամանորի շեմին «Անտարես» հրատարակչության փոքրիկ խմբագրական միջամտությամբ «Քաղաքը լուսնի տակ» ժողովածուն հասավ գրախանութներ: Գրքի պատշաճ տեսքի համար հոգ է տարել դիզայներ Սարգիս Անտոնյանը:

Արտավազդին շնորհավորելու էին եկել ընկերները, ընթերցողներն ու գործընկերները. նա նաև «ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխավոր խմբագիրն է: Գրող Արամ Պաչյանը ընդգծեց հեղինակի յուրօրինակ ոճը. «Արտոն մեծ հումորի տեր է, որից զուրկ են բազմաթիվ գրողներ: Հայաստանում ստեղծվող գրականությունը շատ ծանր ու դժվարամարս է, Արտավազդի գործերն այդ առումով պարզ ու թեթև են, լիովին համապատասխանում են քաղաքի մթնոլորտին ու ռիթմին: Դրանք կարելի է կարդալ տանը, մետրոյում, ըմդմիջման ժամին: Սա նրա յուրահատուկ աշխարհն է, որ շատ դժվար է ստեղծել գրական և տեքստային ժամանակակից հոսքի մեջ»:

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը առանձնացրեց Արտավազդի ինքնահեգնելու ունակությունը. «Ժամանակակից աշխարհում ինքդ քեզ հեգնելը շատ հաճախ փրկության օղակ է դառնում: Բացի այդ, Արտավազդի տեքստը չափազանց արդիական է, նա ցույց է տալիս իրական մարդկանց, իրական կերպարներ, գեղարվեստական ոճը համադրված է իրականությունը ճիշտ և ճիշտ ցուցադրելու վարպետությամբ»:

Շնորհանդեսի ավարտին Արտավազդը մակագրեց բոլոր ցանկացողների գրքերը` չզլանալով առանձին ու տարբերվող մաղթանքներ գրել յուրաքանչյուր համար, անգամ նրանց, ում առաջին անգամ էր տեսնում:

Այս թեմայով