06 Ապրիլ 2013, 13:44
1125 |

Երեքը՝ մեկ ֆլոմաստերով

Ապրիլի 5-ին Հայաստանի Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ ճարտարապետ Կարեն Բալյանի «Սովետական մոդեռնիզմի ճարտարապետությունը. Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի 60-ականներին ստեղծագործած երեք հայ ճարտարապետների կյանքը, համատեղ ստեղծագործական ուղին և ներդրումը հայ ճարտարապետության մեջ: Երեկոյին ներկա էր հայ ճարտարապետական էլիտան, Երևանի ներկայիս և նախկին քաղաքապետերը: Բոլորն էլ եկել էին հարգանքի տուրք մատուցելու երեք նշանավոր ճարտարապետներին:

Նրանց անունների հետ են կապվում Երևանի ակնառու ճարտարապետական կառույցները՝ «Ռոսիա» («Այրարատ») կինոթատրոնը, Երիտասարդական պալատը (որն այլևս չկա), «Զվարթնոց» օդանավակայանն ու Մարզահամերգային համալիրը: «Երեքը՝ մեկ ֆլոմաստերով»՝ այսպես է նրանց անվանել հրապարակախոս Արսեն Կակոսյանը: Հենց այդպես են նրանք աշխատել շուրջ 25 տարի՝ ստեղծելով ավելի քան 150 նախագիծ: «Մեզնից յուրաքանչյուրն անհատականություն էր, բայց միասին կարողացանք անել ավելին»,- նշում է Հրաչյա Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ նման գրքերի հրատարակումը առիթ կտա ավելի հաճախ խոսելու ճարտարապետության մասին:

Կարեն Բալյանը գիրքը կազմելու համար ավելի քան 20 տարի է ծախսել, որի ընթացքում առիթ է ունեցել հանդիպելու երեքին էլ, բայց, ցավոք, գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ առանց Թարխանյանի և Խաչիկյանի:

Երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաև հայ ճարտարապետության երեք հսկաների մասին պատմող «Ճարտարապետները» ֆիլմը, որը սկսվում է նրանց՝ ֆլոմաստերով արված ծաղրանկարներից:

Գիրքը լույս է տեսել 1000 տպաքանակով, իսկ հրատարակիչ Էդուարդ Կուբենսկին վստահեցրել է, որ դա հայ ճարտարապետության մասին վերջին գիրքը չէ, և առաջիկայում նախատեսվում է հրատարակել հայկական վանքերի ճարտարապետությանը նվիրված աշխատություն:

Այս թեմայով