30 Մարտ 2012, 16:17
887 |

Կարմիր տուֆից ջունգլիներում

Սկզբում Գարիկ Պապոյանը մարդկանց «ատամներն էր հաշվում», իսկ այժմ հետևում է նրանց օրգանիզմում եղած «վիտամինների» չափաբաժնին: Պրոդյուսինգով զբաղվող երաժշտին նախ և առաջ ճանաչում են որպես հումորիստ, և քչերին է հայտնի, որ նա տուրիզմի մասնագետ է: Vitamin ակումբի Գարիկը գտել է իր փոքրիկ Երևանն ու ապրում է այնտեղ:

Մորս կողմից գյումրեցի եմ, հորս կողմը երևանցիներ են: Ծնվել եմ Գյումրիում, մեծացել Երևանում, մինչև երկրորդ դասարան՝ ապրել Ջերմուկում:

Երկրորդ դասարան երկու անգամ եմ գնացել՝Ջերմուկում ու Երևանում՝ Դավթաշենում: Ու էդպես մինչև հիմա բնակվում եմ այնտեղ: Մինչև ծառայությունս չորրորդ թաղամասում էինք ապրում, հետո տեղափոխվեցինք երրորդ թաղամասի շենքերից մեկը: Էն թվերին Դավթաշենը չէր տարբերվում շրջաններից՝ Երևանից կտրված էր բառիս բուն իմաստով:

Երբ վերադարձանք Երևան, բոլոր ընկերներս Ջերմուկում մնացին: Հեռախոսակապի խնդիր կար: Գեղեցիկ ձեռագրով նամակներ էի գրում նրանց, մեջն էլ ծամոն էի դնում ու ուղարկում: Էդ ընթացքում էլ հարմարվեցի նոր ընկերներիս: Բայց դե հենց էնպես հո ընկերներ չե՞ն ձեռք բերվում: Վեճերի, ռազբոռկաների միջով ճանաչեցի բոլորին, ու էդ մարդիկ մինչև հիմա էլ կողքիս են: Հենց նոր զանգահարողն առաջին դավթաշենցին էր, որը ինձ փորձեց ծեծի, ինչից հետո ընկերացանք:

Մեր շենքի տակ նկուղային տարածքներ կային, «վետերոկ» էինք ասում: Շատ վտանգավոր էր՝ հոսանք էր անցնում, իսկ մենք այնտեղ ծխում էինք: Ծխելս սկսվեց ու ավարտվեց երրորդ դասարանում ու տևեց մեկ ամիս: Մամաս, որ բռնացրեց, ասեց, որ եթե մի անգամ էլ ծխեմ, պապային կասի: Մեր ընտանիքում ծեծ, գոռոց չկար, ամոթի ու հարգանքի վրա էր ամեն ինչ հիմնված: Ու հենց էդ վախից՝ թարգեցի: Բայց «վետերոկ» շարունակում էինք գնալ, տարբեր խաղեր էինք խաղում:

Մեր թաղում ունևոր ընտանիք չկար: Մեկը ուներ հեծանիվ ու գնդակ, մյուսը՝ երկուկասետանի մագ: Ու էդ ամեն ինչը մեզ մոտ ընդհանուր էր: Մագը հերթով բոլորիս տներով ֆռում էր: Վատ պայմաններ էին, բայց շատ ակտիվ մանկություն եմ ունեցել: Մենք ինքներս մեզ զբաղմունք էինք ստեղծում՝ խաղում էինք «դոնալդ», չլիկ դաստա, կռիվ-կռիվ կամ գլխներիս պրոբլեմ էինք բերում:

Քաղաք իջնելը էկզոտիկա էր: Մինչև յոթերորդ դասարան կյանքս սահմանափակվել ա բակով:

Սրճարան առաջին անգամ ընկերոջս հետ ութերորդ դասարանում եմ գնացել: Կասկադի դիմացի սրճարանն էր, հիմիկվա «Սանտա Ֆեն»: Գարեջուր տանել չէի կարողանում, զզվում էի, բայց պատվիրեցի՝ մեծական բան կար դրա մեջ: Երբ որ բերեցին՝ ծիծաղից մեռա, որովհետև չէի պատկերացնում, որ էդպիսի բան կարող է հետս պատահել: Էնքան ունիկալ իրադարձություն էր, որ ընկերոջս խնդրեցի հետներս բերած ֆոտոխցիկով նկարի, որ երևա՝ մատուցողը ինձ համար բան ա բերել: Ընկերս նկարեց, բայց ժապավենը փչացավ:

Մեր շենքի հետևի թիվ 196 դպրոցն եմ գնացել: Ընդունելության ժամանակ պապայիս հետ հերթով մտնում էինք դասարանները, որ ես ընտրեմ ուսուցչին, ոչ թե հակառակը: Որովհետև ինձ ընտրեց մի ուսուցիչ, որը իմ ճաշակով չէր, շատ տգեղ էր: Երկու օր գնացի դպրոց, հետո հրաժարվեցի դասերին հաճախել: Արդյունքում պապայիս հետ գեղեցիկ ուսուցչուհի ընտրեցինք ինձ համար՝ ընկեր Առաքելյանն էր:

Երկու տատիկի տուն ունեի՝ Լենինականում ու Ավան-Առինջում: Մեզ համար իրադարձություն էր տատիկի տուն գնալը, նամանավանդ, երբ Լենինական էինք գնում: Հետո պատմում էի՝ «արձակուրդներս անցկացրել եմ տատիկիս տանը» ու փշաքաղվում էի: Դպրոցական տարիքում, երբ արդեն սկսեցի ռոք երաժշտություն լսել, մենք մագ չունեինք, տատիկս՝ ուներ: Ու երբ գնում էի նրա տուն՝ հետս կասետներ էի տանում: Cranberries խմբին այնքան էի լսել, որ տատիկս Salvation երգը հասկացել էր, թե երգում են՝ «սաղ էշ են» ու բարկացել էր: Բայց հենց տատիկս էլ ինձ համար առաջին մագը գնեց: Երևի, որ էլ իրա տանը հիմար երգեր չլսեմ:

Հաճախելեմ լողի, գիմնաստիկայի, կարատեի, բոդիբիլդինգի, բասկետբոլի ու դաշնամուրի: Կիթառի տարան՝ չգնացի: Դաշնամուրի խմբակը քաղաքում էր: Էն ժամանակվա մարշրուտկեքը «ԵրԱԶ» էին, մեջը՝ իշոտնուկներ: Այ դրանցով գնում հասնում էինք «Կիև» գաստրոնոմի մոտ, հետո արդեն չեմ հիշում՝ ուր էինք գնում:

Մեր բակի ակտիվիստ տղաներից Վլադիմիր Սահակյանը (ինքը հիմա Vitamin ակումբի տնօրենն ա) ու Կարեն Բաբաջանյանը «32 ատամից» ՈՒՀԱ-ի թիմ էին հիմնել ու Հայաստանի չեմպիոն դարձել: Նրանք տարիքով մեծ էին, ու մենք իրանց հետ բակում չէինք շփվում: Բայց երբ որ նայեցին իմ ֆիլմը, որը հարևանի կամերայով էի նկարել, հրավիրեցին իրենց հետ մասնակցել խաղերին Պյատիգորսկում: Հետո թիմը ցրվեց, ես մեկնեցի ԱՄՆ, հետո էլ բանակն էր: Բանակում ծառայության ընթացքում նամակ ստացա նրանցից, որ «32 ատամ» ակումբ են հիմնել ու հրավիրում են ինձ:

30 վայրկյան է տևել առաջին ելույթս ժուռնալիստների տան շենքում, «Ավանգարդ Ֆոլք» ակումբի բեմում: Բանակից արձակուրդ էի եկել, կիսաքաչալ էի ու դերիս մեջ նույնիսկ խոսքեր չունեի:

Սարյանի վրա «32»-ի տղաներից մեկի տատիկի տունն էր: Հավաքվում էինք այնտեղ ու սցենարներ գրում: Հազար տեղ փոխեցինք, հազար ձևի մաղվեցինք, կիսվեցինք, եղանք, չեղանք, բայց ի վերջո ընտանիքի նման մի կազմ ձևավորվեց:

Առաջին տեսանյութը օպերայի բակում ենք նկարել՝«Թիվ 5» խմբի տեսահոլովակի հումորային տարբերակն էր:

Առաջին երգը գրել եմ հինգերորդ դասարանում՝ Դավթաշենում: Առաջին անգամ ձեռքս կիթառ վերցրեցի՝ առանց ակորդները իմանալու ու սկսեցի ստեղծագործել: Տարիներ հետո պարզվեց, որ լյա մինորն էր: Բայց էդ երգերը հիմա չկան, կասետները կորել են: Իսկ առաջին լուրջ երգը արդեն Քելբաջարում եմ գրել, ծառայության ժամանակ:

Երևանի մասին բոլոր արժեքավոր երգերը մինչև իմ ծնվելն են գրվել: Դրա համար իմ տեսածն ու իմ լսածը լրիվ տարբեր են: Հիմա էն Երևանը չի, որի մասին երգվում էր էն երգերում:

Երևանի մասին ա «Կարմիր տուֆից ջունգլիներ» երգս: «Իմ գեղեցիկ, սիրելի Երևան» կոնտեքստում երբեք չեմ տեսել մայրաքաղաքս: Հակառակը՝ բողոքով եմ տեսնում: Իմ աչքերում Երևանը հենց այնպիսին ա, ինչպես երգում եմ այս երգում:

Երևանում ինձ չէի թույլ տա աշխատել այնտեղ, որտեղ աշխատել եմ, օրինակ՝ ԱՄՆ-ում ապրած տարիներին: Բանվորություն, մատուցող… դա աննորմալ է այստեղ: Փոքր երկրների խնդիրն այն է, որ քեզ քննադատում են նրանք, ովքեր այդ ոլորտից շատ հեռու են: Քեզ քննադատում են հենց նրանք, ովքեր չկան ռոք երաժշտության մեջ:

Երևանում կա ընտանիք, ջերմություն: Այլ տեղերում ամեն ինչ հաշվարկով ա: Մեզ մոտ շատ են արժեքները: Երրորդ պորտ մորքուրը մեզ ավելի մոտ ա, քան ուրիշ երկրներում մայրերը:

Երևան քաղաքը ինձ համար կարծես աշխատանքի վայր լինի: Մշտապես լարված եմ այստեղ: Աշխատում եմ քաղաքի համարյա բոլոր կետերում: Կարող եմ հանգստանալ միայն Երևանից դուրս:

Ինձ համար մեր քաղաքի ամենասիրուն վայրերից ա Կասկադը: Բայց ինձ միշտ նյարդայնացնում է էդ շինության կիսատ վիճակը: Սպասում եմ՝ երբ են վերջապես, ավարտելու ու վերջնական տեսք տալու Կասկադին, բայց եսիմ քանի տարի ա անցել՝ վերջը ինչ-որ չի երևում: Ուշադրությունս միշտ էդ կողմն ա: Էդքան անհամբեր մեկ էլ սպասում եմ՝ նախկին «Կուկուռուզնիկի» տեղում ինչ կկառուցվի:

Էս վերջերս տեսա «Հաղթանակ» զբոսայգու նոր նախագիծը: Չգիտեմ, վերջը էդպես էլ կսարքեն, թե մի ուրիշ ձև, բայց մի բան անել հաստատ պետք ա: Ոչ մի լավ քաղաք իրավունք չունի չունենալ լավ գազանանոց ու զբոսայգի: Թե չէ՝ շենք, ասֆալտ, ավտո ու չկա մի բնական տեղ: Այգիների բացակայության պակասը լուրջ զգում եմ մեր քաղաքում: Եղածները արդեն ոչ թե այգի են, այլ ասֆալտի մեջ փոքր կանաչ օազիսներ, որտեղ աղջիկները միևնույն ա՝ պետք ա բարձրակրունկ կոշիկներով քայլեն:

Մոնումենտից երբ ներքև ես իջնում, վերևից երևում են կենտրոնի բոլոր կտուրները, որոնք տարբեր անդուր գույների են: Արդեն վաղուց երազում եմ, որ դրանք մի գույնի ներկվեն, ցանկալի ա՝ վարդագույն, որովհետև դա մեր քաղաքի գույնն ա:

Երևանում սիրած վայր չունեմ, բայց ունեմ իմ փոքր Երևանը՝«Ավանգարդ Ֆոլք» ակումբը: Այ էստեղ ինձ լրիվ տանն եմ զգում: Այստեղ է մեր քաղաքի ամենահումորով, ամենառոքային վայրը: Չնայած Dorians-ի շնորհիվ ինձ համար ամենառոքային վայրերից մեկը Stop ակումբն է դարձել, հաճախ եմ գնում: Ընդհանրապես, քաղաքում մի քանի փաբ կա, որ վերջերս եմ հայտնաբերել, ու ինձ հոգեհարազատ են: Բայց ինձ երբեք չի հաջողվում արագ կողմնորոշվել, թե ուր գնալ, եթե մի բան եմ ուզում ուտել կամ խմել: Ժամեր են անցնում:

 

Այս թեմայով